Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Խաղողի այս տարվա մթերումը գյուղացու համար նման էր պատերազմական իրադրության» (Տեսանյութ)

Նոյեմբեր 06,2015 15:43

2016 թվականը գյուղացու համար շատ ավելի ծանր տարի կլինի, քան այս տարին էր: Այս համոզմանն է «Հայաստանի գինեգործների միության» նախագահ Ավագ Հարությունյանը: Պարոն Հարությունյանն իր այս մտահոգությունը հիմնավորեց այսպես. «Մթերող ընկերությունները չեն հասցնի տարեսկզբին գյուղացու գումարները վճարել, իսկ այգու վրա աշխատանքների ծախսերը գոյանում են ապրիլ-մայիս ամիսներին, այսինքն` գյուղացին չի կարող պարզ վերարտադրություն կատարել: Պետությունը նրան օգնելու համար պետք է փորձի գյուղացիների համար էժան տոկոսադրույքներով վարկեր տրամադրել»:

Այսօր «Փաստարկ» ակումբում Ավագ Հարությունյանը մատնանշեց այն սխալները, որոնք տեղի ունեցան խաղողի մթերման ժամանակ: Ըստ նրա, այդ հարցում իր մեղավորությունն ունեին թե’ պետությունը, թե’ մթերող կազմակերպությունները, թե’ գյուղացին:

Ըստ Ավագ Հարությունյանի, պետության սխալն այն էր, որ բիզնեսն իրենից զատեց. «Մենք պատերազմող պետություն ենք, մենք ճգնաժամերի մեջ անընդհատ հայտնվող պետություն ենք եւ իրավունք չունենք, որ պետությունը բիզնեսից հեռու լինի: Պատերազմական իրավիճակներում պետությունը պետք է մոնոպոլ քայլեր ձեռնարկի»:

Մանրամասները տեսանյութում

Ավագ Հարությունյանի խոսքերով, վերամշակող կազմակերպությունների սխալն այն էր, որ ժամանակին գործարանները գնեցին առանց որեւէ պարտավորությունների, չկարողացան վերասարքավորել եւ չունեն այն մասնագետները, որոնք երեք հերթափոխով կաշխատեն:

Գյուղացու սխալների մասին խոսելիս էլ Ավագ Հարությունյանն, ասաց, որ 20 տարվա ընթացքում գյուղացին իր խաղողի այգիները չդիվերսիֆիկացրեց, այսինքն` միայն մեկ տեսակ խաղող աճեցրեց, մինչդեռ մի քանի տեսակ խաղողից գյուղացին կարող էր ավելի շատ գումար վաստակել. «Եթե, օրինակ` սովորական խաղողից բացի իր այգում ունենար Մուսկաթ տեսակի խաղող, ապա կարող էր կիլոգրամը նվազագույնը 300 դրամով հանձնել»:


Պարոն Հարությունյանը նաեւ ասաց, որ գործարարների եւ պետության սխալներից մեկն էլ այն էր, որ մատակարարման գրաֆիկ չկազմեցին, ինչը պարտավոր էին անել գյուղացիական տնտեսություններին աջակցող կենտրոնները` ԳԱՄԿ-երը. «ԳԱՄԿ-երը պետք է գործարանի հետ համատեղ մշակեին մթերման գրաֆիկները: Սա նման էր պատերազմական իրադրության գյուղացու համար, պետությունը պետք է գրաֆիկ սահմաներ եւ պատժեր գրաֆիկը խախտողներին»:

Միության նախագահի ոչ պաշտոնական տվյալներով, ընդհանուր առմամբ, այս տարի 310 հազար տոննա խաղողի բերք է եղել, որից 215 հազար տոննան վերամշակման համար: Գյուղացին խաղողը մթերել է միջինը 120-130-140 դրամով, չնայած, որ ըստ պարոն Հարությունյանի, ամենավերջին օրերին 40 դրամի մասին էլ խոսք կար:

Ավագ Հարությունյանի կանխատեսմամբ, 2-3 տարի էլ հայ գինեգործները վնասով կաշխատեն, քանի որ Ռուսաստանում ռուբլին արժեզրկված է, նավթի գները չեն բարձրանում, մեր արտադրողներն էլ չեն կարողանում իրենց արտադրանքի գները 10-15 տոկոսից ավել բարձրացնել, չնայած նրան, որ դոլարը երկու անգամ թանկացել է:

Ավագ Հարությունյանը նաեւ ասաց, որ 2018-2019 թթ.-ին 40-50 տոկոսով կոնյակի արտահանումը կմեծանա: Ինչ վերաբերում է գինեգործների կրած վնասներին, ապա պարոն Հարությունյանի խոսքերով, այս տարի նրանք 60 տոկոս վնասով են աշխատել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30