Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նոր բիզնես նախագծեր են առաջարկում երիտասարդները

Նոյեմբեր 07,2015 20:29

«Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի ունեցավ «Armenia StartUp Cup Challenge 2015» մրցույթի կիսաեզրափակիչ փուլը:

Մրցույթի կազմակերպիչներից Սերգեյ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ հայտերն ընդունվել են գարնանը: Ընդհանուր առմամբ, ստացել են 66 հայտ, որոնցից ընտրվել են 25-ը, այնուհետև` 12-ը:

Կիսաեզրափակիչ փուլ անցած 12 մասնակիցներն այսօր ժյուրիին ներկայացրին իրենց նոր բիզնես նախագծերը: Ժյուրին էլ նրանցից 7-ին հնարավորություն տվեց պայքարը շարունակելու եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա նոյեմբերի 18-ին: Եզրափակիչ փուլում էլ 7-ից կընտրվեն լավագույն 3-ը, որոնք կպարգևատրվեն համապատասխանաբար` մեկուկես, մեկ և կես միլիոն ՀՀ դրամով: Հաղթողն իրավունք է ստանում մասնակցելու նաև 2016 թ. Սիլիկոնյան հովտում անցկացվելիք «World StartUp Cup»-ին:

Սերգեյ Գասպարյանը նշեց, որ այդ նախագծերը գնահատելիս հաշվի են առնում հատկապես այն, թե որքանով է բիզնեսը ռեալ նախ` հայկական, ապա` միջազգային շուկայում, ինչքանո՞վ է այն շահութաբեր, և արդյո՞ք սպառողների հետ որոշակի կապ արդեն կա հաստատված:

Ինչ վերաբերում է ներկայացված բիզնես նախագծերի հիմնական ուղղվածությանը, Ս. Գասպարյանն ասաց, որ գերակշռում է ՏՏ ոլորտը: «Սկզբում ընտրված 25 նախագծերից շատերն ուղղված էին գյուղատնտեսության զարգացմանը` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, բայց քանի որ մասնակիցները չկարողացան իրենց ծրագրերի վրա բավականաչափ լավ աշխատել, մրցույթից դուրս մնացին: Հիմա լավագույն 12-ի մեջ ունենք մի կազմակերպություն, որը ռոբոտներ է ստեղծում թռչնաբուծության համար: Մեկ այլ կազմակերպություն այնպիսի սարք է արտադրում, որը դնում են ջեռուցման համակարգի վրա, և երբ մարդիկ տանից դուրս են գալիս, սմարթֆոնից հաղորդագրություն է ուղարկվում այդ սարքին, այն ջերմաստիճանն իջեցնում է: Իսկ երբ մարդիկ արդեն մոտենում են տանը, նույն ձևով ջերմաստիճանը բարձրացնում է: Դրա օգնությամբ տան տերը կարողանում է նաև բավականին գումար խնայել: Հետաքրքիր է «Սմայլ» թիմը, որն արդեն ունի իր հաճախորդները: Նրանք թելերից խաղալիքներ ու հագուստ են պատրաստում երեխաների համար»,- ասաց Ս. Գասպարյանը:

Մրցույթի մասնակիցներից Ավագ Սայանն ու Արթուր Մովսիսյանը, օրինակ, արևային լիցքավորիչ պատյաններ են առաջարկում սմարթֆոնների համար. «Շուկայում այսօր կա և՛ Չինաստանի, և՛ արևմտյան երկրների կողմից արտադրված նմանատիպ ապրանք, բայց դրանք կարելի է օգտագործել 300-400 անգամ, իսկ մեր ստեղծածը թույլ է տալիս հեռախոսը լիցքավորել ավելի քան երկու տարի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ավագ Սայանը:

«Խելացի ոռոգման համակարգ» նախագիծը ներկայացնողներին էլ մտահոգում է ջրային ռեսուրսների սակավության խնդիրը. «Դա, առաջին հերթին, անդրադառնում է գյուղատնտեսության վրա, որովհետև ջրային ռեսուրսների մոտ 70%-ը ծախսվում է հողատարածքների ոռոգման վրա: Դրա համար էլ մենք որոշեցինք ներդնել ավտոմատացված ոռոգման համակարգ, որի դեպքում տվյալ հողատարածքում հողի խոնավության սենսորներ են տեղադրվում` հողի խոնավությունը չափելու համար, այնուհետև սենսորներից ստացված տվյալները հաղորդվում են ղեկավարման բլոկ: Այստեղ էլ, ստացված տվյալների համաձայն, կայացվում է որոշում, թե երբ ու ինչքան ոռոգում տրվի տվյալ բուսատեսակին»,- մեզ հետ զրույցում մանրամասնեց նախագծի ներկայացուցիչներից Անի Գևորգյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30