Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ հայ-ադրբեջանական բարեկամության փոքրիկ մի ծառ տնկեցինք, որը հիմա չկա»

Նոյեմբեր 06,2015 17:58

«1994 թվականին ես, Աղասի Այվազյանը և մի խումբ այլ մտավորականներ գնացել էինք Սան Ֆրանցիսկո, որտեղ հանդիպում էր նախատեսված ադրբեջանցի մտավորականների հետ,- պատմում է Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:- Այդ հանդիպումը տևեց տասն օր: Հրավիրող՝ ամերիկյան կողմն ամեն ինչ արել էր, որ խաղաղություն ու փոխըմբռնում լինի մեր միջև: Բոլորս ոգևորված էինք: Նույնիսկ ծառ տնկեցինք՝ հայ-ադրբեջանական բարեկամության փոքրիկ մի ծառ, որը հիմա չկա. վերջին՝ տասներորդ օրը, Ադրբեջանի  ներկայացուցիչներից մեկը հայտարարեց, թե իրենք հիմա հայերից պարտված եկել են բանակցությունների, բայց վաղը եթե իրենց գլուխները բարձրացնեն, բոլոր հայերին մորթելու են… Ու մենք հասկացանք, որ ադրբեջանցիների հետ խոսելու միայն մեկ ճանապարհ կա՝ մտրակը: Հաջորդ օրն արդեն պիտի վերադառնայինք Երևան: Աղասին ինձ արթնացրեց, թե՝ արագ վեր կաց, գնում ենք այդ ծառը հանենք: Ու հանեցինք: Երևի, պահը պիտի հասունանա, որպեսզի այդպիսի ծառ լինի կամ չլինի»…

Հայաստանի ազգային գրադարանի դահլիճում այսօր՝ նոյեմբերի 6-ին, նշվեց գրող, սցենարիստ, կինոռեժիսոր Աղասի Այվազյանի ծննդյան 90-ամյակը:

Միջոցառմանը ներկա էր նաև գրողի կինը՝ Գրետա Վերդյանը, որը նախընտրեց այսօր չխոսել ամուսնու մասին. «Ես Աղասու մասին կարող եմ ժամերով, օրերով խոսել, ու վերջ չի լինի, բայց այսօր ուզում եմ միայն լսել ձեզ»,- ասաց նա:

Աբգար Ափինյանը մի դեպք հիշեց նաև Աղասի Այվազյանի դպրոցական տարիներից. «Չորրորդ դասարանի աշակերտ Աղասին ստեղծում է մի «ընկերություն», որի անդամ է դարձնում իր աշակերտական տարիների ընկերներին՝ հետագայում հայտնի ռեժիսոր Հենրիկ Մալյանին ու ակադեմիկոս Գևորգ Բրուտյանին: Ընկերությունն անվանում է ՄԱԲ (Մալյան, Այվազյան, Բրուտյան): Ընդ որում, որպեսզի ամուր լինի իրենց ընկերությունը՝ այսպես կոչված գաղտնի հայրենասիրական կազմակերպությունը, Աղասին, Հենրիկն ու Գևորգը որոշում են հող ուտել: Հող ուտելով պիտի ամրապնդեին այդ դաշինքը: Հետո՝ շատ տարիներ անց, Բրուտյանն ու Մալյանը «ծիծաղում են» Այվազյանի վրա, ասում ենք՝ մենք ձևացրինք, թե ուտում ենք, իրականում հող չենք կերել: Այվազյանը, սակայն, խոստովանում է՝ ես այդ հողը կերա և մինչև այսօր էլ հող եմ ուտում»,- պատմեց Ա. Ափինյանը:

Դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը, որը Հենրիկ Մալյանի ուսանողուհիներից է եղել, ասաց, որ Մալյանն այդ ընկերության հետ կապված մեկ այլ բան էլ է պատմել. «Ասում էր, որ իրենք երեքով չորրորդ դասարանում նաև իրենց երակներն են կտրել ու արյունները խառնել իրար»,- ասաց դերասանուհին:

Նրա խոսքով՝ Մալյանը չէր սիրում շատ բաներ պատմել, բայց հաճույքով էր խոսում Այվազյանի մասին:

«Առաջին կուրսում էինք, երբ Մալյանը սկսեց «Հայրիկ» ֆիլմի նկարահանումները: Ինձ համար այդտեղից սկսվեց Աղասի Այվազյանը: Հետո նաև անձամբ ծանոթացա նրա հետ: Երեք անգամ Աղասին ինձ կանչեց, որ միասին աշխատենք, բայց երեքն էլ տարբեր պատճառներով չհաջողվեցին: Այդքան սիրել ու չկարողանալ միասին աշխատել… ես դա ոչ մի կերպ չեմ կարողանում բացատրել»,- ասաց Սոֆիկ Սարգսյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30