Գերմանական Բոնն քաղաքում նոյեմբերի 1-ին բացվել է «Բոլորս միասին» ցուցահանդեսը, որում ներկայացվում են հայ, գերմանացի եւ իսլանդիացի 11 նկարիչների աշխատանքներ: Հայ արվեստագետները՝ Վահան Ռումելյանը, Սերգեյ Նարազյանը, Արման Վահանյանը և Օվսաննա Շեկոյանը ներկայացրել են տարբեր ժանրերի աշխատանքներ, որոնք, ինչպես նաեւ նկարիչների կենսագրությունները, ներառվել են երկլեզու պատկերագրքում: Այս մասին այսօր Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց միջոցառման նախաձեռնող՝ «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը:
Նա պատմեց, որ հիմնադրամն առաջին անգամ Բոնն է մեկնել 2013թ. եւ մասնակցել «Առանց սահմանների» միջազգային փառատոնին: Այդ ժամանակ առաջին անգամ Հայաստանը ներկայացրել է Տիգրան Սահակյանը. «Փառատոնը հիմք հանդիսացավ Բոննի հետ հետագա գործակցության համար: 2014թ. գերմանացիներն էլ Երեւանում մասնակցեցին «Առանց սահմանների 2» փառատոնին: Բոննը ժամանակին Գերմանիայի մայրաքաղաքն է եղել եւ այդտեղ են կենտրոնացած մշակույթի եւ ժամանակակից արվեստի բոլոր կառույցներն ու հիմնարկները: Այդ քաղաքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն արձագանք է գտնում ամբողջ Գերմանիայում»:
Անդրադառնալով ցուցահանդեսին՝ հիմնադրամի նախագահը կարեւորեց դրա նպատակը. «Գաղափարն այն է, որ մենք գոյություն ունենք եւ կարող ենք գերմանացիների հետ նույն հարթակի վրա ներկայացնել մեր ժամանակակից արվեստը: Այն իսկապես կարող է մեծ զարմանք առաջացնել»,-ասաց Սոնա Հարությունյանը՝ հավելելով, որ ցուցահանդեսի մասնակիցները եւ արվեստասեր հանրությունը հիացած են հայ նկարիչների աշխատանքներով:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, կշարունակվի մինչեւ նոյեմբերի 27-ը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ