Հատված ԿԸՀ նախագահ ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ հետ հարցազրույցից:
-Ընտրացուցակներն արդեն հրապարակվել են. հաջողվե՞լ է դրանք հնարավորինս մաքրել։ Նկատի ունեմ ցուցակներում չկա՞ն տարբեր տարիներին Հայաստանից արտագաղթած, արտագնա աշխատանքի մեկնածների տվյալները:
-Իհարկե, ընտրացուցակներում կգտնենք երկրից բացակայող անձանց անունները: Եվ դա բնական է: Ինչո՞ւ. որովհետեւ ընտրողների ցուցակները կազմվում են ընտրողների ռեգիստրի տեղեկատվության հիման վրա, ուր հաշվի է առնվում երկու կարեւորագույն պայման. առաջին՝ անձը ՀՀ քաղաքացի է, ունի ընտրելու իրավունք, երկրորդ՝ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում: Սա է ընտրացուցակների կազմման մեթոդաբանությունը։
Բայց երբ հայտարարվում է, թե ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը տարբերվում է բնակչության թվից, ու վկայակոչվում են մարդահամարի տվյալները, փաստորեն, փորձ է արվում երկու տարբեր բաներ խառնել իրար, շփոթ ստեղծել։ Ես այստեղ քաղաքական շեշտադրումներ եմ տեսնում:
Կարդացեք նաև
Մարդահամարը հետեւյալ մեթոդաբանությամբ է իրականացվում. տրվում է տեղեկատվություն առկա բնակչության եւ ժամանակավոր բացակայողների մասին, որպիսին համարվում է մինչեւ 1 տարի ժամանակով իր մշտական բնակության վայրից բացակայած անձը: Եթե անձը 1 տարի 6 ամիս ժամանակով բացակայում է Հայաստանից, ապա նրա վերաբերյալ մարդահամարում տեղեկություններ չեն լինում, մինչդեռ նրա տվյալները լինում են ընտրողների ռեգիստրում:
Ընտրացուցակների ստեղծման մեթոդաբանությունը այլ է. ցուցակներում ընդգրկվում են այն բոլոր քաղաքացիների անունները, որոնք ՀՀ-ում ունեն հաշվառում: Այսինքն՝ եթե մարդը 5 տարի առաջ է հաշվառվել ու հաշվառումից դուրս չի եկել, նրա անունը պետք է լինի ցուցակում, անկախ նրանից՝ այդ պահին Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ:
Ինչպե՞ս կարելի է մարդուն չներառել ընտրացուցակում, եթե նա դիմում չի ներկայացրել, չի տեղեկացրել հաշվառումից դուրս գալու մասին, չէ՞ որ անձը կարող է քվեարկությունից մեկ օր առաջ գալ Հայաստան ու մասնակցել ընտրություններին։
Ամենեւին այն կարծիքին չեմ, թե ընտրողների ցուցակներն ուռճացված են. այդպիսին կարող էր լինել այն դեպքում, եթե օրենքով թույլ չտրվեր նման անձանց տվյալների ներմուծումը ցուցակներում, բայց նրանք ներառված լինեին:
Գիտեք, ընտրացուցակները կազմվում են ոչ թե ինչ-որ մեկի ցանկությամբ կամ ինչ-որ մեկի իղձերի արգասիքն են, այլ կազմվում են օրենքի պահանջի համաձայն: Եթե օրենքի խախտմամբ է անձի անունը հայտնվել ցուցակում, դա այլ բան է: Բայց եթե օրենքն ասում է, որ անձը շարունակում է հաշվառված մնալ ՀՀ-ում անգամ իր բնակության վայրից բացակայության դեպքում, ապա նրա վերաբերյալ տեղեկությունը պետք է ներառված լինի ընտրողների ցուցակում։ Այս դեպքում արդեն ի՞նչ ուռճացվածության մասին է խոսքը:
Գուցե օրենքի կանոնակարգումը ինչ-որ մեկին դուր չի գալիս, ինչ-որ մեկի ճաշակով չէ, դա դեռ չի նշանակում, որ ընտրողների ցուցակը ուռճացված է:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում