Հունաստանի Հալկիդիկի թերակղզու Պորտո Կարրաս քաղաքում երեկ ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 91 երկրների 8-ից 18 տարեկան 344 պատանիներ եւ աղջիկներ:
Հայաստանը ներկայացված էր 27 մասնակցով: Ամբողջ առաջնության ընթացքում մեր տղաներից ու աղջիկներից երեքը կամ չորսը իրենց տարիքային խմբերում ընթանում էին մրցաշարային աղյուսակների վերին հորիզոնականներում եւ կարող էին հավակնել մեդալի: Սակայն վերջին տուրերում մի փոքր թուլացրին տեմպը: Միայն 16 տարեկան տղաների մրցապայքարի մասնակից Հայկ Մարտիրոսյանը (մարզիչ՝ գրոսմայստեր Աշոտ Անաստասյան) 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ արժանացավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալի: Ի դեպ, Պորտո Կարրասում հաջող են հանդես եկել եւ բանականին բարձր արդյունքներ ցույց են տվել նաեւ Աշոտ Անաստասյանի մյուս սաները՝ 14 տարեկան տղաների եւ աղջիկների խմբերում հանդես եկող Շանթ Սարգսյանը եւ Արփինե Գրիգորյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015