Մի խումբ ազատամարտիկներ այս պահին հավաքվել են «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց եւ անազատության մեջ գտնվող իրենց մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանին հորդորում դադարեցնել հացադուլը:
Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի խոսքով՝ Վոլոդյա Ավետիսյանի կյանքը թանկ է եւ նրա կյանքը միայն իրեն չէ պատկանում, այլ ժողովրդին, հետեւաբար հարկ չկա հացադուլով կյանքը վտանգելու: Նրա խոսքով՝ դեռ ամիսներ առաջ որոշում կար Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին, բայց նման որոշում կայացնող վաղաժամ ազատման անկախ հանձնաժողովի անհայտ անդամները 3 րոպեով զրույց են ունեցել Վոլոդյա Ավետիսյանի հետ եւ անհայտ պատճառներով որոշումը չեղյալ է հայտարարվել:
Կարդացեք նաև
Պարոն Սարուխանյանը այստեղ էլ քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Մենք՝ ազատամարտիկներս, ինչպես նաեւ բազմաթիվ քաղաքացիներ գտնում ենք, որ հացադուլի հետ կապված ձեր քայլը լույս սփռեց վաղաժամ ազատման անկախ հանձնաժողովի անօրինական գործունեության վրա, ինչով հացադուլը ծառայեց իր նպատակին: Խնդրում ենք ձեզ՝ դադարեցնել հացադուլը, քանի որ դուք վտանգում եք ձեր առողջությունն ու կյանքը, որը պատկանում է նաեւ մեր հայրենիքին: Մեր հորդորն ուղղված է նաեւ ձեզ հետ հացադուլ հայտարարած մյուս ազատամարտիկներին՝ Գեղամ Ասատրյանին, Հովսեփ Պետրոսյանին եւ քաղաքացիական բարձր արժեքներով առաջնորդվող Փայլակ Խաչատրյանին: Հուսով ենք, որ մեր խնդրանքն ու հորդորը չի մերժվի»,- այս հայտարարությամբ հանդես եկան ազատամարտիկները քրեակատարողական հիմնարկի դիմաց: Գագիկ Սարուխանյանը ցանկանում էր մտնել ՔԿՀ՝ անձամբ տեսնելու հացադուլավորներին, բայց նրան տեղեկացրին, որ այս պահին դա հնարավոր չէ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ