Նոյեմբերի 6-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը եւ հանձնաժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը հանդիպել են Վիշեգրադյան քառյակի երկրների արտաքին գործերի նախարարությունների քաղաքական վարչությունների տնօրենների հետ:
Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին: Այս համատեքստում հայ պատգամավորները, շեշտելով, որ ամեն անգամ հրադադարի ռեժիմի խախտման արձագանքներում փորձ է արվում կողմերի միջեւ հավասարության նշան դնել, կարեւորել են, որ միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկի՝ ստանալու իրական տեղեկատվություն:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ Ալեքսանդր Արզումանյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրենց դիրքորոշումներն են ներկայացրել ՀՀ-ԵՄ համագործակցության առնչությամբ:
Հյուրերը հետաքրքրված էին նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություններով եւ այդ առնչությամբ հանրության տեսակետներով: