Երեկ Ազգային ժողովում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել են, թե ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների դեմ պայքարելու համար արդյո՞ք գումար է պետք։
Տեսեք, թե ինչ է պատասխանել Շ. Քոչարյանը. «Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը հետեւողական գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է մարդկանց եւ նրանց գործունեությունն այդ դեպքում ազդում է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա։ Ես մի կոպիտ համեմատություն անեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է այնտեղ ու բոլոր խնձորներին որդնացնում է։ Այսինքն, որդն ընկել է Եվրոպայի խորհուրդ, եւ դա հենց Եվրոպայի խորհրդի կարեւորագույն խնդիրն է»,- նշել է նա։
…Ենթադրում ենք, որ հաջորդ անգամ՝ ԵԽԽՎ-ի հերթական հակահայկական զեկույցից հետո Շավարշ Քոչարյանը կհայտարարի, որ Ադրբեջանը նման է ժանտախտի ցուպիկի, որը վարակել է ամբողջ Եվրոպան: Հաջորդ անգամ մեջբերում կանի Այգեկցու առակներից մեկից ու այսպես շարունակ։
Մի ուրիշ բան էլ նշենք. երեկ Շավարշ Քոչարյանը նաեւ այլ կերպ էլ է բացատրել իրենց դիվանագիտական պարտությունները։ Նա հայտարարել է, թե Հայաստանը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է մի դաշտում, որտեղ փորձում են գումարներով պայքարել քարոզչության դաշտում, որ շատ դժվար է նման կառույցներում հակադրել ադրբեջանական ահռելի նավթադոլարներին։
Կարդացեք նաև
Շավարշ Քոչարյանի տրամաբանությամբ, Ադրբեջանում ընդամենը 10-15 տարի առաջ են նավթ հայտնաբերել։ Մինչ այդ նավթ չեն ունեցել, հետեւաբար՝ նավթադոլարներ նույնպես, որպեսզի ծախսեն միջազգային կառույցներում։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում