Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ներկայացուցչական լինենք, հո տաբուրետկեքին չե՞ն նստի».Մանվել Բադեյանը վարչական ծախսերի մասին

Նոյեմբեր 06,2015 14:45

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի բնորոշմամբ, 2016 թվականի բյուջեն զուսպ է, ինչ-որ առումով տխուր բյուջե է:

Այսօր «Հայելի» ակումբում նա բյուջեի դրական կողմ մատնանշեց այն, որ կառավարությունը ամպագորգոռ ժողովրդահաճո մտքեր չի տեղադրել բյուջեում:

Նախկին պատգամավորի համար հաջորդ տարվա բյուջեն հեռու է սոցիալական լինելուց. «Այն սոցիալական բյուջե որակելուց պետք է հրաժարվենք, որովհետեւ ցանկացած երկրի բյուջեն հենց պետք է գլխավորապես սոցիալական բնույթ կրի: Բայց սոցիալական ասում ենք այն պարագայում, երբ ճոխ ծախսեր են լինում, փոքր ծախսերը՝ աշխատավարձեր, կենսաթոշակներ տրամադրելը դեռ չի կարելի որակել սոցիալական բյուջե»:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի խոսքով, հաջորդ տարվա բյուջեն միանշանակ սոցիալական է, քանի որ 47 տոկոսը միայն սոցիալական հարցերի լուծմանն է ուղղված. «Զարգացման բյուջե, իհարկե, չի կարելի անվանել: Բյուջեն արտացոլումն է ընդհանուր տնտեսական իրադրության եւ տնտեսության զարգացումն այն տեմպերով չի լինում, որի մասին կերազեինք»:

Ինչ վերաբերում է վարչական ծախսերին, պարոն Բոստանջյանը հարցրեց՝ որտեղի՞ց խուճուճ բազմոցները: «Բայց դրանից քանի՞ հատ է, քիչ է չէ՞, հինգ հատ: Տաբուրետկեքի վրա հո չե՞ն նստելու հյուրերը, ներկայացուցչական պետք է լինենք»,- հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Պարոն Բոստանջյանն էլ ասաց, որ նախօրեին ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի հեղինակներին տաբուրետկի վրա պետք է նստեցնել:

Հարցին, թե բյուջեի կատարողականը չապահովելու համար պատասխանատվության չպե՞տք է ենթարկվեն մեղավորները, պարոն Բադեյանը շարունակեց. «Բյուջեն օրենք է կառավարության համար: Ինչ վերաբերում է կատարում կամ չկատարում հարցին, բյուջեն կանխատեսում է, իսկ կանխատեսման մեջ միշտ ռիսկեր կան: Եթե չի կատարվում, ապա օրենքով ամրագրված է, որ եթե կառավարության անգործության պատճառով է, ապա ԱԺ-ն, ՀՀ նախագահն իրավունք ունի կառավարության հրաժարականը պահանջել, սխալ կանխատեսման արդյունքո՞ւմ է, պետք է համապատասխան կադրային փոփոխություններ լինեն կանխատեսողների ու բյուջեն հաստատողների դեպքում: Բայց ամեն չկատարման համար միշտ մեղադրել որեւէ մարդու, սխալ է: 100 տոկոսանոց զուգադիպություն որեւէ երկրում հնարավոր չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30