Վաշինգտոնի` քրդերին զինամթերք փոխանցելու վերջերս կայացրած որոշումը, Անկարայի պատասխան հայտարարությունը քրդերի դեմ Սիրիայի տարածքում վերգետնյա ռազմական գործողություններ սկսելու մասին, Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում և միլիոնավոր սիրիական փախստականներ` այս բոլոր հարցերը միանշանակ է´լ ավելի մեծ լարվածություն կստեղծեն հարևան Թուրքիայում:
Այդ ամենն անպայման կարտացոլվի մեր երկրի վրա: Դեռևս նախկին Կառավարության օրոք Թուրքիայի քաղաքացիներին սկսեցին զանգվածայնորեն վրացական անձնագրել տրամադրել: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն միայն` վերջին տասը տարիների ընթացքում շուրջ 100 000 թուրք ստացել է վրացական քաղաքացիություն: Դրան անհրաժեշտ է հավելել նաև Շևարդնաձեի ստորագրած Կարսի պայմանագիրը Թուրքիայի հետ: 1921թ. Կարսի պայմանագիրը վրացական իշխանությունները ստորագրել են 1992 թ.-ին: Վրաստանի երկրորդ նախագահի կողմից ստորագրված պայմանագրի վավերականությունն անժամկետ է:
Մինչ խորհրդային իշխանությունները 1921թ. կձևակերպեին մեզ համար անշահավետ Կարսի պայմանագիրը, 1918թ. Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները Թուրքիայի հետ ստորագրեցին է´լ ավելի անշահավետ և ստրկային Բաթումիի պայմանագիրը: Մինչդեռ, հարկ է նշել, որ Բաթումիի պայմանագրի ստորագրելու պահին թուրք զինվորները գտնվում էին Անդրկովկասի տարածքում: Այդ պահին թուրք զինվորները բռնագրավել էին Բաթումին, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Ախալքալաքը, Սուրմալուն, Էջմիածինը:
Բաթումիի պայմանագրի պայմանների համաձայն` Վրաստանը կորցրեց 11 381 քառ. կմ տարածք շուրջ 250 000 մարդ բնակչությամբ: Հայաստանը զրկվեց 18 125 քառ. կմ տարածքից` 404 000 մարդ բնակչությամբ:
Կարդացեք նաև
Բացի այդ 1918թ. հունիսի 4-ին Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել էր ևս մեկ պայմանագիր, որի համաձայն` վրացական Կառավարությունը պարտավոր էր ցրել իր բանակը, ինչպես նաև իր տարածքից աքսորել բոլոր այն զինվորական կամ քաղաքացիական անձանց, ովքեր դեմ կլինեին Թուրքիայի և Վրաստանի միջև գոյություն ունեցող հարաբերություններին: Այն տարիներին թուրքերը ամբողջական վերահսկողություն ստանձնեցին վրացական երկաթուղիների վրա:
Նոէ Ժորանիայի Կառավարությունը Աջարիան անվանում էր Մուսուլմանական Վրաստան: Առաջին Հանրապետության տարիներին Աջարիայում անցկացվեց ռեֆերենդում, որի արդյունքների համաձայն` շրջանին տրվեց ինքնավարության կարգավիճակ: 1921թ.-ին Վրաստանի Սահմանադրությունում գոյություն ուներ նման գրառում. «Վրաստանի անբաժանելի մասն են կազմում Աբխազիան (Սուխումիի մարզ), Մուսուլմանական Վրաստանը (Բաթումիի մարզը), Զաքատալան (Զաքատալիի մարզ): Այս երեք շրջաններն ունեն ինքնավար Կառավարություն»:
1918թ. Թուրքիան բռնագրավել է Հարավային Վրաստանի մեծ մասը: Միայն Գերմանիայի` Թուրքիայի ռազմական դաշնակցի միջամտությունն այն տարիներին փրկեց Վրաստանի մնացած մասը: 1920թ. գարնանը Թուրքիան հայտարարեց կապիտուլյացիայի մասին: Տվյալ իրադարձությունը մեխանիկորեն չեղյալ էր հայտարարում Բաթումիի պայմանագիրը: Աջարիայի տարածք մտան Անտանտի զորքերը, որոնք 1920թ. հուլիսին թուրքերի կողմից գրավված տարածքները վերադարձրին վրացական ղեկավարության վերահսկողության տակ:
Ինչ վերաբերում է 1921թ. հոկտեմբերի 16-ին ստորագրված Կարսի պայմանագրին, այն ստորագրել են երեք սուբյեկտներ: Առաջինը` Անդրկովկասի խորհրդային հանրապետությունները, երկրորդը` Ռուսաստանը և երրորդը` Թուրքիան: Այս պայմանագրի պայմանների համաձայն` Թուրքիայի վերահսկողություն տակ անցան Կարսը, Արդահանը, Արդվինը: Բաթումին վերադարձվեց Խորհրդային Վրաստանի կազմում, բայց այն պայմանով, որ մուսուլմանական Վրաստանը կունենա ինքնավարության բարձր մակարդակ:
Կարսի պայմանագրի համաձայն` հենց Թուրքիան է Աջարիայի շրջանի ինքնավարության պահպանման երաշխիքը: Այն դեպքում, եթե ինչ-որ բան սպառնա Աջարիայի Հանրապետությանը, Թուրքիան իրավունք ունի միջամտության, այդ թվում նաև ռազմական միջամտության մասին ինքնուրույն որոշում կայացնել:
Հարկ է նշել, որ Կարսի պայմանագրի ստորագրման պահին Խորհրդային իշխանությունը ծայրահեղ թույլ էր: Խորհրդային Միությունն ընդունում էր այդ պայմանագիրը` որպես իր ընկերությունը Թուրքիայի պարտադրելու փորձ: Այդ իսկ պատճառով տվյալ պայմանագիրն ավելի համապատասխանում է Թուրքիայի, քան Խորհրդային Միության շահերին: Արդեն չենք խոսում Անդրկովկասի Հանրապետությունների շահերի մասին, որոնց կարծիքն այն տարիներին ոչ ոքի չէր էլ հետաքրքրում:
Հետաքրքիր է, որ արդեն իսկ 1940թ. Մոլոտովի` Գերմանիա կատարած այցելության ընթացքում Խորհրդային կառավարությունը հիտլերյան Գերմանիայից պահանջում էր աջակցել Թուրքիային փոխանցված տարածքների հանդեպ վերահսկողությունը վերականգնելու ԽՍՀՄ-ի ձգտմանը: Հարկ է նշել, որ Բեռլինյան հայտարարությունից հետո ԽՍՀՄ-ի Արտաքին գործերի նախարարները, Թուրքիայի ներկայացուցիչները միանգամից ժամանեցին Մոսկվա` բանակցությունների: Խորհրդային Կառավարությունը պահանջեց վերանայել Կարսի պայմանագրի պայմանները:
1943թ. իրավիճակն ավելի փոխվեց: ԽՍՀՄ-ի կառավարությանն ուղղված իր նամակում դեսպան Վինոգրադովը գրում է. «Քանի որ միջազգային դրությունը կտրուկ փոխվել է, չեզոք Թուրքիան դառնում է ավելի ու ավելի բացասական գործոն, որը խանգարում է մեզ և մեր դաշնակիցներին Բալկանյան թերակղզու տարածքում ռազմական գործողություններ վարել: Մենք թուրքական կառավարությանը պետք է առաջարկենք, որպեսզի իրենց տարածքը տրամադրեն մեզ մեր զինվորների անցումն ապահովելու համար: Եթե թուրքերը հրաժարվեն բավարարել մեր պահանջները, դա կմեծացնի մեր պահանջները, այդ թվոււմ նաև տարածքային, որոնք կուտակվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման պահից»:
1945թ. մայիսի 24-ին Մոսկվա է ժամանել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարը: Թուրքական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում Մոլոտովը հայտարարել է, որ «ԽՍՀՄ-ը ճիշտ ժամանակն է համարում Կարսի պայմանագիրը վերանայելու համար, որը ստորագրվել է առանց հաշվի առնելու Վրաստանի և Հայաստանի շահերը: Հայաստանը և Վրաստանը կորցրել են պատմականորեն իրենց պատկանող հսկայական տարածքներ, որոնց վրա խիտ բնակեցված է հայ և վրացի բնակչություն»: Մոլոտովի տվյալ հայտարարությանը թուրք նախարարը պատասխանեց հետևյալը. «Այն տարիներին Թուրքիան Խորհրդային Միությանը ընկերության ձեռք մեկնեց: ԽՍՀՄ-ը ընդունեց այն մի քանի քառ. կմ. տարածքների հետ միասին»: Դրանով իսկ թուրք նախարարը նշում էր, որ Բաթումիի հանձնումը ԽՍՀՄ-ի կազմի մեջ թուրք պետության կողմից «բարի կամքի» դրսևորում էր: Թուրքերը միանշանակ Բաթումին համարում են իրենց պետության մի մասը, որն անարդարացիորեն այսօր գտնվում է Վրաստանի կազմում:
Ինչ էլ որ լինի, 1992թ. Վրաստանի Կառավարությունը հարություն տվեց Կարսի պայմանագրին: Պայմանագիր, որն առանց որևէ հիմնավորման Թուրքիային նվիրեց պատմական Հայաստանի և Վրաստանի հսկայական տարածքներ, ինչպես նաև Թուրքիային լիազորեց եզակի իրավունքներով Աջարիայի Ինքնավար Հանրապետության նկատմամբ:
Մերձավոր Արևելքում ձևավորված անդադար փոփոխվող իրավիճակի հաշվառմամբ` Վրաստանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, այդ թվում նաև Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարմանը և թուրք կառավարությանը ներկայացնելու մեր նախնիների տարածքները Վրաստանին վերադարձնելու իրենց պահանջը:
Վիկտոր Ցաավա