Ընդդիմադիր պատգամավորը 2016-ի բյուջեն իրատեսական է համարում`
ուռճացված թվերից զերծ
Երեկ խորհրդարանում շարունակվող 2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն անհանգստություն էր հայտնել առ այն, որ Հայաստանի արտաքին պարտքը մոտենում է 6 միլիարդի` կազմելով ՀՆԱ-ի համարյա 50 տոկոսը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարել էր, որ վիճակը բարդ է, բայց պատգամավորն անհանգստանալու կարիք չունի, ու խոստացել է, որ պատգամավորի հետ առանձնազրույցում մանրամասն կներկայացնի, թե ինչ է սպասվում Հայաստանին առաջիկա տասնամյակների կտրվածքով: «Առավոտը» Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` ի՞նչ խոսեցին Պավել Սաֆարյանի հետ, ի՞նչ ապագա է սպասվում Հայաստանին: «Ես կարծում եմ՝ իմաստ չունի Պավել Սաֆարյանի հետ այսօր քննարկել, թե 80 տարի հետո ինչ կարող է լինել, որովհետեւ մենք չգիտենք, թե մեկ տարի հետո ինչ կլինի»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ներկայիս տենդենցները բավական մտահոգիչ են, եւ անգամ կառավարության պաշտոնյաները դժվարանում են հստակ կանխատեսել, թե ինչպիսին կլինի 2017-ի բյուջեն, ինչ մարտահրավերների առջեւ կկանգնենք, մանավանդ, որ օր օրի ավելանում է արտաքին պարտքը, ներդրումային ֆոնը մեր երկրում այդքան էլ տեսանելի չէ, բայց նոր վարկերի ձեռք բերման ֆոնն ակնհայտ է: «Կարծում եմ՝ մտահոգվելու շատ բան կա: Կառավարությունն, իհարկե, քայլեր ձեռնարկում է, բայց ռադիկալ քայլերի անհրաժեշտություն կա»,- ասաց մեր զրուցակիցը: Հետաքրքրվեցինք` ի՞նչ նկատի ունի ընդդիմադիր պատգամավորը` ռադիկալ քայլեր ասելով. համամի՞տ է իր այն գործընկերների հետ, որ կառավարական տարբեր դահլիճների ոսկեզօծման վրա գումարներ չպետք է ծախսել, պետք է հրաժարվել թանկարժեք գործուղումներից, մեքենաներից եւ այլն ու ավելի համեստ ռեժիմով ապրել:
«Այդ ուղղությամբ էլ պիտի ծախսերը մեղմվեն, քանի որ այն սոցիալական վիճակը, որը տիրում է երկրում, մեզ իրավունք չի տալիս շռայլություններ թույլ տալ: Բայց մեր դահլիճները, ես կարծում եմ, անկախ ամեն ինչից, բարվոք վիճակում պիտի լինեն, որովհետեւ արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրերի ենք ընդունում: Կոնկրետ այսօրինակ ծախսերը մի փոքր խնդիր միայն կարող են լուծել, եւ երբ ես ասում եմ՝ ռադիկալ քայլեր, նկատի ունեմ, որ մենաշնորհների, կոռուպցիայի եւ օլիգոպոլիաների դեմ հայտարարված պայքարը պետք է ավելի տեսանելի ու շոշափելի լինի: Ինչ-որ քայլեր արվում են, հասկանում եմ, որ այդ ճանապարհին նաեւ բազում խոչընդոտներ կան, բայց եթե դուրս չգանք «մերոնք եւ ձերոնք» տրամաբանությունից ու նաեւ «մերոնց» ոտքը չտրորենք, ապա այս իրավիճակից արժանապատիվ դուրս գալը բարդ է լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով, որ իշխանությունում պետք է հասկանան, որ հոգեբանություն պետք է փոխել, որ արտոնյալներ ու հովանավորյալներ չպիտի լինեն այլեւս, քանզի երկիրը կորցնելու խնդրի առջեւ ենք կանգնած: Ասվածի համատեքստում նկատեցինք, որ ոչ վաղ անցյալում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց գործարար, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեության սեւ ու մութ կողմերի մասին շրջանառվող լուրերի մասին ու պատկան մարմիններին հանձնարարեց ստուգել դրանց իսկությունը, երկու օր առաջ խորհրդարանում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողներին ասել է, որ ստուգել են ու անօրինական ոչինչ չեն հայտնաբերել. հետաքրքրվեցինք` ինչպե՞ս է ընդդիմադիր պատգամավորը վերաբերվում այս ամենին:
«Մինչեւ փաստեր չլինեն, չեմ կարող այդ մասին կարծիք հայտնել: Կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ բավականին խիստ մոտեցում է եղել շուրջ մեկ տարի, Գագիկ Ծառուկյանն էլ այնքան միամիտ գործարար չէ, որ հնարավորություն տար թերություններ գտնել: Հավանաբար, նա գործարարի իր պարտավորությունները կարողացել է կատարել` հիմքեր չթողնելով, որ ավելի խոցելի դառնա»:
Կարդացեք նաև
2016 թվականին կառավարությունը կանխատեսել է 4-4,5 տոկոս գնաճ: Աշխատավարձերի եւ կենսաթոշակների ավելացում նախատեսված չէ: Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ սա նշանակում է, որ ճիշտ գնաճի չափով ծանրության բեռ են զգալու ՀՀ քաղաքացիները եկող տարի: Ամեն դեպքում նա հուսադրող է համարում արտահանման աճի եւ ներկրման նվազման մասին կառավարության պաշտոնյաների հավաստիացումները: «2016 թվականը ծանր տարի է լինելու: Բայց ինձ մի բան է գոհացնում. ուռճացված թվեր այլեւս չեն ներկայացվում: Վագրային թռիչքներով տնտեսական աճ, որն այդպես էլ չտեսանք, չի հրամցվում (իր իշխանության տարիներին Հայաստանի վագրաձեւ տնտեսական թռիչքի մասին հայտարարում էր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը-Ն. Գ.): 2016 թվականի բյուջեն, կարծում եմ, իրատեսական է, առանց մխիթարական խոսքերի: Դժբախտաբար, ընդհանուր վիճակը մխիթարական չէ, ժողովուրդն էլ իր կյանքում բարեփոխումներ չի տեսնում: Ուստի ռադիկալ միջոցներ են պետք այս վիճակից դուրս գալու համար, եւ ես վստահ եմ, որ այդ գումարը Հայաստանում կա»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.11..2015