Լրահոս
Օրվա լրահոսը

Անդարձության սահմանից այն կողմ

Նոյեմբեր 07,2015 16:00
merujan Ter-Gulanyan

Հիմա, երբ արդեն սկսել եմ հստակ տեսնել մեր անհանգիստ ու շարունակ ծովագնաց հոգիների երթը, որոնք միշտ ձգտում են լինել առաջինը հավասարների մեջ, մոռանալով, սակայն, որ մարդկային ճակատագիրը հաճախ տնօրինում է պատահականությունը եւ ոչ թե օրինաչափությունը մեր ակնկալած, հասկացա նաեւ, որ մարդուն եւ ժողովուրդներին առաջնորդում են ոչ թե գիտելիքները միայն, այլ ցեղի ներսում հաստատված ավանդույթները չժանգոտվող:

Մտածեցի այսպես, ու թվում է, թե ավարտեցի, այնինչ` մարդու էությունը շարունակ անհանգիստ է հոսող ջրերի նման, որոնք կարծես փնտրելով կարեւորը` շարունակ մոտենում են մահվան եւ խառնվելով անվախճան ծովին` կորցնում են իրենց անունները:
Երբ Եգիպտոսում Նապոլեոնը դիմելով իր զինվորներին՝ ասում էր, թե այս բուրգերից ձեզ են նայում քառասուն դարեր…

Անդարձության ավազների միջից աննկատ գլուխները դուրս հանեցին հին արքաները եւ նայելով եկողներին` լաց եղան ավազե արցունքներով, բայց նրանք լալիս էին ոչ թե իրենց անցած փառքի համար, այլ Նապոլեոն եկողի անցողիկ բախտի համար: Չէ՞ որ նրանից առաջ իրենք էին, իսկ իրենցից քառասունութ հազար տարի առաջ ուրիշներն էին, որոնց կյանքն ու փառքը ծածկեցին ավազները:

Եվ երբ տոթակեզ իրիկունների մեջ ժամանակների չքնաղ թագուհիները բարակ ու երկար մատները կարկառած աստվածներին` անձրեւ էին աղերսում իրենց ավազահալած երկրի համար` ուշադրություն չդարձնելով բուռնուսի մեջ փաթաթված նոր, անհայտ եկվորին, որը շատ ավելի ուշ տեր էր դառնալու արքաների հովիտին:

Այսպես մտածում էի` նայելով աշնան շքեղ տերեւաթափին, ու հասկացա, որ տխուր եմ, քանի որ ինչ-որ մի շատ կարեւոր բան իմ կյանքից այլեւս անվերադարձ անցնում էր, հեռանում ու խառնվում անդարձության ջրերին՝ ինձ թողնելով մենակ իմ չապրած պահերի ու չգրած տողերիս դիմաց:

Եվ եկավ մի պահ, որ ես ուզեցի բռնել չապրած օրերիս հեռացող փեշը, վերադարձնել նրան, բայց նա շրջվեց թաց տերեւաթափի տակ.
– Դու մնա,- ասաց,- ու միշտ հիշի ինձ, որ ուզեցիր ու չունեցար, դու մնա, շարունակիր ապրել, մինչեւ որ ինձ հետ հուշ կդառնաս անդարձության սահմանից այն կողմ:

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30