Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն կարող սպառնալիքներ ուղղված լինել Սուրիկ Խաչատրյանին, բայց Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվի Լորետա Բարսեղյանին սպառնալու համար»

Նոյեմբեր 06,2015 23:10

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 6-ին մեկնարկեց  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցների գործով 120 հազար դրամ տուգանքի դատապարտված Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ դատախազի պատասխանը չի ստացել, եւ իրեն զարմանալի է, որ տուժող կողմը ստացել է այն, իսկ իրենք ոչ: Նա ասաց, որ իրենց համար անհասկանալի է, թե դատախազությունը ինչ սկզբունքներով է առաքում:

Հայկ Ալումյանը, անդրադառնալով բողոքին, ասաց, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը գրել է, որ Արա Բուդաղյանի ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքները եւ հետապնդում է քրեական պատասխանատվությունից եւ պատժից խուսափելու նպատակ:

Նա նշեց, որ դատարանը իր դատավճռի հիմքում որպես ապացույց դրել է Սուրիկ Խաչատրյանի կնոջ՝ գործով տուժող Լորետա Բարսեղյանի, Սուրիկ Խաչատրյանի մտերիմ, մի շարք վկաների ցուցմունքով նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի, Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի կրտսեր որդու՝ Տրդատ Խաչատրյանի, եւ Սյունիքի մարզպետի այլ մտերիմների՝ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքները: Որոնք պնդել են, որ Արտակ Բուդաղյանը սպառնացել է եւ հայհոյել:

Փաստաբանի հետեւությունները, թե Արտակ Բուդաղյանի ցուցմունքն արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ, կարծրատիպային են, արհեստածին, չեն արտացոլում գործի իրական պատկերը: Ըստ նրա՝ Արտակ Բուդաղյանը քրեական պատասխանատվությունից ազատվելու համար մի շարք հնարավորություններ է ունեցել, օրինակ՝ նա կարող էր չառարկել դեռեւս նախաքննության ընթացքում և դատարանում իր վերաբերյալ համաներում կիրառելու, վաղեմությունն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու, դատարանում իր վերաբերյալ համաներում կիրառելու դեմ:

«Դատարանը առանց հաշվի առնելու այս հանգամանքները ոչ թե վերլուծել է եւ գնահատել, այլ պարզապես պիտակավորել է պարոն Արա Բուդաղյանի ցուցմունքը: Ինչպես երեւում է դատավճռից նվազագույն մտավոր ունակություններ անգամ չներդնելով պարոն Բուդաղյանի ցուցմունքը ստուգելու հարցի մեջ դատարանը ցուցմունքի վերաբերյալ կիրառել է մի քանի կարծրատիպային արտահայտություն, որը ինչպես երեւում է այդ կազմով քննված քրեական գործերում մեղադրական դատավճիռ կայացնելիս, եթե մեղադրյալը իրեն մեղավոր չի ճանաչում»,- ասաց նա:

Անդրադառնալով Լորետա Բարսեղյանի ցուցմունքին՝ Հայկ Ալումյանն ասաց, որ  երկու նույնաբովանդակ որոշում է կայացվել Արտակ Բուդաղյանին հրազենային ծանր մարմնական վնասվածք հասցրած Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին այն պատճառաբանությամբ, որ վնաս պատճառած արարքը համարվում է օրինաչափ, ինչպես նաեւ նրա եւ Զարզանդ Նիկողոսյանի արարքներում հանցակազմը բացակայում է:

Նա նշեց, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտադիր պայման է հանդիսացել Արտակ Բուդաղյանի կողմից սպանության սպառնալիքներ տալը հաստատված համարելը: Փաստաբանը նկատեց, որ եթե չհաստատվեր կամ չհաստատվի այն հանգամանքը, որ Արտակ Բուդաղյանի սպանության սպառնալիքներ է հնչեցրել, ապա Տիգրան Խաչատրյանը պետք է քրեական պատասխանատվություն կկրի՝ Արտակ Բուդաղյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար:

Հայկ Ալումյանը նշեց, որ Լորետա Բարսեղյանը ասել է, թե Արտակ Բուդաղյանը դեպքի օրն ասել է. «Լիսկայի ընտանիքը, Լիսկայի ցեղը, Դեզոյի (Սուրիկ Խաչատրյանի մոր Ա. Չ.) ցեղը վերացնելու եմ», իսկ երբ Ավետիք Բուդաղյանը փորձել է հանգստացնել ասել է՝ «տես՝ դիմացդ ով է կանգնած, Լորետ քույրիկն ա», Արտակ Բուդաղյանը պատասխանել է՝ «ես դրանց պիտի վերացնեմ, ես սրանց պիտի վերացնեմ, սրանք չպիտի ապրեն, սրանք ով են»: Պաշտպանի հարցին, թե արդյոք Լորետա Բարսեղյանն ընկալել է, որ այդ արտահայտություններն իրեն են ուղղված եղե՞լ, նա պատասխանել է՝ «Իմ երեխան անձամբ ինձ է վերաբերվում, իմ ամուսինն անձամբ ինձ է վերաբերվում»:

Իսկ Տիգրան Խաչատրյանի հարազատ մորաքույր Լարիսա Բարխուդարյանը հայտնել է, որ Արտակ Բուդաղյանը դեպքի ժամանակ հրացանը ձեռքին առաջ էր գալիս եւ բղավում՝ «Սպանելու եմ, մեր փողերով մարդ դառան»: Ըստ վկայի՝ Արտակ Բուդաղյանը հայհոյում էր Սուրիկ Խաչատրյանին՝ «Լիսկային կվերացնեմ, Դեզոյի ցեղը արմատախիլ կանեմ»:

Նրան է մոտեցել Լորետա Բարսեղյանը եւ խնդրել չկրակել, սակայն Արտակը Բուդաղյանը դիմադրում էր, եւ Լորետա Բարսեղյանը նրա հրացանի փողը բարձրացրել էր վերեւ: Վկան նշել է, որ Արտակ Բուդաղյանը նույն հայհոյանքներն էր տալիս, երբ վիրավոր ընկած էր: Պաշտպանի հարցին, թե Լորետա Բարսեղյանի նկատմամբ Արտակ Բուդաղյանը ագրեսիա ունե՞ր, Լարիսա Բարխուդարյանը պատասխանել է՝ ոչ, եւ կրկնել՝ «չէ՛, չէ՛»:

«Մնում է ուղղակի կռահել, թե այդ ո՞նց է կարողացել առաջին ատյանի դատարանը, ի՞նչ մտային վարժության արդյունքում է կարողացել այս վկայի ցուցմունքը օգտագործել ի վնաս Արտակ Բուդաղյանի: Այս վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ Արտակ Բուդաղյանից հայհոյանքներ եւ սպառնալիքներ է լսել միայն այն ժամանակ, երբ նա վիրավոր պառկած էր գետնին՝ ծանր մարմնական վնասվածք որովայնի շրջանում»,- ասաց Ալումյանը:

Իսկ վկա Նիկոլայ Աբրահամյանը, հարցին, թե ո՞ւմ էին հասցեագրված արտահայտությունները, պատասխանել՝ մարզպետին: Նույն պատասխանը Նիկոլայ Աբրահամյանը տվել է նախագահող դատավորի հարցերին: Նախագահողի հարցին, թե Լորետային վերաբերվո՞ւմ էր, նա պատասխանել է. «Յանի իրա կինը չի՞, ի՞նչ տարբերություն, իրա խոխան նույն խոխան չի՞, բա ի՞նչ ա անում»: Փաստաբանը նկատեց, որ Նիկոլայ Աբրահամյանը մանրամասն նշել է բոլոր հայհոյանքները, իսկ սպառնալիքներին չի անդրադարձել:

«Նույնիսկ եթե հայհոյանքներ հնչեցվել են, Արտակ Բուդաղյանը չի կարող այս գործի շրջանակներում մեղավոր ճանաչվել, մի պարզ պատճառով, որովհետեւ իրեն վերագրում է Լորետա Բարսեղյանին սպառնալիքներ տալը: Այս գործում չի կարող, Լորետա Բարսեղյանին ուղղված սպառնալիքներ չլինեն, լինեն՝ Սուրիկ Խաչատրյանին, բայց Արտակ Բուդաղյանը մեղավոր ճանաչվի Լորետա Բարսեղյանին սպառնալիքներ տալու համար»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30