Մկրտչյանների ընտանիքը երրորդ ձմեռը կանցկացնի դրսում՝ բաց երկնքի տակ՝ Մյասնիկյանի արձանի հարեւանությամբ գտնվող նստարաններին: Անձրեւից, ձնից ու ցրտից պաշտպանվում են ցելոֆանով, տաք ծածկոցներով: Նստարանների տակ էլ նրանց այլ իրերն են խնամքով դասավորված: Մկրտչյանների բողոքն ուղղված է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը: Այս երեք տարիների նստացույցով ընտանիքը պայքարում է վերադառնալ Ֆրանսիա, որտեղ տարիներ առաջ մերժվել է նրանց՝ ապաստան տրամադրելու հայցը:
Նրանք մերժում են օթեւան եւ աշխատանք ունենալու առաջարկներն ու տարբեր կառույցների կողմից նրանց՝ որպես Հայաստան վերադարձած միգրանտների, վերաինտեգրելու ծրագրերը: Թե Մկրտչյաններն ինչպիսի շանսեր ունեն իրենց ուզածին հասնելու՝ դժվար է ասել, բայց, հաշվի առնելով վերջին 1 տարում Մերձավոր Արեւելքից դեպի եվրոպական երկրներ, մասնավորապես՝ Ֆրանսիա միգրանտների չափազանց մեծ հոսքն ու եվրոպական իշխանությունների՝ միգրանտների մուտքը խոչընդոտելու ձեռնարկած միջոցառումները, այս ընտանիքին մնում է միայն մեկ բան՝ վերաինտեգրվել հայաստանյան կյանքին:
«Առավոտ» օրաթերթ
06.11..2015