Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Սա ոչ թե Ուոլթերի կարապի երգն էր, այլ՝ ագռավի կռռոցը

Նոյեմբեր 07,2015 15:13

«Եվրոպայի խորհուրդը այսօր չէ, որ այդ տեսակի է եւ ունի այդ ուղղվածությունը», նոյեմբերի 7-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 4-ին ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ընդունվել է բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում»  հակահայկական զեկույցը:

Մասնավորապես՝ զեկույցում ամրագրված է, որ «Վեհաժողովը մտահոգված է և դատապարտում է 2014-ից սկսած Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի կողմից Ադրբեջանի այլ օկուպացված տարածքների շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ միջազգային սահմանին ռազմական գործողությունների իրականացումը»:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ առաջին տարին չէ, որ Ազգային ժողովի պատգամավորները մասնակցում են ԵԽԽՎ նիստերին, եւ վաղուց արդեն պետք է լիներ ինստիտուտ, որը նախապատրաստում է եւ միշտ աշխատում է պատգամավորների հետ. «Ցավոք սրտի, այս երեք հանգամանքները կարծես թե ամեն անգամ նորություն են դառնում, կարծես թե մենք զարմանում ենք, ապշած ենք մնում կամ կարկամած ենք, չգիտեն, թե ինչ ասեն: Իրականում, դա չի խոսում հօգուտ հայկական կողմի, դա խոսում է այն մասին, որ այդպես էլ չգտան ձեւը աշխատելու այն ոլորտում, որը կոչվում է պառլամենտական դիվանագիտություն: Այսինքն՝ մենք գործ ունենք շատ պարզ իրավիճակի հետ, որտեղ ոչ թե վերջում պետք է զարմանալ, այլ նախապես աշխատել»:

Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ հայկական լոբբին գրեթե բացակայում է Եվրոպայում՝ ի տարբերություն Միացյալ Նահանգների. «Այստեղ ոչ մի օղակ պատշաճ չի աշխատել, եւ այսօր պետք է երեւի բոլորիս շնորհավորենք, ավարտել է իր գործունեությունը ԵԽԽՎ-ում Ռոբերտ Ուոլթերը, եւ հասկանալի է, որ սա ոչ թե իր կարապի երգն է, այլ կներեք՝ ագռավի կռռոցը: Սպասվում էր, մենք դրա մասին խոսում էինք տարիներ շարունակ, այսինքն՝ որեւէ մի նորություն այդտեղ տեղի չի ունեցել, եւ չի ունեցել նաեւ, ցավոք սրտի, մեր կողմից, այսինքն՝ հայկական կողմը հերթական անգամ ցույց տվեց իր անօգնական լինելը: Սա հստակ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30