Գեւորգ Հակոբյանը Ամանորը կդիմավորի «դրսում»
Ճանաչված օպերային բարիտոն, արտերկրյա թատրոնների ցանկալի հյուր, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը օրերի տարբերությամբ մասնակցեց Գերմանիայի Քիլ քաղաքի օպերային թատրոնի ընթացիկ թատերաշրջանի առիթով գալա համերգին եւ Երեւանի օպերային թատրոնի այս խաղաշրջանի առաջին ներկայացմանը (Ա. Տիգրանյանի «Անուշում»՝ Մոսի): Հետո երգչին Էսկամիլիոյի դերերգով հանդիպեցինք Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերային, այնուհետեւ խաղացանկային ներկայացումներում, այդ թվում՝ Ռախմանինով՝ «Ալեկո», Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ» եւ այլն: Օրերս օպերային երգիչը վերադարձել է համերգային շրջագայությունից:
«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Հակոբյանը նշեց, որ IDeA FOUNDATION-ի (տնօրեն՝ Ռուբեն Վարդանյան) 100LIVES նախագծի շրջանակներում մասնակցել է Գյումրիում, Թբիլիսիում, ապա Սանկտ Պետերբուրգում անցկացված 3 համերգներին, հետո էլ մանրամասնեց. «Գեղարվեստական մասով աշխատանքները կազմակերպել էր TM պրոդաքշնը: Ըստ էության, երեք քաղաքներում էլ հնչեցին ճանաչված երգահան Մարինա Ալեսի սիրված ստեղծագործությունները: Առաջին համերգը կայացավ հոկտեմբերի 28-ին, Գյումրիի Աճեմյանի, այնուհետեւ Թբիլիսիի Մարջանիշվիլիի անվան պետական դրամատիկական, ապա Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատրոններում, մասնակցությամբ «Կադանս» անսամբլի, երգիչներ Դավիթ Ամալյանի, Ֆորշի, Ջանինա Գեւորգյանի եւ Ջիվան Գասպարյան կրտսերի: Թբիլիսյան համերգը համընկավ տեղի Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ տաճարի վերաօծման եւ վերաբացման արարողության հետ:
Համերգին ներկա էին ՀՀ նախագահն ու տիկինը, Վեհափառը, հայ եւ վրացի պաշտոնյաներ»: Մեր զրուցակիցը հավելեց, որ վիրահայության կյանքում խոշոր դերակատարություն ունեցող Սուրբ Գեւորգ եկեղեցին (13-րդ դար) եղել է հայկական միջնադարյան հոգեւոր ու լուսավորչական կենտրոններից մեկը: Եկեղեցու բակում են ամփոփված հայ մեծերի՝ աշուղ Սայաթ-Նովայի, գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի եւ հայ նշանավոր զորավարների աճյունները: «Ի դեպ, տաճարի ներսի ծածկույթների տակ գտնվող որմնանկարների, որոնց մեծ մասն արված է 15-16-րդ դարերում, չորս կոմպոզիցիաների հեղինակը Բաշինջաղյանն է»,- նշեց արվեստագետը:
Հետաքրքրվեցինք նաեւ երգչի առաջիկա ծրագրերով: Նա հայտնեց, որ նոյեմբերի 19-ին մեկնում է Վորոնեժ, մասնակցելու Չայկովսկու անվան փառատոնին: Այնտեղ հանդես կգա ռուս մեծ կոմպոզիտորի չորս օպերաներից մեներգերով եւ դուետներով՝ հիշյալ փառատոնի գեղարվեստական ղեկավար, Մեծ թատրոնի առաջատար մեներգչուհի Իրինա Մակարովայի հետ (նշենք, որ Չայկովսկին ունի ընդամենը 7 օպերա):
Կարդացեք նաև
Գեւորգ Հակոբյանը նախ նշեց, թե, բնականաբար, կմասնակցի թատրոնի խաղացանկային ներկայացումներին, ապա դեկտեմբերին կմեկնի Գերմանիա, որտեղ Քիլի օպերային թատրոնի՝ Պուչինիի «Տոսկա» ներկայացման մեջ հանդես կգա Սկարպիայի դերերգով, ընդ որում, պայմանագիրը կնքված է այդ օպերայի 14 ներկայացումներին մասնակցության համար: Դիտարկմանը՝ փաստորեն, Ամանորը կդիմավորի Գերմանիայում, Գեւորգ Հակոբյանը ժպտալով ասաց. «Փաստորեն՝ այո»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015