ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վարդան Այվազյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ՀՀ կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Առաջարկվող փոփոխություններով միջնաժամկետ հեռանկարում էներգետիկ համակարգում կստեղծվեն նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ արտադրական նոր հզորություններ, այդ թվում՝ արեւային էներգիայի կիրառմամբ, որոնք զգալիորեն կթեթեւացնեն էներգետիկ համակարգում գործող արտադրական հզորությունների բեռը` նվազեցնելով կախվածությունը ներկրվող ածխաջրածնային վառելիքներից: Դրա արդյունքում կդիվերսիֆիկացվի ՀՀ տնտեսությունը` էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների ապահովման եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառման տեսակետից եւ կբարձրանա էներգետիկ անկախության աստիճանը:
ՀՀ կառավարության հեղինակած «Գործունեության իրականացման ծանուցման մասին» եւ դրան կից օրենսդրական փաթեթն առաջին ընթերցման ընթացակարգով քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Հաշվի առնելով ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հանձնարարականը եւ ներկա իրավիճակը՝ կառավարությունն առաջարկում է ՀՀ տարածքում գործունեության որոշ տեսակների իրականացման համար ներդնել ծանուցման մեխանիզմ, այդ թվում՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները դարձնել ծանուցմամբ իրականացվող, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը, սահմանել ծանուցում ներկայացրած իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի եւ ֆիզիկական անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգ:
«Հարկերի մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերին հնարավորություն ընձեռել գործունեություն իրականացնել նաեւ ընտանեկան ձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում:
«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը: Նախագծի նպատակն է տարանջատել սահմանամերձ համայնքներում արտադրական եւ առեւտրային գործունեություն ծավալող ընկերություններին տրամադրվող արտոնությունները, մասնավորապես` արտադրական գործունեություն իրականացնող ընկերություններին արտադրության կազմակերպման եւ արտադրամասերի կառուցման համար ձեռք բերված ապրանքների համար ԱԱՀ-ի մասով արտոնություններ տրամադրել: Վերոնշյալ արտոնության սահմանումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի սահմանամերձ համայնքներում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների համար:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը եւս քննարկվել է առաջին ընթերցումով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթով կարգավորվում եւ պարզեցվում է հարկ վճարողների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման գործընթացը, կրճատվում են պետական բյուջեից հարկ վճարողների գումարների հետ վերադարձման ժամկետները, գումարների վերադարձման հետ կապված պահանջվող փաստաթղթերը, հստակեցվում են պարտավորությունների հաշվառման կարգն ու ժամկետները, նույնականացվում են հարկային հաշվարկների ներկայացման եւ հարկային պարտավորությունների վճարման ժամկետները՝ կրճատելով հարկ վճարողի բիզնես գործընթացների հետ կապված ժամանակատարությունը: Առաջարկվում է հարկային պարտավորությունների վճարման համար ներկայումս գործող բազմաթիվ գանձապետական հաշիվների փոխարեն բացել մեկ գանձապետական հաշիվ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունն առաջարկում է 2018 թվականից կանխել նոր գերավճարների առաջացումը, իսկ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առկա գերավճարները հաշվառվելու են գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում:
Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հեղինակած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարի ժամկետով:
ՀՀ ԱԺ