Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունիի» սրտաբանականը բժշկական տուրիզմին արդեն նպաստում է» (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2015 16:04

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական ծառայության ստեղծման 30- ամյակի առիթով այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է երկօրյա գիտաժողով, որին մասնակցում են Երեւանի առաջատար սրտաբանական կենտրոնների, Հայաստանի մարզերի, Արցախի, սրտաբանները: Այս գիտաժողովը նախատեսված է սրտաբանների, ընտանեկան բժիշկների, թերապևտների եւ ընդհանուր պրակտիկայի բժիշկների համար:

Գիտաժողովի աշխատանքների ընթացքում կներկայացվեն բժշկագիտության, մասնավորապես սրտաբանության վերջին ձեռքբերումները, կքննարկվեն հետաքրքիր կլինիկական դեպքերը:

«1990-ականներից սկսած «Էրեբունի» բժշկական կենտրոնում սրտաբանությունը դարձել է առաջնային ուղղություններից մեկը, սրտաբանական բաժանմունքը զարգացել եւ դարձել է հզոր սրտաբանական կենտրոն՝ հանրությանը մատուցելով բոլոր տեսակի նեղ սրտաբանական օգնություն եւ ծառայություններ»,-ասաց Հայաստանի գլխավոր սրտաբան, «Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանության բաժնի վարիչ Համլետ Հայրապետյանը:

2000-ականների սկիզբը նոր բեկումնային էր կենտրոնի սրտաբանական ծառայության համար. այստեղ, ինչպես վստահեցրեց Հայրապետյանը, սկսվեցին իրականացվել կորոնարոգրաֆիա, անգիոգրաֆիա, ստենտավորում, ինչպես նաեւ սրտի բաց վիրահատություններ: Գլխավոր սրտաբանի ներկայացմամբ՝ բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է 1200-1500 ներանոթային միջամտություն, առիթմոլոգիական վիրահատություններ, պահպանողական բուժում.«Չկա որեւէ նեղ մասնագիտական խնդիր, որին լուծում չտրվի»:

Այսօր «Էրեբունիի» սրտաբանական կենտրոնում գործում են անհետաձգելի սրտաբանության բաժանմունքը, սիրտ-անոթային վիրահատության բաժանմունքը, առիթմոլոգիական սրտաբանական կենտրոնը, կարդիոպուլմոնոլոգիական բաժանմունքը, անգիոգրաֆիկ ծառայությունը, սրտանոթային հետազոտությունների ծառայությունը, պարանոցային անոթների եւ սրտի վիրաբուժության ծառայությունը:

«Սակայն Էրեբունին Էրեբունի չէր դառնա, առավել եւս սրտաբանական կենտրոնը չէր հասնի նման հաջողությունների, եթե այն չառաջնորդեր Հարություն Քուշկյանը: Նա կանգնած է «Էրեբունի» ԲԿ-ի եւ սրտաբանական ծառայության ակունքներում, նա իր գաղափարներով ու մտածողությամբ միշտ տեսնում է մի քանի քայլ առաջ»,-ասաց Համլետ Հարությունյանը:

Գիտաժողովի մասնակիցներից է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Մոսկվայի սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի ռենտգենավիրաբուժական եղանակներով սրտի եւ արյան անոթների հետազոտման եւ բուժման բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում սրտաբանության ներդրման մասին, պատմեց այն բժիշկների մասին, որոնք մեծ ավանդ ունեն մեր երկրում բժշկության այդ ոլորտը զարգացնելու գործում:

Մանրամասն՝ տեսանյութում

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով՝ բժշկագիտության զարգացման գործում ներդրած անգնահատելի ավանդի համար հուշամեդալով պարգեւատրվեց Համլետ Հայրապետյանը, իսկ «Էրեբունիի» մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին առողջապահության նախարարության պատվոգրով, ինչպես նաեւ նախարարության կողմից գիտաժողովի մասնակիցներին տրվելու են հավաստագրեր, եւ շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտներ:

Բ/կ-ի գլխավոր տնօրեն Նարինե Մամիկոնյանը մրցանակներ հանձնեց սրտաբանական ծառայության հիմնադիրներին, ծառայության զարգացման համար մեծ ավանդ ներդրած մասնագետներին:

Aravot.am-ի հետ զրույցում Համլետ Հայրապետյանը պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք մեր երկիրը ներուժ ունի՞ բժշկական տուրիզմի զարգացնելու համար, մասնավորապես՝ սրտաբանության ուղղությամբ, ասաց, որ մեզ մոտ արդեն տարածաշրջանից շատ են գալիս նման վիրահատությունների: Ըստ բժշկի, հենց երեկ Թուրքիայից մի կնոջ, որի ամուսինը ազգությամբ թուրք է, վիրահատել են «Էրեբունիում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30