Լրահոս
Օրվա լրահոսը

«Վոժդերի» եւ «հետեւորդների» կոչերը

Նոյեմբեր 07,2015 10:00

Սահմանադրական հանրաքվեից առաջ ի հայտ են գալիս մի քանի տասնյակ գրանցված եւ չգրանցված կուսակցություններ, մի քանի հարյուր հասարակական կազմակերպություններ, որոնց անունները մենք չենք լսել վերջին մի քանի տարվա ընթացքում. նրանք կոչ են անում «այո» կամ «ոչ» ասել Սահմանադրության նախագծին: Բնական է, հանրաքվեն լավ առիթ է` սեփական գոյության մասին հիշեցնելու` մինչեւ 2017 թվականի գարունը այդպիսի հնարավորություն այլեւս չի լինելու: Հատկանշական է, որ կոչեր են անում մարդիկ, որոնք ներկայանում են որպես «կուսակցության նախագահ»` չկա փոխնախագահ կամ «քաղխորհրդի անդամ», առավել եւս չկան շարքային անդամներ: (Դա մի քիչ նման է նրան, որ քաղաքական կամ հասարակական հավակնություններ ունեցող ազատամարտիկները սովորաբար ներկայանում են որպես «ջոկատի հրամանատար», նման մարդկանց մեջ զինվորներ կարծես թե չկան):

Ոչ ոք չի ասում` «ես` Պողոս Պողոսյանս», կամ «ես` Պետրոս Պետրոսյանս այս հարցի մասին այս բանն եմ մտածում»: Գերադասելի է համարվում ասել, որ «իմ կուսակցությունը կոչ է անում այս կամ այն բանն անել»: Դա ունի երկու «առավելություն». նախ՝ դու ոչ թե պարզապես քո կարծիքն ես հայտնում, այլ «կոչեր» ես հնչեցնում: Հետեւաբար դու ոչ թե սովորական մարդ ես, այլ «գործիչ» ես: Երկրորդ՝ դու «վոժդ» ես եւ ունես հետեւորդներ, ադեպտներ:

Ես մտածում եմ՝ ինչու են մարդիկ սովորաբար կուսակցություններ եւ զանազան այլ խմբեր ստեղծում: Կարծում եմ՝ խնդիրն այն է, որ (մի զարմացեք) նրանք իրենց վրա վստահ չեն: Նրանք մտավախություն ունեն, որ իրենց խոսքերը կամ գործողություններն այնքան էլ համոզիչ չեն լինի ուրիշների համար, իսկ այդ տիպի մարդկանց համար չափազանց կարեւոր է, թե ով ինչպես է իրենց ընկալելու: Իսկ ահա, երբ դու ունես իրական կամ երեւակայական հետեւորդներ, նշանակում է՝ քո ամեն մի միտք կամ շարժում «իմաստավորվում» է, դու կարողացել ես «տիրել» ուրիշների ուղեղներին, հետեւաբար ինքդ ինչ-որ բան արժես:

Բայց եթե դու մեծ կամ փոքր «վոժդի» հավակնություններ չունես (ինչը Հայաստանում այնքան էլ հաճախ չի պատահում), դու կարող ես լինել հետեւորդ: Դա էլ է բավականին հարմար դիրք՝ էլի, այսպես ասած, «երամի» մեջ է: Այստեղ նույնպես կարող ես անջատել ուղեղդ ու լսել զանազան հրահանգներ եւ կոչեր: Ինքդ էլ հնարավորություն ունես քո խմբի «ոգուն եւ տառին» համապատասխան ճառեր արտասանել, որոնք նույնպես «կոչեր» են պարունակում: Եվ հպարտանալ՝ «ես այնքան լավ ճառ արտասանեցի, որ «վոժդը» ինձ գովեց»: Մարդկանց հրապուրում է, «տանում է» այս ամենը: Եվ անվստահությունն ու մոլորվածությունը «հաղթահարելու» այդ մեթոդները թույլ չեն տալիս մեկ վայրկյան կանգ առնել ու նայել այդ ամենին կողքից, դրսից:
Քաղաքական «սուր հակամարտությունների» ժամանակ ես առավել սուր եմ զգում, թե ինչ անիմաստ հիմարությունների վրա են մարդիկ ծախսում իրենց ժամանակն ու նյարդերը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եթե ՛՛դուխդ՛՛ չի հերիքում կամ բնավ ցանկություն չունես խոսելու ադմինիստրատիվ ռեսուրսի այլանդակության հասնող չարաշահումներից, ընտրացուցակա-ID-քարտային կապիկություներից, կամ թեկուզ բովանդակային քննարկում սկսես, ապա բնական է, որ պիտի այսպիսի փուչիկ փչես, որ պայթի էլ՝ / փուչիկ Կարենի ականջը կանչի /, բոլորի դեմքին դիպչելու հավանականություն լինի: Հետևանքը ակնհայտ է. շահում են դաբաղած երես ունեցողները:

  2. Ruben says:

    Մեռանք էշ քյոթակելով, մի հատ խելքը գլխին «վոժդ» ռաստ չեկավ:

  3. Արսեն says:

    Ա. ԱԲՐՀԱՄՅԱՆԻՆ
    Բոլոր էդ թափթփուկների ֆոնին դու գտնվում եք երանելի վիճակում։
    Շարժվենք ձեր տրամաբանությամբ… սեփական ասելիք ձեզ թվում է ունեք (հակառակ դեպքում՝ թերթի խմբագիր չէիք աշխատի, և բարոյա-խրատական խմբագրականներ չէիք գրի)։ Կուսակցություններ եւ զանազան այլ խմբեր չեք ստեղծել՝ հետևաբար վստահ եք ձեր վրա։ Հետևորդ չեք, հետևաբար՝ չունեք խնդիր այնպիսի հոդված գրելու, որ «վոժդը» ձեզ գովի։ Անվստահությունն ու մոլորվածությունը հաղթահարելու պրոբլեմ չունեք՝ հետևաբար կարող եք կանգ առնել և այդ ամենին նայել կողքից։ Ուղեղը անջատելու անհրաժեշտություն՝ չունեք։ Հարցի մասին՝ ունեք սեփական կարծիք (ապացույցը՝ թեկուզ, այս խմբագրականն է)։
    Առավել սուր՝ զգում եք, թե ինչ անիմաստ հիմարությունների վրա են ծախսում մարդիկ իրենց ժամանակը։ Չեք վախենում ասել՝ «ես` Արամ Աբրահամյանս այս հարցի մասին այս բանն եմ մտածում»: Ազնիվ եք, և երբեք չեք կեղծում։ Այնքան կայացած մարդ եք, որ մնացածին դասավանդում եք «Կայանալու արվեստը»։ Ձեզ բոլորը սիրում են, և դուք ձեզ պատասխանատու եք համարում երկրում տեղի ունեցող ամեն ինչի համար։ (Ւնչ որ ասում եմ՝ գրված է ձեր կողմից, տարբեր հոդվածներում)։
    ՍԻՆԹԵԶ։ Այդ բոլորը պահանջում է տրամաբանական հաջորդ քայլը, հրապարակային ելույթ-կոչը ՀՀ բոլոր քաղաքացիներին և «կուսակցություններին», որ կսկսվի.
    «ես` Արամ Աբրահամյանս, սուր զգալով թե ինչ հիմարությունների վրա եք ծախսում դուք ձեր ժամանակը և ներվերը, ամբողջական պատասխանտվություն զգալով երկրում տեղի ունեցողի համար, և միանգամայն վստահ լինելով իմ վրա, առաջարկում (պահանջում) եմ…» , որին կհետևի հարցի լուծման ձեր առաջարկը (պահանջը), որը չի լինի հիմարություն կամ ներվերի անիմաստ ծախս։
    ՀԱՐՑ։ ԵՐԲ ԴԱ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ?

  4. Հ.Շ. says:

    Երբ գրում էք «ազատամարտիկներ», այն շփոթն է գոյանում թէ այդ անձիքը ներկայիս, այսօր, այժմու բառացի ու տառացի (իմա՝ զինեալ) գործունէութեամբ, տակաւին ազատամարտիկներ են: Մինչ այդ չէ պարագան:

    Անոնց բոլորին վարձքը կատար, փառք ու պատիւ իրենց, էական գործ են իրագործել տարիներ առաջ, իրենց իւրայատուկ տեղը միշտ պահելու են մեր Պատմութեան եւ մեր հաւաքական յիշողութեան մէջ, մշտապէս խոնարհելու ենք անոնց անցեալի վաստակին առջեւ:

    Սակայն անոնք, ներկայիս՝ «վեթերաններ» են, կամ ել «նախկին ազատամարտիկներ»:

    Փառք Աստուծոյ, այլեւս Հայութիւնը կարիքը չունի ազատամարտիկների, ֆետայիների, մարտականների, եւ այլն., քանզի ունենք Պետական Ազգային Բանակ:

    Իսկ ամէն դէպքում, անցեալի մարտական վաստակը յաւերժական immunity չի ապահովում (բառին օրինական, բարոյական եւ հասարակական իմաստներով), ներկայի վարքագծի առընչութեամբ:

    Եթէ լաւ – ու հանդարտօրէն – մտածենք, կ’անդրադառնանք թէ այս տարրական հաստատումները օգտակար ու շահեկան են, առաջին հերթին՝ նիւթի առարկայ անձերին համար:

    Միայն ան որ իրենց հարազատօրէն յարգում եւ սիրում է, արտայայտելու է այս իրականութիւնները:

    Մ. Հայդուկ Շամլեան

    http://www.shoushisummercamp.org/

    • Արսեն says:

      ….անցեալի մարտական վաստակը յաւերժական immunity չի ապահովում (բառին օրինական, բարոյական եւ հասարակական իմաստներով), ներկայի վարքագծի առընչութեամբ…
      Եթե «անցեալի մարտական վաստակը յաւերժական immunity չի ապահովում» ապա դա ենթադրում է երկու բան.
      1. անցեալի մարտական վաստակը ապահովում է immunity.
      2. Այդ immunity-ն հավերժական չէ.
      Այսինքն՝ ըստ քեզ անցեալի մարտական վաստակը ապահովում է ժամանակավոր immunity.
      Հարցեր. Ւնչքան է, ըստ քեզ անցեալի մարտական վաստակի կողմից երաշխավորվող immunity-ի ժամկետը?
      Ինչպիս արարքների համար է immunity-ն ?(եթե ընդհանրապես սահմանափակումներ նախատեսում ես. օրինակ. immunity-ի ժամկետում, թույլատրելի է արդյոք մարդասպանությունը մարտական վաստակը ունեցողի կողմից?)
      Ով է որոշում, որ լրացավ immunity-ի ժամկետը?
      Ինչ մեխանիզմներով է հանվում immunity-ն?

  5. մարդամեկ says:

    «մի քանի հարյուր հասարակական կազմակերպություններ, որոնց անունները մենք չենք լսել վերջին մի քանի տարվա ընթացքում.» ……«Բնական է, հանրաքվեն լավ առիթ է` սեփական գոյության մասին հիշեցնելու` մինչեւ 2017 թվականի գարունը այդպիսի հնարավորություն այլեւս չի լինելու:»
    Ենթադրական հետեվությունների վրա պետք չե արժեքազրկել հարյուրավոր հասարակական կազմակերպությունների. Բա խոսքի ազատությունը ուր մնաց.
    Հետո էլ, առիթն ա ստեղծում միտքը , այլ ոչ հակառակը…..

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30