Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին. «Նրա ասածները շատ հեռու են իրականությունից»

Նոյեմբեր 06,2015 12:02

Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է  2013-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների դեպքով Հայկ Ալումյանի բողոքը: Հիշեցնենք, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել. Հայկ Ալումյանը պահանջում է արդարացնել իր պաշտպանյալին:

«Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը ստեղծվել է մի նպատակով, որ նրա գործողությունները, ներկայացնելով քրեաիրավական կոնտեքստում, արդարացնեն Սուրիկ Խաչատրյանի, նրա որդու ու թիկնապահի կրակոցները: Թեեւ որպես պատիժ դատարանը տուգանք էր նշանակել Արտակ Բուդաղյանի նկատմամբ ու համաներմամբ ազատել, բայց այդ դատավարությունը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի, որովհետեւ քննչական մարմիններն ու դատախազությունը փորձում են պաշտպանել Սուրիկ Խաչատրյանի հանցավոր գործողությունները: Մենք պահանջում ենք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն Տիգրան Խաչատրյանն ու մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը»,- ասաց փաստաբանը:

Պարոն Ալումյանի խոսքով, ինքը միաժամանակ արդեն Եվրոպական դատարան է դիմել այս գործով:

Անդրադառնալով մարզպետի դեմ մահափորձի դեպքին՝ անարդար համարեց Արա Բուդաղյանին կալանավորելը. «Արա Բուդաղյանին կալանավորել են իբրեւ թե Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա տեղի ունեցած կրակոցներին մասնակից: Մինչեւ հիմա կալանքի տակ է ու կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու որոշում կա: Որ նախաքննական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակող չդառնամ, միայն կասեմ, որ այն ամենը, ինչ իմ պաշտպանյալի դեմ են օգտագործում, իմ պաշտպանյալի մասին որեւէ տեղեկություն չի պարունակում: Մտավոր վարժությունների արդյունքում ենթադրությունների հիման վրա կապ են փորձում ստեղծել իմ պաշտպանյալի ու այդ դեպքի միջեւ: Թող քննեն այդ գործը, բայց իրականությունը պարզեն»:

Փաստաբանի պնդմամբ, իրավաբանությունն այս գործում գլխիվայր շուռ է եկել, 180 աստիճանի սխալ որոշումներ են կայացվում. «Ով զոհ է՝ քրեական պատասխանատվության է ենթարկվում, ով պետք է կալանքի տակ գտնվի՝ ազատության մեջ է, մեղավորը զոհի կարգավիճակում է: Այդ խնդիրը հետեւողականորեն բարձրացնելու ենք միջազգային ատյաններում»:

Անդրադառնալով նախօրեին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պնդումներին, թե իր մահափորձի մեղավորը խոստովանել է իր արարքը, փաստաբանը հերքեց, ասաց կամ գիտակցաբար կամ անիրազեկ լինելու պատճառով տարածվող ապատեղեկատվություն է. «Նրա ասածները շատ հեռու են իրականությունից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30