Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Լեւոն Զուրաբյանին, ահա, թե ինչու

Նոյեմբեր 09,2015 12:45

«Սոցիալական ցանցերում, մասնավորապես, Ֆեյսբուքում, Դուք փորձում եք ձեռնոց նետել «ոչ»-ի կողմնակից Լեւոն Զուրաբյանին, ի՞նչն է առիթ դարձել. «Առավոտի» հարցին ԵՊՀ դոցենտ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ԲՀԿ անդամ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց.

-Այդ անձնավորության հետ հանդիպելն իմ ծրագրերի մեջ երբեք չի եղել: Բայց երբ նա հասարակության ուշադրությունը շեղում է իր համար նախընտրելի ինչ-որ պնդումների ուղղությամբ, բացարձակ առարկայական նյութ չդնելով իր սրտաճմլիկ քարոզի մեջ, դա զայրույթ է առաջացնում` որպես իրավաբան, որպես հասարակության անդամ: Պատրաստ եմ բանավիճել ցանկացած հեռուստատաղավարում: Ձանձրալի է լսել այդ նույն ձայնը` նույն շեշտադրումներով: Ինչքան կարելի է` լուրջ դեմքով անլուրջ բաներից ճառել. նա ֆետիշացնում է իր կարծիքը, տառապում է իր անսխալականության մասին ինքնախաբեությամբ, կարծում է, թե իր մտքերը բացարձակ ճշմարտություն են, ինչպես` Աստվածաշնչի դրույթները: Նա դեմ է, քանի որ դեմ է. ոչ, քանի որ ոչ… Թող բարի լինի հիմնավորել:

Ստացվում է, որ եթե ասենք, նախագծում ամրագրվեր, թե Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է կազմի նվազագույն սպառողական բյուջեի առնվազն եռապատիկը (մոտ 170.000 դրամ), ապա իրենք դարձյալ դեմ են, քանի որ նախագիծը ներկայացրել է ՀՀ նախագահը: Բա սա առողջ ու ժողովրդաշահ մտածելակե՞րպ է…

«Ոչ»-ի ճակատի կարկառուն ներկայացուցիչներին հիշեցնեմ. ես չգիտեմ՝ Լեւոն Զուրաբյանը քանի տարեկան է, նրա անձնական կյանքով չեմ հետաքրքրվել: Դատելով արտաքինից, եթե նա գոնե իմ տարիքին է, և նրա բանական կյանքը չի սկսվել 1995-ից հետո, ապա պետք է հիշի, թե ինչպիսի ընտրություններ էին կազմակերպում եւ անցկացնում իր «իրավանախորդները» 1995 թվականին: ԱԺ ընտրությունների ժամանակ այդպիսի տեռոր, որ թույլ էր տրվում քաղաքացիների ազատ կամքի դրսեւորման նկատմամբ, գուցե Հայաստանի հետագա ամբողջ պատմության ընթացքում այլեւս չկրկնվի: Ես այդ ամենը տեսել եմ իմ աչքերով:

Տեսել եմ,  թե ինչպես էին կազմակերպվում ընտրությունները, երբ որ հարազատ զավակին մեկուսացրեցին իր ծնողի ընտրությանը մասնակցելուց, բռնի ձեւով, սպառնալիքներով: Ես չեմ սրբացնում որեւէ մեկին, չկա նման խնդիր, ոչ էլ այդպիսի սովորություն ունեմ, բայց այսօր որեւէ մեկը կարո՞ղ է ասել, թե իրեն ծեծով ու սպառնալիքով տարան ընտրության կամ արգելեցին մասնակցել ընտրությանը: Երբ խոսում են բյուրեղյա ընտրություններից, թող ոչ հեռավոր անցյալը հիշեն, թե իրենք ինչպես էին անցկացնում նախընտրական ու ընտրական խաղերն ու խաղարկությունները:

Ընդդիմադիր քարոզիչները նաեւ խոսում են, թե այստեղ ընդամենը վերարտադրության խնդիր է լուծվում: Իսկ կներեք, իրենք չե՞ն ուզում վերարտադրվել: Ի՞նչն է ընդդիմության վերջին 10-12 տարիների փորացավը… Ես այն կարծիքին չեմ, թե այստեղ դրված է ընդամենը վերարտադրման խնդիրը: Գործող Սահմանադրությունն էլ առանձնապես մեծ խոչընդոտներ չի ստեղծում վերարտադրվելու համար: Խոսողները չե՞ն ուզում վերարտադրվել:Այդ ո՞ր օրգանիզմը չի ուզում վերարտադրվել: Սկսած մարդուց, ինչո՞ւ է մարդն ամուսանում` որպեսզի վերարտադրվի: Այլ է, թե այդ ցանկությունն ինչ մեթոդներով, բարոյականության ու մտավոր ինչ պաշարով է արվում:

Չեմ հավատում, որ Զուրաբյաններին շատ է հուզում ազգիս վիճակը: Եթե նա ժողովրդի հանդեպ հարգանք ու պատասխանատվության զգացում ունենար, նա իրեն թույլ չէր տա անպատրաստ ու անիրազեկ հանդես գալ այդ նույն ժողովրդի առաջ, փորձեր ապակողմնորոշել նրան: Երբ իր իրավանախորդներն էին իշխանության ղեկին՝ ամեն ինչ անում էին վերարտադրման համար: Այսօր էլ են փորձում վերականգնել իրենց նախկին վիճակը: Սա է Զուրաբյանների ցասումնառատ ելույթների շարժառիթը: Կորցրածն են ողբում` մոռանալով ԽՍՀՄ-ի ժամանակների հայտնի ասույթը` «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30