«Ես ունեմ տարածք, դա Գեղարքունիքի մարզն է՝ իմ շատ հարազատ տարածքն է: Ես անպայման կլինեմ իմ տարածքում շաբաթ-կիրակի օրը եւ կփորձեմ իմ հայրենակիցներին բացատրել նոր Սահմանադրության առանձնահատկությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսպես ներկայացրեց, թե ինչպես է քարոզելու այո-ն:
Նա ասաց, որ եթե հանձնարարություններ լինեն, կգնա նաեւ այլ մարզեր: Թե ինչու պետք է «այո» ասեն մարդիկ Սահմանադրությանը՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Գիտեք, 25 տարի շարունակ դուք դժգոհում եք, ասում եք՝ մի բան այն չէ, դեռեւս չենք հասել կատարելության, ունենք թերություններ, սխալներ, համակարգային են այդ սխալները: Հիմա համակարգային փոփոխություն ենք առաջարկում»:
Ըստ նախարարի, գործող Սահմանադրությամբ մարդիկ իրենց խնդիրներով անընդհատ նախագահին են դիմում, որը չի կարող այդ հարցերը լուծել. «Օրինակ, «Նաիրիտի» աշխատավարձի հարցը: Ինչո՞ւ են գալիս նախագահից պահանջում, դա լրիվ կառավարության հարցն է: Մենք ի վերջո նախագահին անվստահություն հայտնելու մեխանիզմ չունենք: Նա պետք է կամ ազգային, պետական դավաճանություն անի կամ ծանր հանցագործություն, որը, կարծում եմ, որեւէ նախագահ չի անի: Բայց այս նոր ձեւով փաստորեն երկրում գլխավոր դերակատարը դառնում է վարչապետը, իսկ նա լինում է պատասխանատու պառլամենտի առաջ, որը ցանկացած պահի կարող է նրան անվստահություն հայտնել, եթե չարդարացնի: Մենք ասում ենք՝ գնանք ավելի ժողովրդավարական պետության, սխալներն ուղղենք»:
Ոչ քարոզողները գտնում են, որ Սերժ Սարգսյանն ընդամենը ուզում է ՀՀԿ-ի իշխանությունը վերարտադրել: Հրանուշ Հակոբյանը հակադարձում է՝ «Դրանք ծեծված խոսակցություններ են: Իսկ ո՞վ ասաց, որ չփոխվող Սահմանադրության դեպքում հնարավոր չէ, որ այսօրվա նախագահը վարչապետ դառնար»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ այս դեպքում կարող է ԱԺ նախագահ դառնալ՝ նախարարը արձագանքեց. «Ճիշտ չեք հաշվարկում, սիրելիներս, ՀՀ նախագահը իր լիազորությունները դադարեցնում է 18-ին, իսկ ԱԺ ընտրությունները 2017-ին են»:
Լրագրողներն ասացին, որ խորհրդարանական կառավարման համակարգի դրական կողմերի հետ սահմանադրական փոփոխություններում նշել եք կայուն մեծամասնություն, որը փչացնում է ամեն ինչ՝ Հրանուշ Հակոբյանը չհամաձայնեց. «Չի փչացնում: Մեծամասնությունը լավագույն դեպքում 51-52 տոկոսն է, ոչ ավելի: Շատ ու շատ պաշտոններ ընտրվում են 2/3-րդով, այսինքն, եթե ընդդիմությունը եւ իշխանությունը միմյանց հետ չգտնեն ընդհանուր լեզու, շատ խնդիրներ չեն լուծվելու»:
Նա ասաց, որ իշխանության եկած ուժը պետք է ընդդիմության հետ անպայման համագործակցի, հակառակ դեպքում չի ստացվի: Եվ ընդգծեց, որ ընդդիմությանը լուրջ լծակներ են տալիս:
Aravot.am-ը ճշտեց՝ այսինքն, Դուք ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանն այս ամենը նախաձեռնել է միայն ընդդիմության համա՞ր՝ նախարարը պատասխանեց. «Ոչ, նա նախաձեռնել է, որպեսզի երկրում խորացնի ժողովրդավարական գործընթացները, համակարգային մոտեցումները»:
Հարցին՝ եթե այսպիսի մոտեցումներ ունեիք, ինչո՞ւ նախընտրական ծրագրում չկար դա՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Պարտադիր պիտի ամեն ինչ նախընտրական ծրագրում լինե՞ր: Չեմ կարծում, որ բոլոր զարգացումները կարելի էր քաղաքական ծրագրում դնել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ