«Մենք Հայաստանի հետ ունենք լավ քաղաքական երկխոսություն, նաև հաջող երկխոսություն ենք ծավալում անվտանգության ոլորտում: Մենք ողջունում ենք Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին»,- այսօր Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանատան, Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության բաժնի կողմից կազմակերպված «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր նպատակներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի Միջազգային աշխատակազմի Քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի անդամ Շտեֆեն Էլգերսմանը:
Մոտ երկու տասնամյակ Հայաստանը ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների անդամ է: Այս փաստը Հյուսիսատլանտյան դաշինքը ներկայացնող պաշտոնյային հիմք է տալիս հայտարարել`ակնհայտ է, որ ոչ մի անհամատեղության հարց չկա ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով: Ավելին, Հայաստանն, այդ առումով միակը չէ: Կան նաեւ այլ երկրներ, որոնք սերտ համագործակցում են ՆԱՏՕ-ի հետ, բայց այլ կազմակերպության անդամներ են: Այս առումով, Շտեֆեն Էլգերսմանը հայտարարեց, որ հարաբերությունների զարգացման «կարմիր գծեր» չկա: Թե ի՞նչ ինտենսիվությամբ եւ մինչեւ ո՞ւր զարգացնել այդ հարաբերությունները`բացառապես Հայաստանի որոշելիքն է:
Դիտարկմանը, որ ունենալով չլուծված կոնֆլիկտ` Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ անդամ:, Շտեֆեն Էլգերսմանը հակադարձեց. «Կգա մի պահ, երբ Վրաստանը կդառնա ՆԱՏՕ անդամ, դրա համար կարևոր է, որ լուծի իր հակամարտությունները արդեն նախանշված եղանակով` խաղաղ ճանապարհով»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, թե Թուրքիան Հարավային Կովկասում մեծ հավակնություններ ունի, և քանի որ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ, արդյոք վերջինս չի՞ փորձելու զսպել Թուրքիայի ախորժակը, Շտեֆեն Էլգերսմանը պատասխանեց, որ տրամաբանական է՝ Թուրքիան իր հետաքրքրություններն ունի Հարավային Կովկասում, որովհետև ՆԱՏՕ–ի անդամ ամենամոտ երկիրն է, որ մոտ է գտնվում Հարավային Կովկասին։
Ավելի ուշ իր ելույթում Շտեֆեն Էլգերսմանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն ԼՂՀ-ում չի կարող փոփոխություններ անել, նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերություններին չի կարող միջամտել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ