Նոյեմբերի 6-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Վիշեգրադյան քառյակի անդամ երկրների ԱԳՆ քաղաքական տնօրեններ՝ Իվան Եստրաբի (Չեխիա), Լևենտ Բենկյոյի (Հունգարիա), Պետեր Միշիկի (Սլովակիա) և քաղաքական տնօրենի տեղակալ Աննա Վարմինսկայի (Լեհաստան) գլխավորած պատվիրակություններն այցելեցին ՀՀ ԱԳՆ: Այցի շրջանակներում պատվիրակություններին ընդունեցին ԱԳ նախարարի տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Կարեն Նազարյանը:
Ողջունելով Վիշեգրադյան պատվիրակությանը Հայաստանում՝ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը քաղաքական տնօրեններին ներկայացրեց ՀՀ սահմանակից երկրների հետ հարաբերությունների և փոխշփումների առկա իրավիճակը, ինչպես նաև Մերձավոր Արևլքում, մասնավորապես՝ սիրիական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի և հայ համայնքի վրա: Նախարարի տեղակալը ներկայացրեց Եվրասիական Տնտեսական Միությանը ՀՀ անդամակցությունից բխող հնարավորությունները: Վիշեգրադյան պատվիրակության խնդրանքով Շավարշ Քոչարյանը ներկայացրեց նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանի հետ հանդիպմանը քննարկումները կենտրոնացան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում ԵՄ-ի հետ ծավալվող հարաբերությունների շուրջ: Այս համատեքստում Կարեն Նազարյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունն առավել զարգացնելու և ամրապնդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում եվրոպական երկրների հետ համապարփակ համագործակցությունը՝ կարևորելով մինչև տարվա վերջ ԵՄ-ի հետ իրավական նոր հիմքի ձևավորման շուրջ մեկնարկվելիք բանակցությունները: Զրուցակիցների խնդրանքով նախարարի տեղակալը նաև անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ընդունելության համար՝ Վիշեգրադյան պատվիրակության ներկայացուցիչները ողջունեցին Հայաստանի հանձնառությունը շարունակելու և խորացնելու ԵՄ հետ իր համագործակցությունը և այս հարցում վերահաստատեցին իրենց աջակցությունը: Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ