Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ՝ մարդիկ իմանան, որ Հայաստանում կան գործատուներ, որ կարող են հղի կնոջ հետ այդպես վարվել»

Նոյեմբեր 09,2015 13:30

Գործատուն հղի կնոջը ազատել է մեկ օր անհարգելի բացակայության հիմքով

Հասմիկ Մարտիրոսյանը «Առավոտ»-ին է դիմել իր հետ պատահածը բարձրաձայնելու միջոցով արդարությունը վերականգնելու համար: Խնդիրն իր եւ իր նախկին գործատուի միջեւ է եղել: Պատմում է, որ ինքը երկու ընկերություններում հաշվապահ է աշխատել, մեկում՝ որպես հիմնական աշխատող, մյուսում՝ «Ֆորում» բիզնես կենտրոնում, աշխատել է համատեղության հիմունքներով: Մի քանի ամիս առաջ հղիացել է, այդ մասին իր երկու գործատուներին հայտնել: Ասում է, որ հիմնական աշխատավայրում խնդիր չի եղել, կարծել է, որ մյուսում եւս խնդիր չի առաջանա:

«Գարծատուիս բանավոր ներկայացրի՝ մտածելով փոքր ընկերություն է, խնդիր չէր լինի: Դեռ հունիսն էր: Ասացի, որ կգա ժամանակ, որ աշխատանքներին հետեւել չեմ կարողանա, բայց ժամանակավոր կլինի: Քանի որ ինձ օգնող կար, ես երկու աշխատավայրերերում էլ պայմանավորվել էի, որ ֆիզարձակուրդից ընդամենը մի քանի ամիս հետո կվերադառնամ աշխատանքի: Մինչեւ հոկտեմբեր ոչ մի խոսակցություն չի եղել»,- պատմում է Հասմիկ Մարտիրոսյանը: Ասում է, որ այդ ժամանակ, արդեն հղիության հինգ-վեցերորդ ամսում, ինքը առողջական խնդիրներ է ունենում, պառկում է հիվանդանոցում:

«Եթե չեմ սխալվում, ես եմ զանգել, զգուշացրել, որ առողջական խնդիր ունեմ, չեմ կարող ներկայանալ: Սկզբում ես հիվանդանոցում չորս-հինգ օր մնացի, հետո չնայած որ բուժման փուլում էի, բայց կարող էի դուրս գալ, որոշեցի գնալ աշխատավայր, զգացի, որ ինչ-որ խնդիրներ կան,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում,-Երբ գնացի աշխատավայր, ահավոր մի բան սկսվեց: Հիմա էլ, որ հիշում եմ, ինձ վատ եմ զգում, ինձ ստիպում էին, ամեն կերպով համոզում էին, որ աշխատանքի ազատման դիմում գրեի: Ես էլ իրենց բացատրում էի, որ նորմալ եկել, աշխատել եմ, ի՞նչն է խնդիրը, որ ցանկանում են ինձ զրկել ֆիզարձակուրդ ստանալու իրավունքից»: Հասմիկ Մարտիրոսյանն ափսոսում է, որ գործատուին բանավոր է տեղեկացրել իր հղիության մասին, վստահել եւ մտածել է, որ խնդիրներ չեն լինի. «Իմ հղիությունն արդեն հինգ-վեցերորդ ամսվա մեջ էր եւ ակնհայտ երեւում էր, որ հղի եմ: Իհարկե ասում եմ՝ այդ պաշտոնական փաստաթուղթը, տեղեկանք կոչվածը, որը պետք է հաստատեր, որ հղի եմ, ես իրենց չեմ տվել՝ մտածելով, որ բոլորս իրար գիտենք, հղիությունն էլ տեսանելի է, չի կարող խնդիր լինել: Փաստորեն հաշվապահ լինելով, ամբողջ օրը փաստաթղթերի մեջ լինելով՝ վստահեցի մարդկանց եւ խաբվեցի»,- ասում է նա:

Պատմում է, որ վերը նշված օրը գործատուի հետ խոսակցությունից հետո ինքն իրեն վատ զգաց. «Ինձ շատ վատ դրության մեջ դրեցին, ձեռքերս դողում էին, ինձ ստիպում էին, որ դիմումը գրեի, բայց ես պարզապես դուրս եկա եւ գնացի տուն: Հետո նրանք ինձ ուղարկեցին ծրար՝ մեջը աշխատանքից ազատման մասին հրամանն էր, պատճառը աշխատանքից բացակայելն էր՝ չնայած որ ես դեռ հիվանդաթերթիկի մեջ էի, ինձ դեռ հիվանդանոցից դուրս չէին գրել: Երբ իրենց մոտ էի, ասացի, որ ես հիմա ներկայացել եմ, բայց հիվանդաթերթիկի մեջ եմ, դեռ իրենց չեմ ներկայացրել, որովհետեւ ժամկետը դեռ լրացած չէ: Բայց այդ հանգամանքն էլ հաշվի չառնելով՝ հենց հիվանդաթերթիկի միջանկյալ ժամանակահատվածում ընկերությունը փոստով ուղարկեց ծանուցում, որ ես աշխատանքից ազատվել եմ՝ աշխատանքի չներկայանալու պատճառով»:

Մեր զրուցակիցը պատմում է, որ այդ ընթացքում եղած առողջական խնդիրներին գումարվեց գործատուի պատճառով առաջացած նյարդային վիճակը: «Այդ նյարդային վիճակը բերեց նրան, որ ուրիշ ավելի լուրջ խնդիրներ ունեցա: Ես հիմա պարզապես ոչ մի իրավական փաստաթուղթ չեմ կարող ներկայացնել, որ իրենց վերաբերմունքի պատճառով շատ լուրջ խնդիրներ ունեցա…իմ բալիկը ծնվեց խնդրով եւ մահացավ… Դա ինձ ուժ տվեց, որ պայքարեմ,- պատմում է Հասմիկ Մարտիրոսյանը,- Ես տեսնում եմ իրենց մեղավորությունը, պարզապես չունեմ այդ հիմնավորումը փաստաթղթերով: Իմ վիճակը կտրուկ վատացել է իրենց պատճառով, բայց ես գիտակցում եմ, որ դա չեմ կարող ապացուցել: Ես ինքս որպես մարդ տեսել եմ, զգացել եմ, որ նման խնդիր կա»:
Այժմ Հասմիկ Մարտիրոսյանը դատարան է դիմել իր աշխատանքային իրավունքները վերականգնելու համար: Ասում է, չնայած որ իր գործատուն դատարան է ներկայացրել մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրեն կանչել են աշխատանքի չներկայանալու համար բացատրություն պահանջելու, այդպիսի բան չի եղել, նրան ազատման մասին որոշում են ուղարկել՝ առանց իրենից բացատրություն պահանջելու: Այդ հիմքով էլ հիմա գործը դատարանում է: Նա նաեւ գործատուից պահանջում է ֆիզարձակուրդի հետ կապված վճարումները:

«Ես բավական ապահովված մարդ եմ, հիմա էլ աշխատում եմ եւ քիչ գումարներ չեմ վաստակում, այստեղ հարցը փողը չէ: Պարզապես ցանկանում եմ, որ խնդիրը բարձրաձայնվի, մարդիկ իմանան, որ Հայաստանում կան գործատուներ, որ կարող են հղի կնոջ հետ այդպես վարվել»,- ասում է նա:

«Ֆորում բիզնես կենտրոն» ՓԲԸ-ին սպասարկող իրավաբան Տիգրան Նաղդալյանը, որն այս խնդրով դատարանում ներկայացնում է ընկերության շահերը, «Առավոտի» հետ զրույցում հերքեց, որ «Ֆորում բիզնես կենտրոնի» ղեկավարությունն իմացել է Հասմիկ Մարտիրոսյանի հղիության մասին: «Բանավոր համաձայնություն չի եղել, որ նա հղի է եղել, այդ մասին փաստաթուղթ նա չի ներկայացրել: Նա համատեղությամբ էր աշխատում, օրական մեկ ժամ պետք է ներկայանար աշխատավայր, տեւական ժամանակ է՝ չէր ներկայացել, այդ պատճառով էլ աշխատանքից ազատվել է»,- ասում է նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ Հասմիկ Մարտիրոսյանին աշխատանքից ազատման հիմքը մեկ օր անհարգելի բացակայությունն է եղել:

Իրավաբանը նշում է, որ հակառակ կողմի ներկայացրածը կենցաղային է, ինքը գերադասում է փաստերով խոսել: Պնդում է, որ հղի կնոջը աշխատավայր կանչել եւ տեղեկացրել են իր՝ աշխատանքից ազատվելու մասին: Ըստ Տիգրան Նաղդալյանի՝ Հասմիկ Մարտիրոսյանը ոչ մի հիմնավոր պատճառ չի ներկայացրել իր բացակայության համար, ասում է՝ չի էլ ասել, որ հիվանդանոցում է եղել, միայն հետո՝ դատարանում է ներկայացրել դա. «Հետո ինքը ներկայանում է բացատրություն տալու այն ժամանակ, երբ փաստաթղթերով գտնվում էր հիվանդանոցում»:

Այս գործով երկու կողմն էլ իրադարձությունների իրենց, ամբողջովին տարբեր վարկածներն ունեն, գործն արդեն դատաքննության փուլում է: Երկու կողմերն էլ մեզ հետ զրույցում վստահ են, որ դատարանի վճիռը հենց ի շահ իրենց կլինի: Հասմիկ Մարտիրոսյանը դեռ չի մտածել՝ իր իրավունքները վերականգնվելուց հետո կվերադառնա՞ «Ֆորում բիզնես կենտրոն», թե՞՝ ոչ. «Երեւի չեմ կարողանա այլեւս աշխատել նման բարոյապես վատ մթնոլորտում»,- ասում է նա:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30