Մնացական Բիչախչյանի կարծիքով՝ պետք չի կասկածի տակ դնել նույնականացման քարտ ունենալու մեխանիզմը
«Ոստիկանության համար առաջին գերխնդիրը ընտրությունների ցուցակները վարելը, հրապարակելը, դրանում առկա անճշտությունների դեպքում միջոցներ ձեռնարկելն է»,- նոյեմբերի 6-ին ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության մամուլի սրահում կազմակերպված քննարկման ընթացքում ասաց ոստիկանության անձնագրային եւ վիզայի վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի մտահոգություններին եւ առաջարկություններին:
Նա նշեց, որ այս պահի դրությամբ Գյումրիի ցուցակներում կա միայն մեկ Հովհաննես Հայկի Մարգարյան, որն էլ Ազգային ժողովի պատգամավորն է: Իսկ ընդհանրապես Շիրակի մարզում կա 39 Հովհաննես Մարգարյան անհատական անձ, որոնք ոստիկանության կողմից ստուգվել են:
«Պետք չի կասկածի տակ դնել նույնականացման քարտ ունենալու մեխանիզմը, որ նույնականացման քարտ ունենալով, ունենալով նաեւ հին նմուշի անձնագիր, նույնականացման քարտում չունենալով հաշվառման հասցե հնարավոր լինի կրկնակի, եռակի քվեարկություն, դա ուղղակի բացառված է: Նույնականացման քարտում ամրագրվում է անձի անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ ոստիկանությունը հրապարակել է այն մարդկանց ցուցակները, որոնց անուն ազգանունները կրկնվում են: Նա հավելեց, որ նույնիսկ բոլորի նկարներն են առկա, այսինքն՝ հնարավոր չէ այս կերպ կեղծեն: Անդրադառնալով Հովհաննես Մարգարյանի այն մտահոգությանը, թե ընտրության օրը քաղաքացիները հայտնաբերում են, որ իրենց տանը հաշվառված են մի շարք այլ անձինք՝ Մնացական Բիչախչյանն ասաց, որ այդպիսի դեպքեր ի հայտ են գալիս, երբ անձը վաճառում է իր բնակարանը, սակայն հաշվառված է մնում այդ հասցեում: Նա հորդորեց քաղաքացիներին նման դեպքերում դիմել ոստիկանությանը, քանի որ ոստիկանության իրավասությունների մեջ չի մտնում գտնել նման անձանց. «Սա մեկ առիթ է, որպեսզի նոր սեփականատերերը իրենց բնակարանում հաշվառված անձանց հանեն բնակչության պետական ռեգիստրից»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ