Թուրքիան՝ խորհրդարանական ընտրություններից հետո
Նոյեմբերի 1-ին Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններում Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը, քվեարկության մոտ հիսուն տոկոս ձայն ստանալը Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համարել էր կուսակցության հաղթանակ, բայց Թուրքիայի պարտություն: «Առավոտի» հետ զրույցում նա պարզաբանում է, որ այդ պարտությունը վերաբերում է Թուրքիայի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությանը: «Արտաքին քաղաքականության մասին կարող ենք ասել, որ Թուրքիան այնքան խորն է մխրճվել Մերձավոր Արեւելքի գործերի մեջ, որ այլեւս չեմ կարծում, որ կկարողանա դուրս գալ»,- ասում է թուրքագետը: Նա կարծում է, որ Էրդողանի արտաքին քաղաքականության մեջ այս ընտրություններից հետո էլ սկզբունքային փոփոխություններ չեն լինի:
«Իմ գնահատմամբ՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական վիճակն է թուլացել, որովհետեւ բացի Սիրիայում տեղի ունեցողից, հիմա Թուրքիան գտնվում է այլ վիճակում. ռուսական ուժերը տեղակայված են նրա հյուսիսային եւ հարավային սահմաններում»,- ասում է պարոն Սաֆրաստյանը՝ նշելով, որ ընտրություններից հետո Ռուսաստանի նախագահի շնորհավորանքն ու համագործակցության մասին խոսքերը ձեւական բնույթ էին կրում, հարաբերությունները այս երկու երկրների միջեւ դեռ լարված են:
Մեր զրուցակիցը ձեւական չի համարում Եվրոպայի անհանգստությունը Էրդողանի վարած դիկտատորի քաղաքականության վերաբերյալ. «Եվրոպայի քաղաքական գործիչների եւ մամուլի արձագանքներից երեւում է, որ նրանք շատ լավ հասկանում են, որ Թուրքիան գտնվում է մարդու իրավունքների ճնշման խորացման մեջ, Էրդողանի կուսակցության հաղթանակը նշանակում է, որ այդ քաղաքականությունը ավելի կխորանա, իսկ Էրդողանը ձգտում է դառնալ մեծ իրավասություններով նախագահ,- ասում է պարոն Սաֆրաստյանը՝ նշելով, որ միեւնույն ժամանակ այժմ Եվրոպան կախվածության մեջ է Թուրքիայից:- Դա կապված է այն հանգամանքի հետ, որ Թուրքիայի տարածքով են ներխուժում մեծ թվով փախստականներ, եւ Եվրոպան շահագրգռված է Թուրքիայի հետ համագործակցել եւ առաջարկում է բավական մեծ օգնություն»:
Կարդացեք նաև
Ըստ պարոն Սաֆրաստյանի՝ Էրդողանը ձգտում է միանձնյա իշխանության, որ «իր ցնորքներին նմանվող երազանքներն իրականացնի»: «Ինքը փորձում է պատմության մեջ իրեն հավասար տեսնել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ. ինչպես Աթաթուրքը փլատակների վրա ստեղծեց Օսմանյան կայսրություն, այնպես էլ ինքը նպատակ ունի իր տեսլականի հիման վրա ստեղծել նոր Թուրքիա»:
Հիմա, ըստ թուրքագետի, Էրդողանի ծրագրերն այնքան էլ հեշտ չեն իրականացվի, քանի որ այս ընթացքում միտումնավոր հակաքրդական տրամադրություններ եւ հիստերիա ստեղծելով՝ նա սրել է իրավիճակը ու դարձրել անկառավարելի:
Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի օրակարգում, ինչպես նախկինում, հիմա էլ չի ընդգրկվի. «Թուրքիայի կառավարող շրջանակների համար, ինչ կուսակցություն էլ ներկայացնեն՝ թե՛ ներկայիս իշխող կուսակցությունը, թե՛ ընդդիմադիր կուսակցությունները, Հայոց ցեղասպանության հարց գոյություն չունի: Նրանք ամեն կերպ փորձում են ժխտել, ամեն ինչ անել, որ աշխարհը դրա մասին մոռանա, նրանք ամեն ինչ կանեն, որ այդ հարցը Թուրքիայի քաղաքական օրակարգ չմտնի»,- ասում է պարոն Սաֆրաստյանը՝ ավելացնելով, որ «Թուրքիայում Ցեղասպանության մասին խոսում են հիմնականում մտավորականությունը, ուսանողությունը, որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք հիմնականում կենտրոնացած են Թուրքիայի արեւմտյան մեծ քաղաքներում: Նրանք մտածում են, որ Թուրքիան, որպես պետություն, կարող է զարգանալ՝ միայն հաշվի նստելով իր պատմության հետ, մասնավորապես՝ դատապարտելով իր պատմության մութ էջերը, նաեւ՝ Հայոց ցեղասպանությունը: Նրանք միայն Հայոց ցեղասպանության մասին չեն խոսում: Մի կողմից էլ՝ պետք է հաշվի առնենք, որ նրանք շատ փոքր թիվ են կազմում, ամբողջ Թուրքիայում մի քանի տոկոս ընդամենը, որը ներկա փուլում չի կարող ազդել Թուրքիայի քաղաքականության վրա»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015