Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եզդիական համայնքն ունի սպեցիֆիկ խնդիրներ»

Նոյեմբեր 09,2015 12:30

Ըստ «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի, դրանց մասին երկրի օրենսդիր մարմնում կարող է խոսել հենց ազգային փոքրամասնության ներկայացուցիչը:

Այսօրվա ամենաքննարկվելիք թեման սահմանադրական բարեփոխումներն են: ՀՀԿ-ական որոշ պատգամավորներ քանիցս նշել են, որ եթե որեւէ մեկը արտահայտում է սահմանադրական փոփոխությունների նախագծի հետ կապված բացասական կարծիք, ուրեմն ծանոթ չէ նրա բովանդակությանը: Նախագծի քննարկումներից անմասն չմնացին նաեւ ազգային փոքրամասնությունները: Ըստ նոր Սահմանադրության՝ պետք է ընտրվի 101 պատգամավոր, սակայն այս թիվը կարող է ավելանալ՝ կապված ազգային փոքրամասնություններին տեղեր հատկացնելու հետ:

Այս թեմայով զրուցեցինք «Եզդիների ազգային կոմիտե» հ/կ-ի փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանի հետ: «Նախ ձեւակերպումներից սկսենք: Ի՞նչ ասել է սահմանադրական բարեփոխում կամ փոփոխություն: Իրավաբանորեն սա սահմանադրական փոփոխությունների գործընթաց է, որը նախաձեռնվել է իրավիճակը դեպի դրականը փոխելու նպատակով: Այն, որ Հայաստանում առկա սոցիալ-տնտեսական եւ հասարակական խնդիրները ինչ-որ ձեւով լուծել է պետք, դա հստակ է: Այս պարագայում նոր Սահմանադրությունը կարող է դառնալ խնդիրների լուծման բանալի քայլը: Սա իմ անձնական կարծիքն է, իսկ համայնքի ընդհանուր կարծիք ասվածը ոչ ոք ճշգրիտ չի կարող արտահայտել, որովհետեւ մենք՝ հասարակական կառույցներս, ՀՀ օրենսդրությանը հետեւելով՝ այս քաղաքական պրոցեսին չենք մասնակցում, հասարակությանը կոչեր չենք անում միանալ այս կամ այն ճակատին: Սակայն մեր պարտքն ենք համարել հասարակությանը իրազեկել այս փոփոխությունների բովանդակային մասին, վերջնական ընտրությունը թողնելով յուրաքանչյուրի քաղաքացիական գիտակցությանն ու խղճին»,- ասում է պարոն Սուլթանյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում պատգամավոր ունենալու խնդրին, նրա ձեւակերպմամբ, այս ցանկությունն այսօր չի եղել եւ ոչ էլ երեկ. «ՀՀ Երրորդ Հանրապետության սկզբնավորումից ի վեր հայտնվել են գործիչներ, որոնք խոսել են այս մասին, նշել են, որ համայնքը ունի սպեցիֆիկ խնդիրներ, որոնց մասին երկրի օրենսդիր մարմնում կարող է խոսել հենց ազգային փոքրամասնության ներկայացուցիչը: Նույնիսկ 90-ականներին «ազատ ունկնդրի» կարգավիճակով որոշեցին համայնքի ներկայացուցչի ընդգրկել ԱԺ աշխատանքներում, սակայն սա էլ անարդյունավետ եղավ: Բարեբախտաբար, խնդիրը, հուրախություն մեզ, տեղ է գտել սահմանադրական փոխոփությունների նախագծում: Ինչպես արդեն նշեցի, մենք իշխանության կողմը չենք, որովհետեւ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս հ/կ-ներին զբաղվել քաղաքականությամբ: Սակայն մենք սահմանադրական փոփոխության այս փուլում էլ օղակ ենք հանդիսանում պետական մարմինների եւ համայնքի միջեւ: Իսկ պետական մարմինների հետ աշխատանքը համայնքային կազմակերպությունների համար կենսական նշանակություն ունի: Իհարկե, մեր համայնքում էլ կլինեն գործիչներ, ովքեր «դեմ» կամ «կողմ» կարտահայտվեն այս գործընթացին, բայց այս հայտարարությունները, մեղմ ասած, մերկապարանոց են: Որովհետեւ «դե յուրե» հ/կ-ի ղեկավարը իրավասություն ունի խոսել միայն իր կազմակերպության անունից»:

ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի

«Առավոտ» օրաթերթ
07.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30