ԱՄՀ 2015-ի հոկտեմբերին հրապարակած ցանկի համաձայն 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) ցուցանիշով Հայաստանը 117-րդն է 186 երկրների մեջ: Մեր երկրում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ–ն կազմել է 3547 դոլար : Սա լավ է, թե՞ վատ:
Դատելով զբաղեցրած տեղից, այս ցուցանիշով մենք միջինից ցածր տեղ ենք գրավում: Դատելով զուտ գումարային չափից եւ համեմատելով այն ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրի եւ ամենացածր կենսամակարդակ ունեցողի հետ, առաջինից շատ ավելի հեռու ենք, քան երկրորդից: 1-ին տեղը զբաղեցնող երկրում 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ն 103 187 դոլար է, իսկ վերջին տեղը գտնվող երկրում` 315 դոլար: Այսինքն, վերջին տեղը գտնվող երկրից մեր ցուցանիշն ավելի է մոտ 11 անգամ, իսկ ահա առաջին տեղը գտնվողից` 29 անգամ: Եթե սրան էլ ավելացնենք, որ, ըստ ԱՄՀ-ի, աշխարհում միջինը 10 հազար դոլար 1 շնչին ընկնող անվանական ՀՆԱ-ին զիջում ենք մոտ երեք անգամ, ապա մեր ցուցանիշն ամենեւին էլ մխիթարական չի կարելի համարել:
Նախկին խորհրդային հանրապետություններից մեզ ամենամոտը մեր հարեւան Վրաստանն է` մեզանից ընդամենը 1 հորիզոնականով վեր գտնվող 3720 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով: Այսինքն, հակառակ առկա պատկերացումների, Վրաստանն ու Հայաստանը գրեթե նույն կենսամակարդակն ու տնտեսական զարգացման մակարդակն ունեն: Մյուսներից մեզանից բարձր հորիզոնականներում են գտնվում Ղազախստանը` 11028 դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ եւ 60-րդ տեղ, Ռուսաստանը` 8447 դոլար եւ 72-րդ տեղ, Թուրքմենստանը` 7534 դոլար եւ 76-րդ տեղ, Ադրբեջանը` 6794 դոլար եւ 79-րդ տեղ, Բելառուսը` 6583 դոլար եւ 81-րդ տեղ:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: