«Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը նոր Սահմանադրության մեջ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից վտանգավոր գործընթացների հավանականություն է տեսնում:
«Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա Ինստիտուտ» վերլուծական կազմակերպության՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ կազմակերպության անցկացրած
Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում խորագրով կլոր սեղան-քննարկմանը պարոն Հոկտանյանը խոսեց համամասնական ընտրակարգից բխող ռիսկերի մասին. «Մասնավորապես խնդիր է լինելու այն, թե ովքեր են լինելու տվյալ կուսակցության ցուցակում: Այս դրույթով կուսակցությունների ներսում ավտորիտար համակարգն ավելի է խորանում, և կուսակցության ստորին անդամներն էլ ավելի կախվածության մեջ են ընկնում ղեկավարությունից: Նրանց՝ ցուցակում զբաղեցրած տեղը որոշվելու գործընթացը վեր է ածվում բազարի, կախված նրանից, թե ով ինչքանով կվճարի, կամ ով ավելի մոտ է ղեկավարին, դրան համապատասխան տեղ էլ ցուցակում կզբաղեցնի»:
Ուստի պարոն Հոկտանյանը մտահոգություն ունի, որ գործող մեծամասնական համակարգով ընտրվող օլիգարխները հիմա կարող են հայտնվել կուսակցությունների ընտրական ցուցակներում, ինչը լուրջ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ըստ պարոն Հոկտանյանի՝ թեև կայուն մեծամասնության հետ կապված դրույթը վերջնական տեքստում խմբագրվել ու մեղմացվել է, քանի որ այժմ թույլատրվում է կուսակցություններին կոալիցիա կազմել հենց առաջին փուլից հետո, բայց միևնույն է շարունակում են մնալ դրա հետ կապված մտահոգությունները: Վարուժան Հոկտանյանի համար նաև մտահոգիչ է այն, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակելու է ԱԺ մեծամասնությունը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, խոսելով կառավարման խորհրդարանական համակարգի մասին, հղում կատարեց ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքներին. «Հաշվի առնելով ժամանակակից քաղաքագիտական գրականության մեջ եղած փորձը՝ խորհրդարանական կառավարման ձևն ավելի է նպաստում ժողովրդավարացմանը, հավասար պայմաններում նախագահական համակարգն ավելի քիչ կայուն է, քան խորհրդարանականը, որն ավելի է նպաստում անցկացնել հրատապ բարեփոխումներ: Խորհրդարանական կառավարման ձևը համապատասխան ներկայացուցչության հետ ավելի է նպաստում կուսակցական համակարգի ձևավորմանը և ուժեղացնում կուսակցությունների ազդեցությունը քաղաքականության վրա: Բայց այստեղ արժե հաշվի առնել կուսակցության տիպը, հարցն այն է, թե ինչպիսին է լինելու ինքը կուսակցությունը»:
Կարդացեք նաև
Ներկաները որոշ մտահոգություններ հնչեցրին սահմանադրական հանրաքվեի վերահսկողության թերի մեխանիզմների հետ կապված՝ մասնավորապես ժողովրդի մասնակցության առումով. չեն լինելու նրանց կողմից ներկայացված ոչ հանձնաժողովի անդամներ, ոչ վստահված անձինք, ոչ դիտորդներ: Եզրակացությունն այն էր, որ իշխանության և ժողովրդի հատվածը տարանջատված են:
Ի պատասխան պարոն Մարկարովն արձագանքեց. «Ձեր հարցի պատասխանը գտնվում է ընտրական օրենսգրքի մեջ, որի դրույթները կարգավորում են դիտորդների կարգավիճակը հանրաքվեների ժամանակ»:
Պարոն Հոկտանյանը որպես եզրափակում նշեց, որ շատ լավ սահմանադրական համակարգ կարող էինք ունենալ, եթե ունենայինք լավ ընտրություններ: Եվ հղում կատարելով «Ժառանգություն» կուսակցության անդամի ելույթին՝ նշեց. «Ժառանգության» անդամը հուսահատ ելույթ էր ունենում՝ նշելով, թե ինչպես կարելի է նվիրատվություն անել կուսակցություններին, բայց նաև նշում էր, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, երբ նման նվիրատվություն են անում: Այս ձևով կուսակցությունները չեն կայանա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ