Երիտասարդական պալատի ճակատագիրն ի՞նչ է լինելու, արդեն տարիներ են անցնում, կա՞ն ծրագրեր: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Մի շարք նման կառույցներ՝ կայարանի մոտ կիսակառույցը, Երիտասարդական պալատը, Սեւան հյուրանոցը, Ամիրյան փողոցի կիսակառույցը, մեզ այս ընթացքում հաջողվել է մի շարք ծրագրեր դրանց հետ կապված սկսել: Մասնավորապես, Սեւան հյուրանոցի շինարարությունն եկող տարի սկսվի, պայմանագրերն են հիմա արվում, ծրագիրն արդեն սկսվել է, Ամիրյան փողոցի կիսակառույցի աշխատանքներն են սկսել, իսկ Երիտասարդական պալատի հետ կապված որեւէ նոր տեղեկատվություն չկա: Բայց մենք շուտով ներկայացնելու ենք ԱԺ օրենք Երեւանի կենտրոնի մասին եւ այդ օրենքում խիստ պատժամիջոցներ են նախատեսված այդ կարգի շինությունների համար: Դա միակ ճանապարհն է՝ խնդիրը լուծելու: Մենք նախատեսել ենք, որ եթե 2 տարի անընդմեջ շինարարությունը չի իրականացվում, խոշոր տուգանքներ կլինեն»:
Լրագրողների դիտարկմանը, որ Երիտասարդական պալատն այս տխուր վիճակում է, որովհետեւ ձեռնտու է այնտեղ որոշ օլիգարխների ավազ արդյունահանել, հանք կա այնտեղ, ինչպես Եռաբլուրը, որը արդեն երկբլուր է դարձել՝ նախարարը արձագանքեց. «Ցանկություն չունեմ կառուցապատողի փաստաբանի դերում լինել: Մտահոգությունը կիսում եմ»:
Նա հայտարարեց. «Ինչ-որ մի տեղ ես բավարարվածություն ունեմ զուտ այն պատճառով, որ չէի ուզենա, որ այն նախագիծը ճապոնական, որը մրցույթում հաղթել է, կառուցվեր: Այդ մասով ես անձնապես բավարարված եմ, որ այդպիսի օտար, Երեւանի հետ ոչ մի կապ չունեցող շինությունը չլինի: Դա ոչ միայն ինձ չի բավարարում, այլեւ իմ գործընկերներին: Դա մի անհասկանալի խոշոր, ահռելի կառույց է, բնակելի տուն, չգիտես ինչու՝ բոլորովին օտար լեզվով՝ ե՛ւ իր կոմպոզիցիայով, ե՛ւ ճարտարապետական տեսքով»:
Մեր հարցին՝ այսինքն, դուք քննադատո՞ւմ եք մրցույթը կազմակերպողներին, ինչո՞ւ այդ նախագիծը հաղթեց մրցույթում, եթե այդքան վատ նախագիծ էր եւ Երեւանին հարիր չէր՝ նախարարը պատասխանեց. «Մրցույթ էր, ժյուրի կար եւ դա ժյուրիի իրավունքն էր որեւէ մեկին ընտրելու: Հիմա պատվիրատուն չի էլ պատրաստվում դա անել, չի էլ պատվիրել: հավանաբար շահութաբեր չէր»:
Կարդացեք նաև
Կրկեսի հետ կապված նախարարն ասաց, որ բավականին բարդ շինարարություն է դա լինելու. «Ինքը տեխնոլոգիապես բարդ է, շինարարությունն այս պահին ընթանում է ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: Իմ տվյալներով, դա պետք է ավարտվի 2016-ի վերջին, 2017-ի սկզբին»:
Նա վստահեցրեց, որ կրկեսի մոտ կառուցված հյուրանոցը բացարձակ կապ չունի կրկեսի հետ. «Կրկեսը կառուցվել էր 50-ականներին եւ շինարարական իմաստով ավելի մեծ ծախսեր էր պահանջելու, քան նույն բանը նորից կառուցվեր: Այն նախատեսված չէր քանդել, պարզվեց, որ նրա կոնստրուկցիաները շատ բարակ եւ մաշված էին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ