«Սա մի որոշում է, որը սերունդների ճակատագրի վրա իր ազդեցությունն է թողնելու»,-Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծում խորագրով կլոր սեղան-քննարկմանը այսպիսի մտահոգություն հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Քննարկումն իրականացրեց «Հանրային քաղաքականության վերլուծության և երկխոսության Ապելլա Ինստիտուտ» վերլուծական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
Ըստ պարոն Կիրակոսյանի՝ դեկտեմբերի 6-ին հանրային գիտակցության ցածր մակարդակ է լինելու, և ընտրական գործընթացն էլ քիչ վստահություն է ներշնչում, կա նաև շտապողականություն:
Ռիչարդ Կիրակոսյանը, հակադարձելով ընդդիմության այն պնդումերին, թե սահմանադրական փոփոխություններն իրականացվում են Սերժ Սարգսյանի վերարտադրության համար, ասաց. «Սա Սերժ Սարգսյանի իշխանության շարունակականության հարց չէ, այս խնդրի առաջ քաշումը ցույց է տալիս երկրի ընդդիմության վարկաբեկված բնույթը»:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը համաձայնեց, որ սա սերունդների վրա ազդեցություն գործելու համար է, բայց իհարկե, դրական իմաստով: Այնուհետև նշեց, թե շտապողականության և ներգրավվածության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, քանի որ քննարկումները 2013-ից ընթանում են:
Ամփոփելով հայտարարեց, թե «մեր նպատակն է հիմք ստեղծել խաղաղ իշխանափոխության համար, քանի որ նա, ով չի ստեղծում հիմքեր խաղաղ իշխանափոխության համար, ինքն իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մի շարք մտահոգություններ հայտնեց «երիտասարդ թոշակառուի սինդրոմի», կայուն մեծամասնության և դատական համակարգի կախվածության մասին: Նա մանրամասնեց. «60 տոկոսը 3/5-ն է՝ հենց կայուն մեծամասնությունը, որն ամրագրված է: Ըստ նոր սահմանադրության՝ առաջին փուլում, եթե մեծ ջանքեր չգործադրեն իշխանությունները, կարող են չստանալ 50 տոկոս, երկրորդում՝ շատ հավանական է ունենալ 3/5, որն է որակյալ մեծամասնությունը: 103-րդ հոդվածով, ընտրական օրենսգրքով քվեարկում են որակյալ մեծամասնության 3/5-ով, այն է կայուն մեծամասնությունը»:
Ավետիք Իշխանյանի համար խնդրահարույց է նաև նոր սահմանադրությամբ ամրագրված ՀՀ նախագահի ընտրության մեխանիզմը. «Առաջին հայացքից լավ է գրված, ստացվում է, որ նա կլինի կոմպրոմիսային անձ: Բայց եթե կարդում եք շարունակությունը, այն է, եթե առաջին փուլում նախագահ չի ընտրվում, բոլոր թեկնածուներն անցնում են երկրորդ փուլ և եթե այս փուլում էլ չի ընտրվում, ապա երրորդ փուլում 3/5 ստացած թեկնածուն անցնում է: Էլի այդ չարաբաստիկ 3/5-ը: Ստացվում է, որ անցնում է իշխող կուսակցության թեկնածուն»:
Դատական համակարգի կախվածության մասին պարոն Իշխանյանն ասաց. «էլի 3/5-ն է ընտրում արդարադատության խորհրդի հինգ անդամներին. այսինքն՝ կայուն մեծամասնությունը: Մենք ունենում ենք 3/5-ից՝ կայուն մեծամասնությունից կախված դատական համակարգ: Նույն բանն է՝ այսօր էլ նախագահից է կախված»:
Դավիթ Հարությունյանը կրկին հակադարձողի դերում էր: Դառնալով երիտասարդ թոշակառուի սինդրոմի մասին մտահոգություններին՝ նա ասաց. «Այսօրվա համակարգն է հնարավորություն տալիս ՀՀ նախագահին չդառնալ երիտասարդ թոշակառու: Օրինակն ունենք՝ Պուտին, Իվանիշվիլի. ի՞նչն էր խոչընդոտում ՀՀ նախագահին հենց այս համակարգով դառնալ վարչապետ, եթե սրա հետ համադրեք նրա հայտարարությունը, որ եթե այս փոփոխությունները տեղի ունենան, չի պատրաստվում զբաղեցնել ոչ ՀՀ նախագահի, ոչ վարչապետի ոչ էլ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնը»:
Դառնալով կայուն մեծամասնության հասկացությունից բխող մտահոգություններին՝ պարոն Հարությունյանն ասաց. «Կայուն մեծամասնությունը այս սահմանադրության համաձայն՝ չի կարող այնպես մեկնաբանվել, ինչպես Դուք եք ասում: Կայուն մեծամասնության առավելագույնը այսքան ժամանակ ապահովել է 54 տոկոս՝ Իտալիան: Այն շատ հեռու է 3/5-ից, ինչը նշանակում է 60 տոկոս: 60-ի մասին խոսք չի կարող լինել»:
Դատական համակարգի մասին հնչեցված մտահոգությանն ի պատասխան պարոն Հարությունյանն ասաց. «Բարձրագույն դատական խորհրդի որոշումը համաձայն նոր սահմանադրության՝ չի կարող մերժել ՀՀ նախագահը: Փաստորեն, այն ավելի կայուն մարմին է, քան այսօրվա արդարադատության խորհուրդը»:
Զարգացնելով այն պնդումները, թե նոր սահմանադրությունը կուսակցություններին ավելի մեծ լիազորություններ է տալիս, պարոն Հարությունյանն այսպիսի համեմատություն արեց. «Ասում են, որ ընդդիմությունը գնում է փողոց, որ հայտնվի խորհրդարանում, բայց մեր ընդդիմությունը գնում է խորհրդարան, հետո դուրս գալիս փողոցում»:
Պատասխանելով ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «սյունեցիներն այո են ասելու» արտահայտության մասին հարցերին, պարոն Հարությունյանն ասաց. «Սա քարոզչություն է, եթե ինձ հարցնեք և ես քարոզչություն իրականացնեմ, ես կասեմ, որ հայ ժողովուրդն «այո» է ասելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ