ՀՀ Հանրային խորհուրդը նոյեմբերի 5-ին գումարել է փոքր խորհրդի նիստ, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք լիագումար նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ:
Խորհրդի անդամները ևս մեկ անգամ անդրադարձել են Հայաստանի քաղավիացիայի հիմնախնդիրներին և Հարավային Սուդանում նոյեմբերի 4-ին տեղի ունեցած ավիավթարին զոհ դարձած 5 հայ օդաչուների խնդիրը դիտարկել Հայաստանում քաղավիացիայի ոլորտում առկա ճգնաժամի համատեքստում: Քաղավիացիայի հարցը ներառվել է ՀԽ լիագումար նիստի օրակարգ և ընդգծվել, որ այն կքննարկվի նաև ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Այնուհետև խորհրդի անդամները քննարկել են ՀՀ հարկային օրենսդրությանն ու փոքր և միջին բիզնեսին առնչվող մի շարք հարցեր: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է բարձրացված հարցերի վերաբերյալ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության հետ համատեղ կազմակերպել քննարկում և լսել նաև գործարարների մտահոգություններն ու առաջարկները:
Հայաստանի արտաքին պարտքի հետ կապված խնդիրները նույնպես դարձել են քննարկման թեմա: ՀԽ անդամները մտահոգություն են հայտնել արտաքին պարտքի աճի վերաբերյալ և նշել, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից համապատասխան վերահսկողական մեխանիզմների բացակայությունն այդ գումարների ծախսման արդյունավետության ուղղությամբ թերահավատություն և բազմաթիվ մութ հարցեր է առաջ բերում հասարակության շրջանում: Հանրային խորհուրդը գտել է, որ պետք է քննարկվեն այդ ծախսերն առավել թափանցիկ և հասարակության համար տեսանելի դարձնելու մեխանիզմներ:
Կարդացեք նաև
Փոքր խորհրդի նիստում քննարկվել է նաև ալյուրի հարստացման ծրագիրը: Նշենք, որ Հանրային խորհրդում այս հարցի վերաբերյալ տեղի են ունեցել մի շարք քննարկումներ, որին մասնակցել են պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ, և քանի որ հարցը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում, Հանրային խորհուրդը գտել է, որ մասնագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները պետք է շարունակվեն, որից հետո հանրությանը ներկայացվեն դրանց արդյունքները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանն առաջարկել է դիմել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՝ ուսումնասիրելու հարցը և ներկայացնելու դրա արդյունքները:
ՀԽ քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը փոքր խորհրդի նիստում ներկայացրել է 2 հարց, որոնք առնչվում են Հայաստանում քաղաքացիական հասարակության աջակցության հիմնադրամի ստեղծմանը և «Պետություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ» սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորմանը:
Ըստ Հովհաննիսյանի, հիմնադրամի ստեղծման նպատակը տեղական աղբյուրներից՝ մասնավորապես ՀՀ պետական բյուջեից ՔՀԿ-ներին տրամադրվող ֆինանսական զգալի միջոցների տրամադրման գործընթացի թափանցիկությունն ապահովելն է և այդ ոլորում ստվերային երևույթներն ու կոռուպցիոն ռիսկերը բացառելը: ՀԽ անդամը կարևորել է նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից որոշ ծրագրեր ՔՀԿ-ներին պատվիրակելու միջոցով սոցիալական գործընկերության մեխանիզմների ու մշակույթի ձևավորումն ու զարգացումը:
ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանի առաջարկով քննարկվել է գյուղատնտեսական ապրանքներն ու դրանց վերամշակումը ինդուստրիալ հիմքերի վրա դնելու հարցը:
ՀԽ լիագումար նիստի օրակարգ կընդգրկվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնալու ընթացակարգին վերաբերող հարցը՝ մասնավորապես կապված Հայ առաքելական եկեղեցում մկրտության փաստը հաստատող փաստաթղթի պահանջի հետ, ինչպես նաև ՀՀ տարածքում առկա օտարալեզու՝ մասնավորապես թուրքերեն տեղանուններին և ընդհանրապես օտարալեզու անվանումներին վերաբերող հարցը:
Նիստի ավարտին ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը ներկայացրել է նույն օրը՝ նոյեմբերի 5-ին, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ անցկացված քննարկման արդյունքները, որը վերաբերել է բուհական գիտության և արդյունաբերության համագործակցությանը: Վազգեն Սաֆարյանը կարևորել է հանդիպումը՝ նշելով, որ Հանրային խորհուրդը կարող է հարթակ ծառայել, որտեղ արդյունաբերողներն ու գիտնականները կներկայացնեն երկուստեք հետաքրքրությունուն ունեցող հարցեր և կփորձեն գտնել համագործակցության եզրեր: Սաֆարյանը հայտնել է, որ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդհանուր աշխատանքային խումբ ձևավորելու և հետագա աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու վերաբերյալ: