Ասում է ԵՊՀ դոցենտ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախկին նախարար, ԲՀԿ անդամ Գեւորգ Պետրոսյանը
-Արդեն նշանակվել է Սահմանադրության նոր նախագծի հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ը: Եթե մինչ այս, զրուցակիցներիս հարցեր էի տալիս, թե կարդացե՞լ եք առաջարկվող տարբերակը, ինչպե՞ս եք գնահատում այն, այս անգամ հարցս հետեւյալն է` ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը «ԱՅՈ-ՈՉ» ճակատի համատեքստում, հնարավո՞ր է առճակատում, ինչը կարող է էական նշանակություն ունենալ հանրաքվեի մասնակցության, հետագա իրադարձությունների վրա:
-Այն, որ այսօր Հայաստանի հասարակությունը բաժանված է երկու խմբի՝ «Այո»-ի եւ «Ոչ»-ի, դա ես համարում եմ օրինաչափ: Կարծում եմ` չի կարող լինել մի այնպիսի նախաձեռնություն, որն ընդունելի լինի ամբողջ ժողովրդի կողմից: Իրարամերժ ճակատների բաժանված լինելն էլ է օրինաչափ, ինչը բխում է «ժողովրդավարություն» հասկացության էությունից: Խնդիրը ոչ թե այն է, թե ինչու են բաժանվել խմբերի, այլ` թե այս ճակատները որքանով են կարողանում հանրությանը ճիշտ ներկայացնել իրավիճակը եւ, մատուցելով իրենց դիրքորոշումները, ինչպես են հիմնավորում դրանք: Պետական քաղաքականության առանձին խնդիրների հետ բազում անհամաձայնություններ ունենալով հանդերձ, ես «Այո»-ի կողմնակից եմ եւ գտնում եմ, որ պետք է փոխել Սահմանադրությունը: Ես կներկայացնեմ որոշ հիմնավորումներ, որոնք, իմ կարծիքով, բավարար են սահմանադրական բարեփոխումների համար: Բնական է, եթե դուրս ես եկել քաղաքական պայքարի, ապա պետք է նաեւ տիրապետես մյուս կողմի տեսակետներին, որպեսզի դրանց վերաբերյալ քո հայտարարությունները չլինեն մերկապարանոց ու հիմնազուրկ: Ես ուշադիր եմ «Ոչ»-ի ճակատը ներկայացնող հիմնական խոսնակների գրեթե բոլոր ելույթներին: Որեւէ մեկի անձի հանդեպ անձնական խնդիր չունենալով հանդերձ, ուղղակի զարմանում եմ, որ այդ մտապաշարով մարդիկ կարող են ելնել, ԶԼՄ-ներով հանրությանը տառացի իմաստով ապակողմնորոշող կարծիքներ մատուցել: Նրանցից շատերը չեն հասկանում, որ լուրջ դեմքը միշտ չէ, որ քողարկում է չիմացությունը: Ասում են` հրատապ են մատուցվում սահմանադրական բարեփոխոմները: Ես գտնում եմ, որ բնավ էլ հրատապ չեն:
Գաղտնիք չէ, որ մեր արդի հասարակությունն այդքան էլ ընթերցասեր չէ, հատկապես՝ օրենքների հարցում: Վստահաբար կարող եմ ասել, որ եթե հանկարծ որոշում կայացվեր սահմանադրական բարեփոխումները հետաձգել եւ անցկացնել, ասենք` 6 ամիս կամ մեկ տարի անց, միեւնույն է` նրանք, ովքեր չէին կարդացել, այդպես էլ չեն կարդալու: Ու այդպես այդ պրոցեսը պետք է երկարաձգվեր: «Ոչ»-ի ճակատն ասում է՝ Ոչ, ամեն ինչին` ոչ, պարզապես «Ոչ» ասելու համար: Շատ պարզ հարցադրում ունեմ նրանց պայծառատես խոսնակներին: Գործող Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանը սոցիալական, ժողովրդավարական, իրավական եւ ինքնիշխան պետություն է: Ենթադրվում է, որ Սահմանադրության մյուս բոլոր դրույթները պետք է կոչված լինեն այս հոդվածի կենսագործմանը: Հիմա, հարց եմ տալիս «Ոչ»-ի ճակատի ինքնագոհ «մարտիկներին»` Սահմանադրության 1-ին հոդվածի ո՞ր բաղադրիչն է վտանգվում կամ խախտվում եւ սահմանադրական բարեփոխումների ո՞ր դրույթում: Թող կոնկրետ օրինակով (այլ ոչ թե երկարահունչ ու անհասկանալի մտքերով ու որակումներով) ցույց տան, համոզեն, թե 1-ին հոդվածի որեւէ բաղադրիչը չի իրացվում փոփոխվող Սահմանադրության մեջ: Եթե իրենք կհամոզեն, որ Սահմանադրության առաջարկվող տարբերակը չի ապահովել առաջին հոդվածի իրական կիրառումը, ես կկիսեմ իրենց Ոչ-ը: Բայց առավոտ կանուխ արթնանալ, տեղից վեր թռչել, լվացվել կամ անլվա վազել եթեր ու առանց փաստարկված հիմնավորման քարոզել «Ոչ», կարծում եմ` լուրջ չէ… Կամ ասում են` Ոչ, քանի որ այս Սահմանադրությունը ներկայացրել է հանրապետության նախագահը: Ինչ է նշանակում` բարեփոխումները ներկայացրել է հանրապետության նախագահը, «Նախագահի սահմանադրությունն» է եւ այլն: Հայաստանի գործող Սահմանադրության համաձայն, Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծ ներկայացնելու իրավունքը վերապահված է բացառապես երկու սուբյեկտների` ՀՀ նախագահին եւ Ազգային ժողովին: Եթե ԱԺ-ն ներկայացներ, նույն այդ ընդդիմախոսները պետք է ասեին, որ ճիշտ է` նախագիծը դե յուրե ներկայացրել է ԱԺ-ն, սակայն այն դե ֆակտո հանրապետության նախագահինն է, քանի որ ԱԺ-ն մեծ մասամբ համալրված է հանրապետական պատգամավորներով: Ու այդպես կստացվի, որ Հայաստանում չպետք է սահմանադրական բարեփոխումներ արվեն: Բացի այդ, Սահմանադրությունը նույնպես իրավական ակտ է, եւ իրավական ակտերի փոփոխման իրավական նախադրյալների վերաբերյալ ընդհանուր պահանջները վերաբերոմ են նաեւ Սահմանադրությանը:
Կարդացեք նաև
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է, որ «իրավական ակտում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են, եթե անհրաժեշտ է փոխել առանձին իրավահարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները»: Այս դեպքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Սահմանադրությամբ կարգավորվող մի շարք կարեւոր հասարակական հարաբերությունների առանձնահատկություններով: Եթե երկրի տնտեսական կարգում, քաղաքական կյանքում, սոցիալական հարաբերություններում բազմաթիվ էական փոփոխություններ կան, ինչու դրանք չարտացոլել հիմնական օրենքում: Ես գտնում եմ, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ունենալով նաեւ մի շարք թերություններ, նրանում, այնուամենայնիվ, գերակայում է առաջադիմական կողմը, ուստի կոչ եմ անում քվեարկել սահմանադրական փոփոխությունների ընդունման օգտին:
-Արդյո՞ք հանրաքվեի է ներկայացվել այն տարբերակը, որում խրթին ձեւակերպումներ կային, որոնց մասին բարձրաձայնում էին հատկապես իրավաբանները:
– Անթերի օրենք ունենալու ցանկությունը միշտ էլ մնում է ցանկություն: Չկա այնպիսի օրենք, որը չունենա խրթին ձեւակերպումներ կամ բովանդակային խոցելի դրույթներ: Այդպիսին չէ նաեւ այս նախագիծը: Շատ լավ գիտեք, որ Սահմանադրության փոփոխությունների տեքստը չի գրվել մեկ անձի կողմից: Կան ոճական տարբերություններ: Այո, կան լուծումներ, որոնք ինձ համար էլ ընդունելի չեն: Օրինակ` «մանրամասները կարգավորվում են օրենքով», սա Սահմանադրության բառաֆոնդից չէ, կարելի էր գրել, որ առանձնահատկությունները կարգավորվում են օրենքով: Կան նաեւ բովանդակային առումով ձեւակերպումներ, որոնք ուղղակի անհասկանալի են:
– Կբերե՞ք մեկ օրինակ:
-Օրինակ` որ մարդու բնակարանի կամ մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել, եթե դա պայմանավորված է այս կամ այն գերակա շահերով, հետո նշում է. «երկրի տնտեսական բարեկեցության նկատառումներով»: Ինչ տնտեսական բարեկեցության նկատառում պետք է լինի, որ ապահովես մարդու բնակարան ապօրինի մուտք գործելով կամ նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելով: Ես այդ իրադրությունը լավ չեմ պատկերացնոմ: Ինչեւէ, հնարավոր չէր իրավագիտության տարբեր դպրոցների ներկայացուցիչների կողմից գրված տեքստերում լիակատար նույնություն ապահովել: Այնուամենայնիվ, առանձին թերություններով հանդերձ, նախագիծը հիմնական գրավականներով գերակայում է գործողին:
-Պարոն Պետրոսյան, շատ է խոսվում երկու գլուխների մասին, մասնավորապես՝ դատական համակարգին եւ մարդու իրավունքներին վերաբերող: Որպես իրավաբան, ինչպե՞ս եք գնահատում:
-Ինքս էլ դեմ եմ «ցմահ դատավորներ», հատկապես, դատարանի ցմահ նախագահների ինստիտուտին` առանց կոնկրետ անուններին անդրադառնալու: Ինչ է նշանակում ցմահ նշանակվել դատարանի նախագահ: Դատարանի նախագահներ կան, ովքեր նշանակվելուց հետո իրենց իսպառ ազատում են նոր օրենքներ յուրացնելու, ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու պարտականությունից, որովհետեւ իրենք ցմահ դատարանի նախագահ են (գիտեք` մինչեւ 65 տարեկանը լրանալը, իսկ ՍԴ անդամները` մինչեւ 70-ը): Այդ առումով նախագիծն առաջադիմական է: Դատավորների նշանակումը միայն ՀՀ նախագահի կողմից ինձ համար էլ ընդունելի չէ: Կարծում եմ` արդարադատության համակարգի բոլոր գործակատարները՝ դատավորները չպետք է նշանակվեն մեկ անձի կողմից, այդ պարագայում դատավորի անկախության ապահովման նպատակն այնքան էլ երաշխավորված չէ: Չեմ կարող ասել, թե բացարձակ անկախ կլինեն ԱԺ-ի կողմից ընտրվելու դեպքում, բայց որ ԱԺ-ն կոլեգիալ մարմին է, դատարանի նկատմամբ անհարկի միջամտությունը, դատավորին կախյալ վիճակում պահելը շատ ավելի դժվար կլինի, քան միանձնյա ղեկավարման դեպքում: Ինչ վերաբերում է մարդու իրավունքների ոլորտին, ասեմ, որ այստեղ «լրիվ նոր հեծանիվ հնարված չէ»: Կան որոշ դրույթներ, որոնք կարելի է համարել առաջընթաց քայլ: Հատկապես սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության գործում: Գործող Սահմանադրությունը չէր սահմանում, որ քաղաքացին իրավունք ունի պաշտպանված լինել աշխատանքից անօրինական ազատումներից: Նախագծի 57-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ անձն ունի գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրն իր հետ օրինական հիմքով լուծված լինելու իրավունք: Սա շատ կարեւոր դրույթ է, ինչը բացակայում էր գործող Սահմանադրությունում:
– Նման դրույթ Աշխատանքային օրենսգիրքը չէ՞ր պարունակում:
-Սահմանադրությունը պետք է հնարավորինս լիարժեք արտացոլի մարդու ամենահիմնական սոցիալական իրավունքը՝ աշխատանքի իրավունքը: Երբ իբրեւ ԲՀԿ անդամ, վերջերս մասնակցում էի խմբակցությունում կայացած քննարկմանը, ես առաջարկեցի այդ հոդվածի առավել անբողջական տեքստ: Գտնում եմ, որ աշխատանքի, սեփականության, սոցիալական ապահովության իրավունքը կենսականորեն անհրաժեշտ իրավունքներն են, որոնք պետք է Սահմանադրության մեջ առավել ամբողջական ու որոշակի արտացոլում ունենան: Այս առումով եւս առաջընթաց քայլեր արված են:
-Նկատի ունեք սոցիալական ապահովության առումո՞վ:
-Նախագծով սահմանված է, որ աշխատանքից ազատվող անձն ունի սոցիալական ապահովության իրավունք: Գործող Սահմանադրության մեջ այդպես չէ: Գործազրկության դեպքում էր միայն սահմանված: Իսկ այստեղ եւ գործազրկության, եւ աշխատանքից զրկվելու դեպքում է սահմանված: Նախագծի 80-րդ հոդվածն ամրագրում է, որ հիմնական իրավունքների ու ազատությունների էությունն անխախտելի է: Այսինքն, սա նշանակում է, որ ցանկացած պետական մարմին, ՏԻ մարմին, գործատու, պաշտոնատար անձ կաշկանդված է սահմանադրական ամրապնդում ստացած հիմնական իրավունքների էությունը չաղավաղելու, չխաթարելու պարտականությամբ: Գործող Սահմանադրության 32-րդ հոդվածը տեղի է տալիս աշխատողների գործադուլի իրավունքի անհարկի սահմանափակումներ սահմանելու համար, մինչդեռ նախագծով հստակ ամրագրվել է, որ «գործադուլի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, հանրային շահի կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների նպատակով»: Այսինքն, գործադուլի իրավունք թույլատրվում է սահմանափակել միայն, եթե կա այլոց, հանրային շահերի պաշտպանության նպատակ: Աշխատողները գործադուլի կարող են դիմել ոչ միայն նեղ՝ գործատուի հետ անմիջական կոնֆլիկտի պատճառով, այլ, եթե հանրային իշխանությունը կամ պետությունն է խախտում, կամ մտադիր է այս կամ այն գործողությամբ խախտել իրենց իրավունքները: Սա բարենպաստ պայման է աշխատողների համար:
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015