Նոյեմբերի 6-ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կողմերը կարևորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը և ս.թ. մայիսին ստորագրված Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի և Առևտրի եւ ներդրումների հայ-ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ և գոհունակություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Անդրադարձ կատարվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի։
ՀՀ ԱԳՆ