«Քանի որ նույնականացման քարտում ամրագրված հաշվառում պարունակող այդ տվյալները հնարավոր չեն տեղամասերում ուսումնասիրել, ստուգել, համապատասխան սարքեր չկան, որպեսզի նույնականացնենք քարտը անձի հետ, սա, ըստ էության, տեղիք է տալիս մտածելու, որ բավականին բարդ կլինի տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ստուգումը»,- նոյեմբերի 6-ին ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության մամուլի սրահում կազմակերպված քննարկման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Հանդիպմանը ներկա էին նաեւ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Հովհաննես Քոչարյանը եւ ոստիկանության անձնագրային եւ վիզայի վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Անդրադառնալով ստեղծված իրավիճակից ելքերին՝ նա առաջարկեց 182 հազար քաղաքացիներին անձնագրեր տրամադրել. «Առաջին հերթին մտահոգիչ է, որ 182 հազար քաղաքացիներ չունեն անձնագիր եւ զրկված են երկրից դուրս գալու իրավունքից: Չեմ տեսել մի դեպք, որ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այդ թվում նաեւ հարեւան Վրաստանում միայն նույնականացման քարտով մեր քաղաքացին իրավունք ունենա, անհնար է»:
Պատգամավորը առաջարկում է նաեւ հնարավորություն ստեղծել եւ նույնականացման քարտով քվեարկած քաղաքացիների քվեացուցակները փակցնել ընտրական տեղամասում. «Այսինքն՝ ես իմանամ, որ 30 հոգի են նույնականացման քարտով մասնակցել, իսկ եղել է 150 հոգի, ենթադրենք: Երբ քվեացուցակը փակցնեն, պարզ է, որ այդ 150-ից 30-ը մասնակցել է: Դա կլինի հնարավորություն, որպեսզի ստուգես մյուս տեղամասերում արդյոք կրկնվե՞լ են այդ անունները»:
Կարդացեք նաև
Հովհաննես Մարգարյանին մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ քաղաքացիները ընտրությունների ժամանակ հայտնաբերում են, որ իրենց բնակարանում մի շարք քաղաքացիներ են հաշվառված: Պատգամավորը նկատեց, որ հին շենքերում բացի բնակարաններից կան նաեւ սենյակներ, այս իրավիճակը, ըստ նրա կարող է խառնաշփոթ առաջացնել. «Քանի որ հաշվառման վայրը չի լինելու նույնականացման քարտերում, սա էլ է մտահոգիչ խնդիր, այսինքն՝ հաշվառման մասով չես կարող ստուգել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ