Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս հյուրանոցում կարելի է զգալ Հայաստանի ոգին». Զիովաննի Ռուբինի

Նոյեմբեր 06,2015 23:25

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան»-ում (Royal Tulip Grand Hotel Yerevan) տեղի ունեցավ Երևանի առաջին հյուրանոցին նվիրված ալբոմի շնորհանդեսը:

«Երևան» հյուրանոցն իր դռներն է բացել 1928 թվականից: Տարբեր տարիներին այստեղ են բնակվել Եղիշե Չարենցը, Գուրգեն Մահարին, Ավետիք Իսահակյանը, Երվանդ Քոչարը և ուրիշներ:

«Մենք գործունեություն ենք ծավալում տարբեր երկրներում, սակայն ոչ մի երկրի հետ այնքան ամուր հարաբերություններ չունենք, որքան Հայաստանի: Ես դա չեմ ասում նրա համար, որ Հայաստանում եմ գտնվում: Այնպես չէ, որ այլ երկրներում էլ ասում եմ այդ երկրների համար: Ոչ, ես ասում եմ, որովհետև իսկապես Հայաստանի հետ մեր կապերը շատ ամուր են»,- ասաց Grand Hotel Yerevan-ի սեփականատեր «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Զիովաննի Ռուբինին, որը նույնպես ներկա էր ալբոմի շնորհանդեսին:

Նա նշեց, որ այս հյուրանոցում գտնվելիս յուրահատուկ զգացողություններ է ունենում. «Հյուրանոցը պատմություն ունի, այստեղ կարելի է զգալ Հայաստանի ոգին: Մենք ցանկանում ենք, որ այդպես էլ շարունակվի, ավելի ճիշտ՝ մեր պարտքն է, որ այդպես լինի:

2015-11-06-18.18

Երբ 90-ականների վերջերին մենք ձեռք բերեցինք այս հյուրանոցը և պետք է զբաղվեինք նրա վերակառուցմամբ, ներգրավեցինք տեղական կազմակերպություններին, որոնք պետք է պահպանեին մշակութային արժեք ներկայացնող հատվածները: Թե´ կահույքի, թե´ այլ իրերի ընտրության հարցում նույն վերաբերմունքն ենք ցուցաբերում՝ փորձելով պահպանել այն հինը, որն այս հյուրանոցը կրում է իր մեջ»,- ասաց Զիովաննի Ռուբինին:

«Այնպիսի հաստատություններ, որոնք ունեն այնքան երկար ու շարունակական պատմություն, որքան «Երևան» հյուրանոցը, շատ քիչ են մեր քաղաքում,- նշեց հյուրանոցին նվիրված ալբոմի կազմող և խմբագիր Վարդան Կարապետյանը.- մեր քաղաքում շատ քիչ հաստատություններ կան, որոնք շարունակական կերպով պահպանում են իրենց սկզբնական գործառույթներն այն նույն շենքի մեջ, որտեղ ստեղծվել են: Իսկապես, իր կառուցումից ի վեր այս շենքում հյուրանոցը մշտապես գործել է»:

Դառնալով նոր լույս տեսած գիրք-ալբոմին՝ նա ասաց. «Հաշվի առնելով վերջին տարիների անտարբերությունը պատմական շինությունների հանդեպ՝ ես կարծում եմ, որ այս գիրքը կարևոր է և առանձնահատուկ կերպով շեշտում է Երևան քաղաքի պատմականությունն ու այս հյուրանոցի կարևորությունը քաղաքի պատմության մեջ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30