Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ խայտառակ զեկույցի մասին. «Այս ձևակերպումների առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»

Նոյեմբեր 06,2015 12:08

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հարցերով հանձնաժողովի ընդունած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել, ավելին` այն ամենայն հավանականությամբ կընդունվի նաև հունվարին՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում:

Aravot.am-ը Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեց՝ այս զեկույցն ինչի՞ արդյունք է՝ հայկական պատվիրակության և արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ-ի թերացմա՞ն, թե ԵԽԽՎ-ի կողմից գործող երկակի չափանիշների:

Նա պատասխանեց. «Ձեր նշած փաստաթուղթը ԵԽԽՎ Քաղաքական հանձնաժողովը հաստատել է և այն այլևս բանաձևի նախագիծ է, որը քննարկվելու է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին: Խայտառակ ձևակերպումներով և ծայրից ծայր միակողմանի: Հանրահայտ է, որ նման փաստաթղթերի նախաձեռնումն ու ձևավորումը տարիների աշխատանք է, որին ներգրավված են երկու երկրների պետական ամենաբարձր կառույցները: Իրականում սա ոչ թե պատգամավորների կռիվ է, այլ պետությունների, և այդ առումով այս ձևակերպումների առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, իր արտաքին քաղաքական թիմը` աշխատակազմի ղեկավարով և բազմաթիվ դիվանագիտական խորհրդականներով ու օգնականներով, հետո միայն ԱԳՆ-ն և վերջապես ԵԽԽՎ պատվիրակության ՀՀԿ պատգամավորները, որոնք նման հարցերում գործում են արտաքին քաղաքականությունը մշակող մարմինների հրահանգներով»:

Պարոն Կարապետյանի համոզմամբ՝ եթե այդ բանաձևն ընդունվի`դա կլինի Սերժ Սարգսյանի իշխանավարման բացասական արդյունքների գագաթնակետը:

Դառնալով արդարացումներին՝ պարոն Կարապետյանն ասաց. «Իսկ այն արդարացումները, որոնք իրենց ոճով կրկնում են ադրբեջանցիների մեկնաբանությունները ամառային նստաշրջանից հետո, երբ ընդունվեց հակաադրբեջանական բանաձև, միայն ներքին սպառման համար են և կոչված են քողարկելու դիվանագիտական ամենախոշոր ձախողումը»:

Զեկույցում ամրագրված են մի շարք հակահայկական դրույթներ. օրինակ՝ կոչ է արվում «հրավիրել Մինսկի խմբի լիագումար նիստ, եւ Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ սահմանել ու ապահովել նրա անվտանգությունը եւ ներքին ինքնակառավարումը, ինչպես նաեւ «համաձայնեցված միջանցք ստեղծել Հայաստանի եւ ԼՂ միջեւ ու այլ վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ միջանցք դեպի Նախիջեւան»: Այս դրույթներից դատելով՝ արդյոք կարո՞ղ ենք ասել, որ սա չափազանց վտանգավոր զեկույց է Հայաստանի համար և մշտապես օգտագործվելու է Ադրբեջանի կողմից հակահայկական քաղաքականության իրականացման համար. մեր այս հարցին Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց. «Հայաստանի հանրությունն առաջին անգամ ծանոթացավ «միջանցք դեպի Նախիջևան» եզրին: Այն չէր կարող օդից առաջանալ, հնարավոր է, որ բանակցային սեղանին նույնպես այն առաջարկվում է Ադրբեջանի կողմից»:

Դառնալով բանաձևի նախագծի ճակատագրին՝ պարոն Կարապետյանն ասաց. «Հայկական կողմն ամեն բան պետք է անի, որ այն չանցնի, այլապես կխախտվի դիրքային փխրուն բալանսը հօգուտ Ադրբեջանի, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հայաստանի պատվիրակութիւնը ոչ մէկ բան բէր կարող անել, կանխելու համար Եւրոպայի այս հարուածը Հայութեան ու Հայաստանի դէմ:

    Նոյնն է եղել վիճակը Հայաստանի բոլոր պատվիրակութիւնների, միջազգային բոլոր ժողովներին, ամբողջ Պատմութեան ընթացքում:

    Արեւմուտքը մեր դէմն է, եւ միշտ այդպէս է եղել:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30