Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կտրոնը չգտնեի, 1 ամսվա թոշակս պետք է տայի ու սոված նստեի՞

Նոյեմբեր 09,2015 14:00

Ճանապարհային ոստիկանությունում շարունակում են
անհետանալ վարորդների վճարած ակտերի գումարները

Ինչպիսի բարեփոխումներ էլ որ ոստիկանության համակարգում լինեն, միեւնույն է՝ վարորդների վճարած տուգանքների հարցն այս կառույցում ոչ մի կերպ չի լուծվում:
Եթե ակտի համար վճարած կտրոնը շփոթվել՝ չես պահել եւ չես էլ հիշում, թե որ բանկով կամ ծառայությունով ես վճարել, ստիպված կլինես կրկնակի վճարել, այն էլ՝ տոկոսներով հանդերձ, որովհետեւ ճանապարհային ոստիկանությանը կամ արդեն ԴԱՀԿ-ին ոչ մի կերպ չես կարող ապացուցել, որ կատարածդ խախտման համար արդեն վճարել ես: Ոստիկանության ծրագրային բազայից վճարումներդ չգիտես ինչպես եւ ինչ պատճառներով՝ անհետանում են:

Եթե մեկ տարի առաջ այս կառույցի պատասխանատուները պատճառաբանում էին, որ ծրագրային խնդիր է, ապա հիմա ոչ մի պատասխան չեն տալիս, եւ երբ կտրոնդ պատահաբար գտնում ու ներկայացնում ես՝ ապացուցելով, որ վճարել ես, անգամ ներողություն չեն խնդրում, որ քիչ չէ՝ վճարումդ «կորցրել» են, մի բան էլ ավելորդ քաշքշուկների մեջ են գցել, նյարդային ապրումներ պատճառել: Այ այսպիսի քաշքշուկների եւ ապրումների մեջ է ընկել քաղաքացի Արամ Հարությունյանը, որը 10 հազար դրամանոց խախտում է արել, սակայն սահմանված ժամկետում տուգանքը պարտաճանաչ վճարել է: Խախտումը վարորդ Հարությունյանն արել է 2013-ի օգոստոսի 7-ին, ուշագրավն այն է, որ 2013 թվականի հոկտեմբերի վերջերին, երբ Արամ Հարությունյանը մեքենան վաճառել է, որեւէ արգելանք, պարտք ու պահանջ մեքենայի հետ կապված չի եղել: Սակայն մոտ 10 օր առաջ, երբ Արամ Հարությունյանը ցանկանում է ստանալ կենսաթոշակը, չի կարողանում, պարզվում է, որ այն արգելանքի տակ է: Հարկադիրում քաղաքացուն հայտնել են, որ չվճարած ակտի պատճառով է, եւ որ 10 հազար դրամը երկու տարվա ընթացքում տույժ ու տուգանքներով ավելացել դարձել է 50 հազար դրամ, հինգ հազար էլ՝ սպասարկման գումար: Ի դեպ, այդ ամիսների, տարիների ընթացքում քաղաքացուն որեւէ կերպ տեղյակ չեն պահել, որ նրա ակտը կրկնապատկվում, եռապատկվում, քառապատկվում է:

«Ես այդ գումարը վճարել եմ բանկում, բայց կտրոնը չեմ պահել՝ մտածելով, որ էլեկտրոնային է եւ տեղ է հասնում, 10 օր առաջ գնում եմ թոշակս ստանամ, տեսնում եմ՝ հաշիվներս կալանքի տակ են: Հարկադիրն ասաց, որ պետք է գնամ ոստիկանություն, քանի որ արգելանքի մասին թերթիկները վարչությունից են ստանում»,- պատմում է Արամ Հարությունյանը: Փայլուն իմանալով որ իրենց համակարգում նման խնդիր հաճախ է պատահում, վարչության աշխատակիցները վարորդ Հարությունյանի հավաստիացումներին, որ ինքը ակտը ժամանակին վճարել է, արձագանքել են՝ դե, որ մուծած լինեիք, այս ակտը չէր գա:

Արամ Հարությունյանը մտաբերում է, թե որ բանկում է գումարը վճարել, եւ փորձում է վերականգնել կտրոնը: Բարեբախտաբար, նույն բանկից կտրոնը վերցնում է եւ արդեն փաստացի ապացույցով մոտենում ոստիկանություն, ԴԱՀԿ: Արամ Հարությունյանը հարկադիրում էլ նկատել է, որ հենց այդ պատճառով մեծ հերթեր են, որ վարորդներն «իրենց ճղում» են, բայց չեն կարողանում ապացուցել, որ ակտի համար վճարել են:
Վարորդներն արդեն լուրջ կասկածներ ունեն, որ ոստիկանությունը միտումնավոր է ակտերի գումարները «կորցնում», որ ով կտրոն ունենա՝ տակից դուրս գա, իսկ ով կտրոնը կորցրած լինի՝ կրկին վճարում անի:

«Նախ ինչո՞ւ չեն տեղեկացնում, որ ակտը կրկնապատկվում է, հասնում ԴԱՀԿ, եւ հետո՝ եթե ես կտրոնը չվերականգնեի, պետք է տանեի 55 հազար դրամ վճարեի, այսինքն՝ իմ մեկ ամսվա թոշակը տայի, բա ես ինչո՞վ էի ապրելու մեկ ամիս, սոված նստելո՞ւ էի: Իհարկե, սա որեւէ մեկին չի հետաքրքրում, նրանք իրենց գումարների տերն են»,- վրդովված ասում է Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ նման դեպքերում ոստիկանությունը պետք է պատասխանատվություն կրի, որ քաղաքացուն այդքան քաշքշուկների մեջ է գցել ու բարոյական վնաս հասցրել:

Ոստիկանության պատասխանատուները վստահեցնում էին, որ այս հարցը լուծվել, է սակայն փաստ է, որ վարորդներն իրենց բան ու գործը թողնում՝ ճանապարհային ոստիկանություն-ԴԱՀԿ-ճանապարհային ոստիկանություն ճանապարհն են բռնում:

Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
07.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արշակ says:

    Միանշանակ պետք է պատասխան տան ծախսած ժամանակի, ներվերի, քաշքշուկի, ոստիկանական աշխատակիցների մուննաթի և ամեն ինչի համար, ու ծախսերն էլ հատուցեն տաքսիով գնալ գալու, աշխատանքից բացակայելու և այլնի, Դահկն էլ հետը պիտի պատասխան տա…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30