Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անկախությունը եւ մեր մշակույթը

Նոյեմբեր 09,2015 12:00

Արմենչիկը, մյուսները եւ մենք

Մենք մի կողմից՝ փնովում ենք խորհրդային մշակույթը՝ ասելով ու կրկնելով, որ այն ժամանակ չկար խոսքի ազատություն եւ կար չափազանց խիստ գրաքննություն, բայց, մյուս կողմից էլ, մեծարում ենք բացառապես խորհրդային տարիների արվեստի հայ գործիչներին ու ստեղծագործողներին (Սարյան, Խաչատրյան, Չարենց, Սեւակ, Շիրազ, Հրանտ Մաթեւոսյան, Մինաս Ավետիսյան, Հակոբ Հակոբյան, Փարաջանով, Փելեշյան, Մանսուրյան, Տերտերյան եւ շատ ուրիշներ), որոնք, փաստորեն, ապրել եւ ստեղծագործել են խորհրդային ցենզուրայի առկայության եւ խոսքի ազատության բացակայության պայմաններում: Խոսքի ազատության բացակայության եւ խստագույն գրաքննության պայմաններում, փաստորեն, արվեստի կատարյալ նմուշներ ու գլուխգործոցներ են ստեղծել: Հետաքրքիրն այն է, որ նշածս մեծություններին ամենից ավելի անդրադառնում ու փառաբանում են նրանք, ովքեր այլ դեպքերում մամուլում ու ֆեյսբուքներում պարսավում ու պախարակում են խորհրդային ամեն ինչը, այդ թվում նաեւ՝ մշակույթը: Զուգահեռաբար, ձեռի հետ եւ առաջին հերթին պարսավում ու պախարակում են նոր սերնդի մշակույթի գործիչներին, ովքեր ապրում եւ ստեղծագործում են անկախացած Հայաստանում` խոսքի ազատության առկայության եւ գրաքննության բացակայության պայմաններում:

Տարօրինակ է, չէ՞: Փաստորեն, արդեն քառորդ դար է՝ Հայաստանում խոսքի ազատություն է, եւ չկա գրաքննություն, բայց մեր մշակույթն այդ հանգամանքներից ոչ թե շահել է, այլ, ընդհակառակը, հետ է գնացել: Կամ՝ շահել է, բայց մենք չենք նկատում: Այնուամենայնիվ, պետությունը նկատում է, եւ առաջվա պես արվեստի վաստակավոր գործիչների, վաստակավոր ու ժողովրդական արտիստների պակաս չկա: Մանավանդ՝ վաստակավոր արտիստների: Համենայնդեպս, տպավորությունն այնպիսին է, որ մանավանդ երգարվեստում վաստակավոր արտիստներն անհամեմատ շատ են, քան խորհրդային տարիներին: Հիմա կոչումներն ու շքանշանները հիմնականում տոների առթիվ են շնորհում, ընդ որում՝ փաթեթային տարբերակով:

Գաղտնիք չէ, որ խորհրդային տարիներին արվեստի գործիչները սոցիալապես ավելի ապահով վիճակում էին, քան հիմա: Ասածս, իհարկե, բոլորին չի վերաբերում: Հատկապես շոու-բիզնեսի ներկայացուցիչներն այսօր սոցիալապես ավելի քան ապահովված են, եւ հիմնականում նրանց են բաժին հասնում կոչումներն ու շքանշանները: Այսինքն՝ տոնի առթիվ կոչման ու շքանշանի արժանացած արտիստի համար տոնը, փաստորեն, կրկնակի տոն է դառնում: Ասածս, իհարկե, Արմենչիկին չի վերաբերում, քանի որ Արմենչիկի վաստակավորությունը հարամ արեցինք՝ մամուլով ու հիմնականում ֆեյսբուքներով:
Ասացի, որ երգարվեստի բնագավառում վաստակավորի կոչում ունեցողներն այսօր անհամեմատ շատ են, քան խորհրդային տարիներին: Դա, կարծում եմ, բնական է, որովհետեւ հիմա երգիչներն ու երգչուհիները տասնապատիկ ու հարյուրապատիկ շատ են: Նկատի ունեմ բացառապես նրանց, ովքեր պարբերաբար հանդես են գալիս ռադիոյով, հեռուստատեսությամբ ու համերգասրահներում:

Խորհրդային տարիներին ընդամենը մի հեռուստաալիք ունեինք, մի ռադիո եւ ընդամենը մի քանի երգիչ ու երգչուհի, որոնք հաստիքով ընդգրկված էին հիմնականում ռադիոյի ու հեռուստատեսության ժողգործիքների ու էստրադային անսամբլներում, ինչպես նաեւ երգի ու պարի պետական, ժողգործիքների պետական եւ Օրբելյանի պետական անսամբլներում, գումարած՝ Արեւ Բաղդասարյանն ու Հայրիկ Մուրադյանն իրենց խմբերով: Շուրջ երկու տասնյակից մի քիչ ավելի ժողովրդական ու էստրադային երգիչներ ու երգչուհիներ, որոնց իրավունք էր տրված հանդես գալ պետական ռադիոյով ու հեռուստատեսությամբ: Եվ բոլորը սիրված ու հարգված էին եւ հերթով կոչումներ էին ստանում՝ նախ վաստակավոր, հետո՝ ժողովրդական, եւ որեւէ մեկի կոչումը չէր հարամվում, որովհետեւ ոչ ազատ մամուլ կար, ոչ էլ ինտերնետ ու ֆեյսբուք: Կասեք, որ այն տարիներին ռաբիս երգիչներին վաստակավորի կոչում չէին տալիս: Եթե իրոք այդպես է եղել, էլ ինչո՞ւ ենք խորհրդային պետության մշակութային քաղաքականությունը քննադատում: Բայց ասածներս զուտ Արմենչիկին ու վաստակավորի իր կոչմանը չեն վերաբերում: Մի քանի տարի առաջ էլ Նունե Եսայանին ու Շուշան Պետրոսյանին էինք պախարակում, ինչ է թե՝ վերջիններս իշխանամետ էին եւ իշխող կուսակցության միջոցառումներում էին երգում: Ի՞նչ է՝ խորհրդային տարիներին Ռուբեն Մաթեւոսյանը, Նորայր Մնացականյանն ու մյուսներն ընդդիմադի՞ր էին, թե՞ հրաժարվում էին իշխանական կուսակցության միջոցառումներին երգել:

Եթե այն ժամանակ ազատ մամուլ ու ֆեյսբուք լիներ, համոզված եմ, որ Թաթային ռաբիս համարողներից շատերն այն ժամանակ էլ Գուսան Աշոտին, Գուսան Շահենին եւ նույնիսկ Հավասուն էին ռաբիս անվանելու:

Ինչ վերաբերում է Արմենչիկին ու վաստակավորի իր կոչմանը, ապա կարող եմ ասել, որ Արմենչիկն իր վաստակավորությամբ ընդամենը Ձախ Հարութին փրկեց, որովհետեւ եթե Արմենչիկին վաստակավորի կոչում չտային, Ձախ Հարութի վրա էինք հարձակվելու, չնայած, ընդունում եմ, որ այս երկուսի միջեւ տարբերությունն իսկապես մեծ է:
Իսկ մե՞զ վրա ով է հարձակվելու. ո՞վ է հարձակվելու այն հազարավորների վրա, ովքեր մեր ու սփյուռքի համերգասրահներն Արմենչիկի համերգներին բերնեբերան լցնում են:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ
07.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սովետական ժամանակները լավն էին, բայց` սխալ էին: Հիմա` ճիշտ է, բայց` բարդ է … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30