ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը 2016 թվականի պետբյուջեն համարում է խեղճ ու կրակ բյուջե ու մեղադրում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Պետք է հասկանանք՝ ինչ ենք ունեցել ու ինչ է ստացել Հովիկ Աբրահամյանը: 11,4 աղքատության շեմով Տիգրան Սարգսյանը եկավ վարչապետ, իսկ երբ կաքավի պես հասավ դեսպանի աթոռին թողեց 36 տոկոս աղքատություն: Ինչն էր պատճառը, որ նա վեց տարվա ընթացքում իմ երկրում աղքատների բանակն ավելացրեց, արդյոք պատերազմ էր, ջրհեղեղ: Տիգրան Սարգսյանն ասում էր՝ ինչ տնտեսական ճգնաժամ էլ լինի Եվրոպայում, մենք կհաղթահարենք, նա գիտեր, որ երկու տարում ՀՀ տնտեսությանը բերել է այն վիճակի, որ ոչինչ չի կարող լինել, եթե ատամ չունես, ատամնացավ էլ չես ունենա: Տիգրան Սարգսյանի ջանքերով՝ աուդիտը հասավ զրոյական վիճակի, որ մարդիկ չկարողանան իրենց իրավունքները պաշտպանել »,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Ի տարբերություն նախկին վարչապետի, Գուրգեն Եղիազարյանը դրական է տրամադրված Հովիկ Աբրահամյանի նկատմամբ ու դրական սպասելիքներ ունի նրանից. «Ինչի հանդիպեց Հովիկ Աբրահամյանն առաջին օրը, երբ եկավ գործի, հարյուրավոր մարդկանց միտինգի. նաիրիտցիներ, կենսաթոշակային բողոքավորներ, «Զվարթնոց» օդակայանի օդաչուներ, պետական կարիքների համար իրենց բնակարանները կորցրած քաղաքացիներ: Մեկ տարվա ընթացքում այդ մարդիկ այլեւս հրապարակում չեն: Այս վարչապետը, որին փորձում են քննադատել, հենց նրա շնորհիվ այս ամեն ինչն ավարտվեց, այդ մարդիկ ստացան իրենց պատասխանները: Հովիկ Աբրահամյանը աշխատում է Տիգրան Սարգսյանի արածները գոնե զրոյական մակարդակի հասցնել: Դրա համար այս բյուջեն իրոք խեղճ բյուջե է, ապագայի համար հաշված է 2,3 տոկոս տնտեսական աճ: Այո, լավ չէ, բայց գոնե այս բյուջեով քաղաքացուն չենք խաբում, ոսկե սարեր չենք խոստանում: Բայց աչքներս լույս, Տիգրան Սարգսյանը ավելի բարձր պաշտոնի է գնալու՝ ԵՏՄ»:
«Դուք գոհ չեք, որ նախկին վարչապետը ԵՏՄ-ում էլ է վարչապետ»,- Գուրգեն Եղիազարյանին հարցրեց նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Կարդացեք նաև
«Չեմ ցանկանում՝ նա ԵՏՄ-ն քայքայի Հայաստանի պես»,- պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը:
Ազատ Արշակյանի խոսքով, հաջորդ տարվա բյուջեն պետք է լիներ խրախուսական բյուջե, բայց չեղավ. «Ոստիկանության եւ ԱԱԾ-ի բյուջեն պետք է կրկնապատկվեր, որովհետեւ մարտահրավերներ ունենք, տեխնիկական հագեցվածությունը պետք է մեծանար, բայց չմեծացավ, ու ես համարում եմ դա բյուջեի թերություն: Բյուջեի սոցիալական լինելու մասին չի կարելի խոսել, եթե չունենք տնտեսական աճ: 2,2 տոկոս տնտեսական աճը սոցիալական կատաստրոֆա է նշանակում»:
Նա նաեւ ասաց, որ հանրաքվեին վարչապետին շտաբի պետք նշանակելը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է. «Գերծանրաբեռնված կառավարությունը քաղաքական ու հասարակական աշխատանքով, առողջություն ցանկանանք Հովիկ Աբրահամյանին, որ ողջ առողջ մտնի հաջորդ տարվա կվարտալը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ