Այսօր սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինչքան առավելություններ են տալու Սահմանադրական փոփոխությունները:
Հարցին՝ եթե այդքան լավ բան է, ինչո՞ւ են մարդիկ ձեր այդ լավ մտադրություններին այդքան մեծ կասկածանքով վերաբերվում՝ նախարարը պատասխանեց. «Ես ձեր նման՝ որպես քաղաքացի հետեւում եմ ոչ-ի միտինգներին: Խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ են այն ահռելի ոչ-երը, որ դուրս են եկել փողոց եւ պահանջում են չընդունել այս Սահմանադրությունը»:
Լրագրողները հարցրեցին՝ այսինքն, ոչ չկա՞՝ նա պատասխանեց. «Չեմ ասում չկա, կան անտարբերներ, կան չեզոքներ, ուշադրություն չդարձնողներ, կան քաղաքականապես ակտիվ երկու թեւեր՝ այո-ի կողմնակիցներ եւ ոչ-ի կողմնակիցներ: Ես հեռուստատեսությամբ եմ տեսել միտինգները, խնդրում եմ տեսեք՝ քանի՞ հոգի է դուրս եկել եւ պաշտպանել»:
Թե այո-ին քանի՞ մարդ է պաշտպանում՝ Հրանուշ Հակոբյանը վկայակոչեց «Գելափ Ինթերնեյշնլի» տվյալները. «Ասում են՝ 29 տոկոսը այո է ասում, 26 տոկոսը ոչ է ասում: Այսօր սա ունենք: Մեկ ամիս ճամփա կա անցնելու, եկեք համբերենք, ինչո՞ւ եք այդքան ըմբոստացած»:
Կարդացեք նաև
Երբ հիշատակեցին կեղծված ընտրությունների փորձը՝ նախարարը ձեռքը դրեց սրտին ու ասաց. «Այդ բառերը ճիշտ չեք օգտագործում: Խնդրում եմ, էդ բառերը էլ չասեք, ես չեմ ընդունում: Ես իմ օրինակի վրա կարող եմ ասեմ այն, ինչ տեսել եմ: Եթե դուք այդքան մտահոգված եք կեղծիքներով, մենք ունենք 1900 ընտրատարածք, ընտրատեղամասեր, գնացեք հսկողություն սահմանեք: Եթե մեր ընդդիմությունը ուժեղ է, կարող է, թող գնան անդամների միջոցով հսկեն: Մինչեւ դուք չտեսնեք այդ կեղծիքը, իրավունք չունեք ասելու»:
Լրագրողները փոխանցեցին՝ Լեւոն Զուրաբյանն ասում է, որ մենք ռեմբոներ չենք՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ես ուրիշ բան եմ ասում՝ ոչ մի բան կատարյալ չէ էս աշխարհում: Չեմ կարող ասել, որ ինչ-որ մի հատ գյուղում 100 տոկոսով օրենսգիրքը կպահպանվի, թե կարող են խախտումներ լինեն, բայց ընդհանուր խոսել, դա վերագրե՞լ: Դրեք ձեր մարդկանց, թող հսկողություն սահմանեն»:
Արձագանքին՝ ընդդիմությունն ասում է՝ իրենց վստահված անձին ծեծում են, վախեցնում են, ահաբեկում, փող են տալիս՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Չեմ հավատում, ես չեմ ուզում հավատալ: Որպեսզի մեր նույնիսկ լավ գործը սեւացնեն, դեռ չծնված մանուկ՝ մենք փորձում ենք խեղդել»:
Հրանուշ Հակոբյանն առաջին անգամ էր լսում նաեւ ընտրակաշառքի բաժանման մասին:
Սփյուռքի նախարարը համոզված է՝ բնակչության մեծամասնությունը այո է ասելու: Թե որտեղից ունի այդ համոզվածությունը նախարարը՝ պատասխանեց. «Քաղաքական ուժերի դասավորությունը, կոնսոլիդացիան, ոչ-ի կողմնակիցների խումբը, որը հավաքվել է, շատ ավելի քիչ են, քան այո-ի խումբը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ