Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարիերայի սկզբի համար ամեն ինչ կա մեր թատրոնում»

Նոյեմբեր 09,2015 13:00

Երիտասարդ բարիտոն Աբգար Սարգսյանը մերժել է «դրսի» հրավերները

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ վերջերս Կարագանդայում կայացած օպերետի 5-րդ միջազգային փառատոնի հայաստանցի միակ մասնակից, երիտասարդ օպերային բարիտոն Աբգար Սարգսյանը միանգամից հրաժարվել է թե Կարագանդայի եւ թե Կալինինգրադի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոններում աշխատելու հրավերներից: Սա այն դեպքում, երբ արվեստագետը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեռեւս անցյալ թատերաշրջանից հրավիրյալ մեներգիչ է, այսինքն՝ չի ընդգրկված մենակատարների խմբում:
Աբգար Սարգսյանի առաջնախաղը կայացել է ընթացիկ թատերաշրջանում՝ Մոսիի դերերգով՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայում, որից հետո նրան հանդիպեցինք Դան Կայրոյի դերերգով՝ Բիզեի «Կարմենում»:

Մեզ հետ հանդիպման ժամանակ երգիչն ասաց, որ այս պահին իրեն չեն հետաքրքրում նույնիսկ գայթակղիչ առաջարկները, քանի որ կարիերայի սկզբի համար ամեն ինչ կա մեր թատրոնում: Ապա ասածը մանրամասնեց. «Այս պահին պատրաստում եմ միանգամից 5 գլխավոր դերերգեր՝ Շարպլես՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում», Էնրիկո՝ Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուրում», Դուքս՝ Վերդիի «Տրավիատայում», Եվգենի Օնեգին՝ Չայկովսկու համանուն օպերաներում, ինչպես նաեւ Անտառապահ՝ Սոֆա Ազնաուրյանի «Չիկարելիի արկածները» մանկական ներկայացման մեջ»: Աբգար Սարգսյանը հավելեց նաեւ, թե իրեն գոհացնում է Ազգային օպերային թատրոնում առկա մթնոլորտը: Նրա ձեւակերպմամբ՝ «Ինձ խորհուրդներով, այդ թվում՝ բեմական շարժման, մեծ օգնություն է ցուցաբերում ճանաչված բարիտոն Գեւորգ Հակոբյանը, որի ղեկավարությամբ սովորել եմ Երեւանի կոնսերվատորիայի մագիստրատուրայում, զգում եմ նաեւ նվագախմբի ու երգչախմբի արտիստների աջակցությունը եւ, իհարկե, թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի բարյացակամ վերաբերմունքը:

Abgar_Sargsyan

Երգիչը՝ Ստավրոպոլի օպերետի թատրոնի պրիմադոննա Նատալյա Վինոգրադովայի հետ:

Բավական է ասել, որ նա երիտասարդներիս հետ անցկացնում է վարպետության դասեր եւ մինչ Ղազախստան մեկնելը ինձ օգնեց նաեւ այնտեղ ներկայացվող ծրագրի ընտրությամբ»:
Անդրադառնալով Կարագանդայում անցկացված միջազգային փառատոնին, մեր զրուցակիցը նշեց, որ մասնակցում էին 8 երկրներից ժամանած շուրջ 30 երգիչներ: «Գալա համերգին ներկայացրի Կալմանի «Բայադերա» օպերետից Ռաջամի արիան եւ Կալմանի «Սիլվա» օպերետից՝ Սիլվայի ու Էդվինի դուետը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Մարգարիտա Ալեքսանդրովայի հետ: Իսկապես մերժել եմ Կարագանդայի եւ Կալինինգրադի թատրոններից ստացված հրավերները»,- հայտնեց բարիտոնը: Կեսկատակ-կեսլուրջ հետաքրքրությանը, թե ինչ է ասել մերժելիս, մեր զրուցակիցը կարճ կապեց. «Ասել եմ՝ հայ եմ եւ ունեմ իմ թատրոնը»:

Abgar_Sargsyan-3

Տեսարան՝ «Կարմեն» օպերայից:

Աբգար Սարգսյանը տեղեկացրեց նաեւ Երեւանի կոնսերվատորիայում ուսանելու տարիներին Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում իր մասնակցությամբ օպերաների մասին, դրանք են՝ Պերգոլեզիի «Սպասուհին տիրուհի», Պուչինիի «Լուչիա դի Լամերմուր», «Ծիծեռնակ», Դոնիցետիի «Զանգակ» ներկայացումները եւ այլն: Ասաց նաեւ, որ նախկինում մասնակցել է հայաստանյան մի շարք մրցույթների ու փառատոների եւս:
Զրույցի ընթացքում արվեստագետը հիշեց նաեւ հայկական բանակում իր ծառայության տարիները: «Սպայի տան «Զորական» անսամբլի մեներգիչ էի, համերգներով քանիցս ելույթներ ենք ունեցել զորամասերում, այդ թվում՝ սահմանամերձ, իսկ մի անգամ ելույթ ունեցանք խրամատում, որը ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա էր գտնվում հարեւան երկրից: Իսկ 2010թ. անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջնորդությամբ մասնակցեցի Մոսկվայում կայացած զինվորական երգի Vivat Pobeda միջազգային փառատոնին, արժանացա հատուկ մրցանակի, որտեղ գրված է՝ բարձր պրոֆեսիոնալ կատարողական վարպետության համար: Արժանացա նաեւ ճանաչված երգիչ, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բորիս Գալկինի գովեստի խոսքերին, որը ինձ համար իսկապես մեծ արժեք ուներ…»,- հայտնեց օպերային երգիչը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30