Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Մուրադյան. «Ջնջվել են հեռուստա եւ վավերագրական կինոյի սահմանները»

Նոյեմբեր 06,2015 15:20

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը վերջին 1 տարում միջազգային տարբեր ծրագրեր է իրականացրել, հրավիրել լեհ մասնագետների, որոնք ուսուցանել են բեմական շարժում, պլաստիկայի, շնչառական վարժությունների հմտություններ: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ կանադացի մասնագետն էլ դերասաններին պրոֆեսիոնալ գրիմի տեխնոլոգիաներ է սովորեցրել. «Վերջերս էլ շվեյցարացի բեմանկարիչ էր եկել, որ թատերական դեկորի հմտություններ սովորեցրեց մեր ուսանողներին»:

DCIM105MEDIAՆշենք, որ «Կին» միջազգային 12-րդ փառատոնի շրջանակում այսօր ԵԹԿՊԻ-ում էր շվեդ ռեժիսոր Կարինա Էկբերգը, որը վարպետության դաս անցկացրեց ապագա կինոռեժիսորների հետ. «Սա լավ առիթ է, որպեսզի ուսանողները հարցեր ուղղեն եւ իրենց տեսադաշտը լայնացնեն, դուրս գան տեղայնական մտածողությունից եւ ունենան տարբեր կինոմշակույթների ուսումնասիրության փորձ: Էկբերգը փորձառու վավերագրող է: Այսօր խնդիր կա՝ ինչպես անել, որ կինոն լինի վավերագրություն եւ միաժամանակ մատուցվի որպես արվեստ»,-ասաց Դավիթ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին վավերագրական կինոյի մեծ դպրոց ունեինք՝ շնորհիվ Արտավազդ Փելեշյանի եւ Ռուբեն Գեւորգյանցի, որոնք ստեղծել են հայկական հեղինակային վավերագրության դպրոցը. «Իսկ վերջին շրջանում ջնջվել են հեռուստակինոյի եւ վավերագրական կինոյի սահմանները: Այսօրվա վավերագրական կինոն ավելի շատ հեռուստատեսային է, ոչ թե կինոարվեստին բնորոշ: Անհրաժեշտ է վավերագրական կինոյում վերականգնել արվեստ հասկացությունը»:

Որպես օրինակ ռեկտորը հիշատակեց Լաերտ Վաղարշյանի՝ Մարտիրոս Սարյանին նվիրված եւ Գրիգոր Մելիք-Ավագյանի «7 երգ Հայաստանի մասին» ֆիլմերը, որոնք սովետական տարիներին դուրս եկան ստանդարտներից եւ վավերագրական նյութը դարձրեցին արվեստի նյութ:

Դավիթ Մուրադյանը նաեւ տեղեկացրեց, որ ինստիտուտը պայմանագիր է կնքել ՅՈՒՆԵՍԿՕ-ի թատերական կրթության հաստատությունների ասոցիացիայի հետ, որի շրջանակում ԵԹԿՊԻ-ի երիտասարդ դասախոսներից մեկը վերապատրաստվում է Բեռլինում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30