Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հայտնվել է հայաստանցի քաղաքական գործիչների և փորձագետների քննադատության թիրախում ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժաղովում Ղարաբաղի վերաբերյալ վիճահարույց զեկույցի նախագծի ընդունման արդյունքում: Հնչում են քննադատական հայտարարություններ և գնահատականներ, ինչպես ԵԽԽՎ-ի, այնպես էլ զեկույցի հեղինակ վեհաժողովի բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հասցեին: Որոշ փորձագետներ և քաղաքական գործիչներ քննարդատում են նաև ՀՀ իշխանություններին՝ համարելով զեկույցի նախագծի ընդունումը Երևանի դիվանագիտական պարտությունը:
Բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած զեկույցը կազմվել է ադրբեջանական կողմի հետ համագործակցության արդյունքում, քանի որ հայկական կողմը չի մասնակցել այդ աշխատանքներին՝ համաձայն չլինելով վերնագրի ձևակերպման հետ: Հայաստանի ԱԺ պատվիրակությունը հայտարարել էր, որ զեկույցի նախագծի վերնագիրն արդեն իսկ հուշում է Ուոլթերի կողմնակալ վերաբերմունքի մասին: Խոչընդոտ էր տեսել բրիտանացի զեկուցողի հետ համագործակցության հարցում նաև պաշտոնական Ստեփանակերտը:
Ուոլթերի հեղինակած զեկույցում մասավորապես կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, և այդ տարածքներում հաստատել Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»: Փաստաթղթում անհրաժեշտ է համարվում ԵԱՀԿ-ին կից միջազգային խաղաղարար ուժերի ստեղծումը, «ինչը կամրապնդի ԼՂ-ի և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքների անվտանգությունը»։
Զեկույցի նախագծի ընդունումը ԵԽԽՎ հանձնաժողովում չի կարող որևէ ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա, վստահ է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը: «Այն կարող է դառնալ նյարդայնացնող հանգամանք, քանի որ ադրբեջանական կողմը կամ Բաքվից հովանավորվող արտասահմանյան քաղաքական գործիչները ղարաբաղյան հակամարտության մասին խոսելիս, հղում են կատարելու այս փաստաթղթին: Սակայն իրականում, այն որևէ կերպ չի կարող ազդել կոնֆլիկտի կարգավորման վրա, քանի որ հակամարտության լուծումը կախված է միայն Ղաբարաղի ժողովրդի կամքից», – ասաց Պողոսյանը:
Կարդացեք նաև
«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 6-ին Թևան Պողոսյանի, քաղաքագետներ Սուրեն Զոլյանի, Հրանտ Մելիք-Շահնազարյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց զեկույցի նախագիծը» թեմայով:
Զեկույցի նախագծի ընդունումն, ըստ Պողոսյանի, ի ցույց է դնում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության, արտաքին գործերի գերատեսչության և սփյուռքում հայ համայնքների համակարգային աշխատանքի թերությունները: «Մենք պետք է հետևություններ անենք այս փաստաթղթից, և հասկանանք մեր խնդիրներն արտաքին քաղաքականության համակարգվածության տեսանկյունից: Այսօր կարող է ընդունել այդ բանաձևը, որոշ ժամանակ անց մեկ այլ փաստաթուղթ: Մենք պետք է իմանանք, թե ինչպես ավելի արդյունավետ հակազդենք Ադրբեջանի նման նախաձեռնություններին, և հարկ եղած դեպքում հանդես գանք սեփական նախաձեռնություներով», – նշեց պատգամավորը:
Լեռնային Ղարաբաղում ևս կարևորելով Հայաստանի հետ արտաքին քաղաքական հարթակներում համակարգված գործելու հարցը, այնուամենայնիվ վստահ են, որ զեկույցի տեքստում առկա վիճահարույց ձևակերպումներն Արդբեջանի «խավիարային դիվանագիտության» արդյունքն են: «Տպավորություն է, որ զեկույցը կազմել է ոչ թէ եվրոպական պաշտոնյա, այլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը: Այն, որ նման ձևակերպումներով ու վերնագրով զեկույց է ընդունվում ԵԽԽՎ-ում, դա խոսում է նաև ԵԽԽՎ-ի իմունային, արժեքային համակարգի գահավիժման մասին», – ասաց Բաբայանը:
Բանախոսն արդարացի համարեց հայկական կողմի դիրքորոշումը չմասնակցել զեկույցի կազմման աշխատանքներին: «Ինչպես զեկուցողի անձը, այնպես էլ վերնագիրն ի սկզբանե խոսում էին այն մասին, թե ինչ որակի տեքստ էր պատրաստվելու», – պարզաբանեց նա:
Ուոլթերի ընտրությունը զեկույցի կազմման հարցում ևս հայկական կողմը պատահական չի համարում: Նա 2013-ին Ադրբեջանի նախագահական ընտրություններում գլխավորում էր ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը։ Բրիտանացի պատգամավորն արևմտյան այն եզակի դիտորդներից էր, ով որակեց Ադրբեջանում նախագահական ընտրությունները որպես «ազատ ու թափանցիկ»։ Բրիտանական հեղինակավոր պարբերական «Գարդիանը» կասկածի տակ դրեց Ուոլթերի գնահատականը՝ տեղեկացնելով, որ եվրոպացի պատվիրակների Բաքու գործուղումը «մի իսկական արձակուրդ էր»։
Այդ պայմաններում մասնակցել զեկույցի կազմման աշխատանքներին, շարունակում է Դավիթ Բաբայանի միտքը քաղաքագտ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, կնաշանակեր լեգիտիմացնել այն:
«Ի սկզբանե պարզ էր զեկույցի բովանդակությունը, իսկ այդ պայմաններում փաստաթղթի աշխատանքներին մասնակցելը, թույլ կտար հակառակ կողմին պնդել, որ զեկույցն ամբողջական է, քանի որ այն կազմվել է կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ համագործակցությամբ», – ասաց բանախոսը՝ հավելելով, որ այժմ հայկական կողմն այլ երկրների պատվիրակների հետ համագործակցությամբ կկարողանա ԵԽԽՎ պլենար նիստում, որտեղ 2016 թ-ի հուվարին քննարկվելու է զեկույցը, խոսել այդ փաստաթղթի թերությունների, ինչպես նաև բարձրաձայնել Ադրեբջանում մարդու իրավունքների խատումների մասին:
Քաղաքագետ Սուրեն Զոլյանի գնահատականները տարբերվեցին մյուս բանախոսների կարծիքներից: Նա համարեց զեկույցը Հայաստանի դիվանագիտական պարտությունը: «Նման ձևակերպումներով զեկույցի ընդունումն ոչ թե դիվանագիտական պարտություն է, այլ դիվանագիտական խայտառակություն: Պետք է հասկանալ, որ սա մինչև պլենար նիստի կայանալը, այլևս ԵԽԽՎ փաստափուղթ է, որը փաստացի արդարացնում է Ադրբեջանի ագրեսիան: Նման փաստաթղթի ընդունումից հետո անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի դիվանագիտական կորպուսի պատասխանատվության հարցը», – եզրափակեց նա:
«Մեդիա կենտրոն»