Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու արդյունաբերական հիմնարկներից աշխատակիցները կրճատվում են

Նոյեմբեր 06,2015 15:30

Չնայած Լոռու մարզում արդյունաբերության աճ է գրանցվել, այդուհանդերձ՝ համաշխարհային շուկայում մետաղի գների նվազմամբ պայմանավորված՝ այս մարզում արդյունաբերության հիմնարկների աշխատակիցների թվի կրճատում է տեղի ունեցել: Այս մասին փաստում է նաեւ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Ըստ նրա՝ մարզում առկա խնդիրներն անմիջականորեն կապված են աշխարհաքաղաքական իրավիճակի հետ: Արթուր Նալբանդյանը չի բացառում, որ կադրային կրճատումներ կլինեն ինչպես Թեղուտի եւ Ալավերդու պղնձամոլիբդենային գործարաններում, այնպես էլ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում: Իսկ ինչ վերաբերում է Արմանիսի ոսկու-բազմամետաղային հանքավայրի շահագործումն իրականացնող «Սագամար» ընկերությանը, ապա այստեղ այսօր իսկ 2/3 աշխատավարձի չափով աշխատողների մեծ մասը տուն են ուղարկվել: «Եթե այսպես շարունակվի՝ համաշխարհային շուկայում մետաղի գները չփոխվեն, ապա մինչեւ հունվար այդ աշխատակիցները կմնան 2/3-ով աշխատավարձի մեջ, բայց, իհարկե, աշխատանքի չեն ներկայանա»,- կանխատեսում է պարոն Նալբանդյանը: Ըստ նրա. «Լոռու մարզը արդյունաբերական մարզ է, եւ մեր տնտեսության 76 տոկոսը եւ ավելին ապահովում է հենց արդյունաբերությունը»:

Մարզպետի խոսքերով. «2014թ.-ի դեկտեմբերին, երբ շահագործվեց Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանը, մարզի արդյունաբերական ցուցանիշները կտրուկ աճ արձանագրեցին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարվա արդյունաբերության աճը կազմում է շուրջ 178.9 տոկոս: Սա, իհարկե, ազդում է ոչ միայն մարզի տնտեսության զարգացման ցուցանիշների, այլեւ, բնականաբար, հանրապետական ցուցանիշների վրա: Եթե 2014թ.-ի ընթացքում ընկերության թողարկած արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է 69 միլիարդ 941 միլիոն դրամ, ապա 2015թ.-ի միայն առաջին կիսամյակում այդ թիվը կազմել է 57 միլիարդ 689 միլիոն դրամ: Այս թվերը փաստում են, որ Թեղուտի պղնձամոլիբդենային գործարանը տնտեսության զգալի աճ արձանագրեց»:

ԳՈՀԱՐ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.11..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30