Լրահոս
Օրվա լրահոսը

«Մադագասկարը ոչ մեզանից ավել է, ոչ մեզանից պակաս». Հասմիկ Պողոսյանը՝ էկզոտիկայի մասին

Նոյեմբեր 06,2015 17:48

«Քարոզարշավի շրջանակներում ես ՀՀԿ այո-ի կենտրոնական շտաբի անդամ եմ: Իմ աշխատանքը մտավոր է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Նա վստահեցրեց, որ վարչական ռեսուրսները չեն օգտագործում քարոզարշավի ընթացքում: Եթե երկու ճամբարից էլ որեւէ մեկը խախտի կրթական եւ հանրաքվեի օրենսդրությունը, ըստ նրա, կստանա իրավական գնահատական, ինչպես շատ դպրոցների տնօրեններ ստացան խիստ նկատողություն՝ նախորդ ընտրություններում:

Ashotyan

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Աֆրիկայի հանրապետության հետ ինչ-որ պայմանագիր եք կնքել, դա մեր ինչի՞ն է պետք: Նախարարը պատասխանեց. «Ես հասկանում եմ ձեր այդ հումորային տրամադրվածությունը, բայց կարծում եմ, դուք թերագնահատում եք Աֆրիկա մայրցամաքի դերն առհասարակ: Աշխարհը փոխվել է եւ փոխվել է նաեւ Աֆրիկայի դերը աշխարհում: Նա ասաց, որ դա կրթական տեսանկյունից շատ հետաքրքիր շուկա է: Եվ հետո, ըստ Արմեն Աշոտյանի, դրան պետք է նայել արտաքին քաղաքականության տեսանկյունից: Բենինը ՄԱԿ-ի անդամ է, բոլորն ունեն քվեարկության նույն ձայնը՝ Բենինը, թե Գերմանիան, ԱՄՆ-ն, թե Կոնգոն. «Բենինը քվեարկելու է եւ մեզ համար կամ մեր դեմ բանաձեւեր է քվեարկելու, հետեւաբար Բենինի, Տանզանիայի կամ որեւէ այլ երկրի հետ պետք է համագործակցել»:

Ի տարբերություն Արմեն Աշոտյանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը այո-ի քարոզարշավի համար ոչ մի հանձնարարություն չի ստացել:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ մշակույթի ոլորտում բազմաթիվ խնդիրներ եւ անելիքներ կան, եւ Ձեզ սոցցանցերում լուրջ քննադատեցին, որ մեր բազմաթիվ խնդիրները թողած՝ Մադագասկարի հետ հուշագիր եք գնացել ստորագրելու՝ մշակութային կապեր ամրապնդելու: Հիշեցնենք, որ սոցցանցերում տարածվել էր քննադատություն, որ Հասմիկ Պողոսյանը Մադագասկարում արկածներ է փնտրում:

Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. «Պատկերացրեք, Մադագասկարում հուշագիր են ստորագրում եւ Մադագասկարի լրագրողներն իրենց նախարարին հարց են տալիս՝ Հայաստանն էս ի՞նչ երկիր է, որ գնում ես Հայաստան: Բոլոր երկրներն էլ հետաքրքիր են իրենց ձեւով, բոլոր երկրների մշակույթը հետաքրքիր է: Ես գիտե՞ք ինչ եմ ուզում, որպեսզի Հայաստան տարբեր տեսակի մշակույթներ ներկայանան, տեսնենք, թե աշխարհն ընդհանրապես ինչ ձեւ է: Ցանկացած ժողովուրդ ինչ-որ մշակույթի կրող է»:

Հարցին՝ քննադատում են ավելի շատ, թե ինչո՞ւ այդպիսի էկզոտիկա նախընտրեցիք՝ նախարարը պատասխանեց. «Ես չեմ ուզենա, որ այդպիսի որակավորում տանք: Դա իրենց ժողովուրդն է՝ իր մշակույթով՝ վերջ, ո՛չ մեզանից ավել են, ոչ մեզանից պակաս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30