Եթե մինչեւ վերջերս դոլարը արժեզրկվում էր, ապա այժմ արժեւորման վարքագիծ է դրսեւորում։ Ավելի քան մեկ ամիս դոլարի գինը տատանվում էր 470 դրամի շրջակայքում։ Մի պահ նույնիսկ արժեր 468-469 դրամ։ Բայց արդեն ամերիկյան արժույթը ավելի քան 12 դրամով հետ է բերել կորցրածը։
Փոխանակման կետերում երեկ առավոտյան դոլարի գինը տատանվում էր 478,5-480 դրամի սահմաններում։ Կարճ ժամանակ անց բարձրացավ դոլարի վաճառքի գինը։ Առանձին փոխանակման կետեր սկսեցին ամերիկյան արժույթի համար սահմանել 481 դրամ՝ շարունակելով պահպանել առքի նախկին գինը։ Օրվա երկրորդ կեսից փոխանակման կետերի մեծ մասում դոլարի առք ու վաճառքի գինը հաստատվեց 479,5-481, առանձին դեպքերում՝ 480-482 դրամի միջակայքում։
Դոլարի թանկացման միտումներ սկսեցին դրսեւորվել դեռեւս նախորդ ամսվա վերջին, իսկ այդ երեւույթը խորացավ հատկապես նոյեմբերի սկզբին։ Այդ ընթացքում կտրուկ նվազեց ամերիկյան արժույթի առաջարկը։ Վերջին երկու շաբաթում արժութային բորսայում վաճառվել է ընդամենը 550 հազար դոլար։
Այնպես չէ, որ ամերիկյան արժույթը այլեւս պահանջարկ չի վայելում։ Պարզապես շուկայի մասնակիցները խուսափում են դոլար վաճառել։ Վերջին 10 բորսայական օրերից 8-ում ընդհանրապես գործարքներ չեն կնքվել։
Սկզբնական շրջանում դա պայմանավորված էր առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությամբ, սակայն արդեն այս շաբաթ դադարեց դեր խաղալ նաեւ այդ հանգամանքը։ Բորսայում ընդհանրապես վերացավ դոլարի առաջարկը, թեեւ պահանջարկը շարունակեց պահպանվել։
Այս հանգամանքը, ըստ էության, հանգեցրեց ամերիկյան արժույթի գնի աստիճանական բարձրացման։ Բորսայական վերջին հինգ օրերի ընթացքում, երբ առաջարկ չլինելու պատճառով որեւէ գործարք չկնքվեց, դոլարի փոխարժեքը բարձրացավ 4-5 դրամով։ Սակայն անգամ դա չոգեւորեց շուկայի մասնակիցներին. նրանք շարունակում են խուսափել դոլար վաճառելուց։
Կարդացեք նաև
Հ. ՍԱՀԱԿՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: