«Կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիրը, որը լուրջ մարտահրավերներ ունի տարածաշրջանի հետ, լուրջ խնդիրներ ունի Եվրասիական տնտեսական համագործակցության դաշտում եւ պետք է բանակցի որպես ՀՀ գլխավոր հրամանատար ու նախագահ, մենք զրկում ենք մեզ այդ իրավունքից»,- սահմանադրական փոփոխությունների մասին հեռուստաեթերով քարոզչության շրջանակներում ՀԱԿ տեսակետն է հայտնում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
ՀԱԿ-ի տեսակետը միանշանակ է. «Հայաստանն այն իրավիճակում չէ, որ իրեն զրկի ժողովրդի կողմից ընտրված նախագահի հնարավորությունից: Համարում ենք, որ այն համակարգը, որն առաջարկվում է, արկած է պարունակում, այն լուրջ ավանտյուրա է, որը քարուքանդ է անելու ոչ միայն մեր երկրի կառուցվածքն, այլեւ լուրջ արտաքին մարտահրավերների վտանգի առջեւ է մեր երկիրը բերելու»:
ՀԱԿ-ը կոչ է անում քաղաքացիներին ամեն ինչ անել, որ այս ավանտյուրան, որը մատուցվել է ինչ-որ քաղաքական ուժի, ինչ -որ մեկի կամքով, չանցկացնել. «Դեմ կանգնել սրան եւ ամեն ինչ անել, որ մեր երկրի անվտանգությունը վտանգող այս գործընթացը չիրականացվի»:
ՀՀԿ-ն, ընդհակառակը, հեռուստաեթերով կոչ է անում «այո» ասել ապագային միտված փոփոխություններին եւ մանրակրկիտ ներկայացնում է, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում նոր Սահմանադրությամբ:
Կարդացեք նաև
ՕԵԿ-ը սահմանադրական փոփոխությունների մասին նույնպես դրական չի արտահայտվում, բայց եւ չի հորդորում ոչ քվեարկել:
«Սահմանադրական փոփոխություններով նախատեսված վարչապետական համակարգն անընդունելի է, որովհետեւ մեկտեղվում են վարչապետի ու նախագահի լիազորությունները: Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հնարավորությունը կարող է ուղղակի քաղաքական մենաշնորհի հաստատման երաշխիք դառնալ, ինչը կվերացնի քաղաքական ցանկացած հակակշիռ: Այսինքն, էական վտանգ է պարունակում, երկիրը մեկուսացման կգլորվի, համակարգը կլճանա»,- ՕԵԿ-ի տեսակետն է հեռուստաեթերով ներկայացնում ՕԵԿ-ականը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ